Այս տարվա 400 հարուստների ցուցակում երկու հայեր համապատասխանաբար զբաղեցնում են 30-րդ եւ 327-րդ հորիզոնականները, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 2-ի համարը:
Առաջինը Քըրք Քըրքորյանն է, որի հարստությունը գնահատվում է 5.8 միլիարդ դոլարՙ ներդրումներից եւ կազինոներից: Երկրորդ աշխարհամարտի օդաչուն իր առուծախի կարիերան սկսել է 1960-ականներին, երբ վաճառելով «Տրանս ինտերնեյշնլ էրլայնզ» ավիաընկերությունը ձեռք է բերել է 104 մլն դոլարի եկամուտ: Գումարի տոկոսները ներդնելով Լաս Վեգասում ձեռք է բերում «Ֆլամինգո» հյուրանոցը 1967-ին եւ կառուցում «Ինտերնեյշնլ» հյուրանոցը 1969-ին: Մեկ տարի անց նա վաճառում է երկու հյուրանոցները «Հիլթոն» հյուրանոցային ընկերությանը: Այնուհետեւ սկսում է «Մետրո Գոլդուին Մայեր» կինոստուդիայի ոդիսականը, որն, ինչպես երեւում է, իր ավարտին է հասնում, այն «Սոնի» ընկերությանը վաճառելով: Ամուսնացած, բաժանված է եղել երեք անգամ եւ ունի երկու զավակ: Ապրում է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում:
Երկրորդը Ռիչարդ Ալեքսանդր Մանուկյանն է, որի հարստությունը գնահատվում է 950 միլիոն դոլար, որը գոյացել է հիմնականում «Մասկո» ընկերությունը հորից ժառանգելու եւ զարգացնելու միջոցով: Ամուսնացած է եւ ունի երեք զավակ, բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանից: Որդին է ՀԲԸՄ-ի երկարամյա նախագահ Ալեք Մանուկյանի: 19-րդ եւ 20-րդ դարերի ամերիկյան արվեստի սիրահարներից է, ունի հարուստ հավաքածու:
Հ. Ծ.