Հոկտեմբերի 5-ին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ դպրանոցի նոր մասնաշենքի բացման արարողությունը:
Հարմարավետ կացարաններով, դահլիճով եւ այլ ընդարձակ սրահներով եռահարկ մասնաշենքը կառուցվել է Հայ եկեղեցու ազնիվ նվիրյալներՙ դամասկոսաբնակ տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյանների բարերարությամբ:
Բացման արարողությունից հետո շարականների երգեցողության ներքո ներկաներն ուղղվեցին դեպի նորակառույց շինության դահլիճ: Ողջունելով հյուրերինՙ նորանշանակ տեսչի պաշտոնակատար Տ. Մկրտիչ աբղ. Պռոշյանը, որ դպրանոցի շրջանավարտներից է, ճեմարանականների ու պաշտոնեության անունից իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ հայրապետին ու եկեղեցանվեր բարերարներին, որոնց հոգատար վերաբերմունքի շնորհիվ դպրանոցի սաներն այսուհետեւ իրենց ուսումը կշարունակեն էապես բարելավված պայմաններում:
Ներկաներին իր խոսքն ուղղեց նաեւ տիար Գառնիկ Յակուբյանըՙ իր հարգանքն ու գնահատանքը հայտնելով Ամենայն հայոց հայրապետին, որ առիթ ընձեռեց իրենց աջակցելու աստվածահաճո այս ձեռնարկին:
Հանդիսության ավարտին հայրապետական օրհնության եւ գնահատանքի խոսքով ներկաներին դիմեց Նորին սրբությունը: «Վստահ ենք, որ այս պայմանները նոր խրախույս պիտի լինեն մեր սաների համար, որպեսզի առավել ժրաջանությամբ նվիրվեն ուսման գործին, առավել նախանձախնդրությամբ կարողանան պատրաստել իրենց անձը հոգեւոր սպասավորության նվիրական գործին», ասաց Վեհափառ հայրապետն իր խոսքումՙ իր գնահատանքը հայտնելով Յակուբյան ընտանիքին, ՀԲԸՄ նախագահներին ու անդամներին եւ բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց գործունեությամբ մշտապես զորակցում են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն: