«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ՍԿՍԵԼ Է ՄԱՍ ԿԱԶՄԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԹՆԻԿ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻՆ»

Լույս է տեսել Անահիտ Տոնիկյանի «Համով-հոտով. Հայ ընտանիքին լավագույն նվերը» աշխատությունը

«Իմ փափագն ու երազն է այս գիրքը հրատարակել նաեւ արեւելահայերենով, որ Հայաստանում եւս գործածեն», ասում է բեյրութահայ Անահիտ Տոնիկյանը, որը Լիբանանում հայտնի անուն, սփյուռքահայ վաստակաշատ հրատարակիչ Փարամազ Տոնիկյանի այրին է: Գերդաստանի արդեն երրորդ սերունդը զբաղվում է տպագրական գործովՙ շարունակելով Փարամազի հորՙ Կիրակոս Տոնիկյանի սկսածը: «Կիրակոս Տոնիկյան եւ որդիք» տպագրատունը Բեյրութում զբաղվում է հայապահպան մեծ առաքելությամբՙ լույս ընծայելով դպրոցական դասագրքեր, բառարաններ, պատմագրական աշխատություններ, երազահաններ: Կարելի է առանձնացնել հատկապես «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն», «Հայրենի հայրեններ» մեծածավալ հրատարակությունները:

Հրատարակչատունը տասը հազար տպաքանակով հրատարակել է Անահիտ Տոնիկյանի հեղինակած «Համով հոտով» շքեղ մեծածավալ հատորը: Խոհանոցային արվեստի այս յուրատեսակ ընտրանին բովանդակում է հայկական, արաբական, եվրոպական, արեւելյան, ասիական խոհանոցի համբավավոր ստեղծագործություններ: Գիրքը հասցեագրված է ոչ միայն Լիբանանի 100 հազարանոց համայնքին, այլեւ ամերիկյան սփյուռքի, եւ հայաստանյան ընտանիքներին: Ավելի քան 850 բաղադրատոմսերից յուրաքանչյուրը բծախնդրորեն պատկերազարդված է, ուտեստի պատրաստման ընթացքը հեշտացնելու համար նկարների տակ զետեղված են նաեւ օժանդակ, հնարավորինս մատչելի բացատրություններ: Այնպես որ, նույնիսկ արեւմտահայերենին քիչ ծանոթ հայաստանցի տնտեսուհին հեշտությամբ կարող է օգտագործել գիրքը:

Այն 33 հազար տպաքանակով հրատարակվել է նաեւ արաբերենով եւ ընդամենը 3 ամսվա մեջ ամբողջությամբ սպառվել: Երկու շաբաթ առաջ ավարտվեց եւս 50 հազար տպաքանակի լույս ընծայումը արաբերենով: Անահիտ Տոնիկյանը հավաստում է, որ արաբները «անչափ հավաս ունեն հայկական կերակուրների» եւ հատուկ գալիս են հայկական ռեստորանՙ ուտելու մանթի, քյուֆթա, թաթար-բորակի, խաշ ու հարիսա: Դա նշանակում է, որ հայկական խոհանոցը կամաց-կամաց սկսել է ճանաչվել աշխարհի էթնիկ խոհանոցների շարքում:

«Իմ մտադրությունը եղել է հայկական խոհանոցը ներկայացնել դրսի աշխարհում: Գրքի մի բաժնում հայկական տոհմիկ կերակրատեսակներն են: Բայց մեր ժամանակներում հենց մենքՙ հայերս, էլ չենք կարող բավարարվել միայն հայկական կերակուրներով: Նոր սերնդի համար, անչափ փոքրացած աշխարհում տուրիստական արժեք է դարձել նաեւ ազգային խոհանոցը: Տեսարժան վայրեր դիտելու հետ ուզում են նաեւ նոր բաներ համտեսել», ասում է Անահիտ Տոնիկյանը: «Համով-հոտովի» մեջ ներկայացված են եվրոպական խոհանոցների մեջ «ամենահամով իտալականը», չինական հռչակված կերակրացանկն ու ճապոնական «սուշին»: Գիրքը բովանդակում է նաեւ ընդհանրական գիտելիքների մի ճոխ բաժինՙ մթերքների պահպանության, համեմունքների ճիշտ օգտագործման, ճաշակավոր սեղանի պատրաստման, օգտագործվող սննդի կալորիաների չափ ու քանակի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ:

Մասնագիտությամբ տնտեսագետ, եվրոպական ու ամերիկյան բարձրագույն կրթարաններում ուսանած Անահիտ Տոնիկյանի նախասիրությունը, այնուամենայնիվ, մնում է խոհանոցը: Իր երկարատեւ ուսումնասիրությունների եւ հմտության առաջին պտուղը 1980 թ. հրատարակած «Եփելու արվեստը» գիրքն էրՙ նույնպես ստեղծված կազմարարական արվեստի միջազգային չափանիշներով: Սա «հայ ընտանիքին օգտակար ըլլալու» առաջին փորձն էր: Երկրորդ փորձըՙ 10 հազար տպաքանակով «Համով-հոտովը», արդեն գրեթե ամբողջությամբ սպառվել է: Մինչեւ տարեվերջ Անահիտ Տոնիկյանը նախատեսում է գրքի նոր տպագրությունըՙ «Հայաստանի ընտանիքների համար»:

Անահիտ Տոնիկյանի գնահատմամբ աշխարհի խոհանոցների մեջ հայկականն առանձնահատուկ է իր ճկունությամբ, չափավորությամբ: Այն միաժամանակ ե՛ւ մոտ է Միջին Արեւելքի խոհանոցին, ե՛ւ հեռու: Մոտՙ ձավարեղենի, կորկոտի հաճախակի օգտագործումով, տարբերՙ համեմունքների տեսականիով: Իսկ ընդհանրապես, հայկականին ամենամոտը հունական կերակուրներն ենՙ նույն քիմքն է ու ճաշակը: Մոտ է մեքսիկական խոհանոցըՙ համեմունքները չափավոր օգտագործելու նույն սկզբունքով, նաեւ իսպանականը: Այնուամենայնիվ, եթե մարդը հետեւում է առողջ սննդակարգի, պետք է վերապահումով մոտենա հայկական ավանդական կերակուրներից շատերինՙ կիսով չափ նվազեցնելով ճարպերի, թթվասերի առատ օգտագործումը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4