Փողոցում հանդիպած ամեն ոք նրան տեսնելով անմիջապես բարիանում է ու ակամա արտասանում թատրոնում ու կինոյում հնչած նրա բառերը, ամեն մեկը երիտասարդանում է: Երվանդ Մանարյանն այդպիսին է: Նրա արվեստն ապրեցնող է, մաքրող, երջանկացնող: Եվ բնավ պատահական չէ, որ օրերս Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում այնքա՜ն մարդ էր հավաքվել: Մեծարում էին Երվանդ Մանարյանին իր 70-ամյակի առիթով: Մենք այսքան շուտ ինչպես ծերացանք: Ինքը մնաց երիտասարդ, ջութակիՙ ազնվագույն գործիքի իր էությամբ նվագելով լույսի, բարության, երիտասարդության հավերժական հիմնը:
Երբեք իրեն առաջ չի մղել, երբեք չի մտել «թայֆաների» մեջ: Իր գործն է արելՙ անխառն արտիստի իր կեցվածքը պահելով: Ու ամեն ինչում տաղանդավոր է եղել: ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը նշեց Երվանդ Մանարյանի տաղանդի մեկ կողմը եւս. «Աննկատ մնալու տաղանդ ունի: Մարդը, որն իր գործը որքան լուռ, սուսուփուս ու աննկատ է անումՙ այնքան ավելի է երեւում: Նրա գույնը, նրա տեսակը բոլորովին տարբերվում է, բոլորից տարբերվում է»:
Թատրոնում եղել է, կինոյում եղել է, հիմա էլ իր թատրոնն ունիՙ «Ագուլիսը», որը վարպետը համարում է «ապագա իշխանությունների եւ ընդդիմության դաստիարակման դպրոց»: Սակայն նա լավ գիտի, որ արտիստը կայանում է բեմում, էկրանին: Դժբախտաբար դրա հնարավորություններն այսօր անչափ սահմանափակ են: «Արվեստագետը պիտի աշխատի, արտիստը պետք է բեմ դուրս գա, խաղա, չէ՞,- ասում է Երվանդ Մանարյանը: - Բա որ արտիստը չխաղա՞, տարին մեկ անգամ բեմ դուրս գաՙ ի՞նչ արտիստ»: Նա համոզված է, որ Հայաստանում թատերական կյանքը դեռ հեռու է ցանկալիից:
Այնուամենայնիվ, գոնե այսպիսի առիթների դեպքում մենք մեզ մխիթարում ենք, որ մեր վարպետներից ոմանք դեռ մեր կողքին են: Եվ ընդամենը երկրորդ 40-ամյակը լրացրած Երվանդ Մանարյանից մենք դեռ շատ պահանջներ ունենք: Իր պահանջը մեկն էՙ բեմ ելնելու հնարավորություն: Աստված տա, որ դա իրականանա:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ