«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՀՀ ԵԿՈՂ-ԳՆԱՑՈՂԻՆՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ 2007 Թ. ՄԱՐՏԻՆ

Այսուհետեւ ինքնաթիռով Երեւան ժամանած կամ հետդարձի ճանապարհը բռնած անձինք Արգավանդի խաչմերուկից օդանավակայանի խաչմերուկ ճանապարհահատվածը կանցնեն ավելի հարմարավետ: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, մասնագետների հավաստիացումներով, լավագույնս նորոգել է նշված երկկողմանի 3,5 կիլոմետր (երկու ուղղությունըՙ 7 կիլոմետր) ճանապարհահատվածը: Նորոգումն արժեցել է 500 հազար ամերիկյան դոլար, կատարվել է ասֆալտի հնարավոր երկարակեցություն ապահովելու սկզբունքով, օգտագործվել է 1500 տոննա ասֆալտ: Բացառված չէ, որ ընկերությունը ժամանակ անց որոշի նորոգել «Զվարթնոց» օդանավակայան տանող մեկ այլ ճանապարհահատված: Իսկ ներկայում ընթանում են 18 հազար քառակուսի մետր տարածքով նոր տերմինալի (համալիրի երկարությունըՙ 120, լայնությունըՙ 35 մետր) շինարարական աշխատանքներ, որոնք սկսվել են հունիսին եւ կավարտվեն 2007 թ. մարտին: Հողային աշխատանքներն ավարտված են: Շուրջ 50 մասնագետներ տեղում հավաքում են բետոնի գործարան եւ ամրանային կոնստրուկցիաներ, որոնք ամրանային երկու տարածական ցանցերի մեջ տեղադրված պլաստմասսայե գնդերի միջոցով նպաստելու են կառույցի սեյսմակայունությանը: Նշված կոնստրուկցիաները ծառայելու են որպես միջնապատեր:

Նոր համալիրը կապուղու միջոցով միացվելու է ներկայում գործող համալիր1-ինՙ մեկնումների հարկի մակարդակում: Այն ունենալու է բետոնե հիմքով հարթակ, որտեղ տեղակայվելու են սեյսմիկ մեկուսիչները: Հաջորդելու են երկու միջնահարկեր: Ստորին հարկից իրականացվելու են ժամանումները, մեկնումները լինելու են վերին հարկով: Միջնահարկի միջանցքով, ուղեւորները հայտնվելու են օդանավում: Նոր համալիրի երեք փուլից բաղկացած 50 մլն դոլար արժողությամբ շինարարական աշխատանքների ավարտից հետո «Զվարթնոց» օդանավակայանը կհամապատասխանի օդանավակայանները վերահսկող բոլոր միջազգային կազմակերպությունների չափանիշներին, ուղեւորներն էլ կունենան բարձրակարգ սպասարկում:

Երկուսուկես տարում կբացառվեն առայժմ հիմնավորվող դժգոհությունները: Ի դեպ, այս տարի նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում 27 տոկոսով ավելացել է ուղեւորահոսքը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4