«Առաջին անգամ զղջում եմ, որ միայն այս շենքի ժապավենն եմ կտրել: 1992 թ. երբ հիմնադրվեց եւ պաշտոնական գրանցում ստացավ «Հովարդ Կարագյոզյան» հաստատությունը, մի փոքր տեղ տվեցինք, ավելին չտվեցինք, բայց իրենք մեծացան: Շատ հիմնադրամներ են եղել եւ աշխատել, բայց ժամանակ անց դրանց հետքն իսկ չի մնացել: Ամենամեծ գնահատանքը «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի այն է, որ նա ստեղծում է մնայուն արժեքներ այս երկրի, ժողովրդի համարՙ ապահովելով նրանց համար ամենաթանկըՙ երեխաների առողջությունը: Շնորհավորելով հիմնադրամինՙ չենք կարող չանդրադառնալ, որ այս ծրագիրը Հայաստանում այսպես չէր իրականանա, եթե հաստատությունն այստեղ չունենար այնպիսի գործընկեր, ինչպիսին Կամո Տեր-Պետրոսյանն է, որի հետ կարելի է ամենայն վստահությամբ համագործակցել»: «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի նոր շենքի եւ «Նորք» դարմանատան մանկական ակնաբուժարանի բացման արարողության ժամանակ ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը: Չխախտելով ավանդույթըՙ նրան եւ հիմնադրամի նախագահ Մայքլ Հարաթյունյանին տրվեց նորակառույցը բացելու պատիվը:
Նորքի բարձունքում 1993 թվականից գործող «Հովարդ Կարագյոզյան» հաստատությունը, որ նախապես ընդամենը երեք ատամնաբուժական կաբինետներ ուներ, անցած տասը տարիների ընթացքում, հիրավի, աննախադեպ զարգացում եւ առաջընթաց է գրանցել, երբ 1995-ին բացվեց Գյումրու, 1996-ինՙ Գորիսի, 1998-ինՙ Երեւանի «Սեբաստիա» եւ 2000-ինՙ Վանաձորի բժշկական կենտրոնները, նույն այդ թվականին ձեռնամուխ եղավ մանկական ակնաբուժական ծառայությանՙ Գյումրիում, Վանաձորում (2001), Ստեփանակերտում (2003): Այս տարիներին ատամնաբուժական ծառայություններից օգտվել են 138.000, իսկ ակնաբուժականիցՙ 7–15 տարեկան 47.000 երեխա:
«Կարագյոզյան» հաստատությունը բժշկական ծառայություններին զուգահեռ նախաձեռնել է նաեւ բժշկա-սոցիալական մի շարք ծրագրերՙ սոցապ նախարարության հետ համատեղ իրագործելով 5 մանկատների հիմնական կապիտալ վերանորոգումներ եւ կահավորման աշխատանքներ, 2002-ին սոցապ նախարարության եւ պաշտպանության նախարարության սոցծառայության հետՙ արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր, հաշմանդամ դարձած ու անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիր: 145 ընտանիքի այս ընթացքում Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում հատկացվել են բնակարաններՙ սեփականության վկայականներով: Եվս 15-ը մինչեւ տարեվերջ կապահովվեն բնակարաններով:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրագործվում են թույլ լսող երեխաներին լսողական սարքերի (321) բաժանման եւ պարբերական (երեւանյան) հիվանդությամբ տառապող երեխաներին համապատասխան դեղորայքով (կոլխիցին) ապահովելու, նաեւ էպիլեպսիայով տառապող հիվանդների հետազոտման ծրագիր: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հետ իրագործվում են սրտի բնածին արատով երեխաների հետազոտությունների եւ վիրահատական միջամտությունների ծրագրեր:
Իսկ երկուշաբթի օրն արդեն Նորքի բարձունքում «Հովարդ Կարագյոզյան» հաստատության ատամնաբուժական ծառայությունը համալրվեց ակնաբուժական բաժանմունքով: Տնօրեն Կամո Տեր-Պետրոսյանը ներկայացնելով կենտրոնի հայաստանյան գործունեությունը, շնորհավորեց հայ մանուկներին առողջապահական նման կառույցի առիթով, իր երախտիքի խոսքերն ուղղելով «Հովարդ Կարագյոզյան» ընկերության տնօրենների խորհրդին եւ նախագահ Մայքլ Հարաթյունյանինՙ Հայաստանի բուն խնդիրները հասկանալու եւ նպատակային ներդրումներ կատարելու համար, առողջապահության եւ սոցապ նախարարություններին, կառույցի ճարտարապետ Արմեն Գրիգորյանին, բոլոր շինարարներինՙ բարեխիղճ եւ որակյալ աշխատանքի համար:
Բարեմաղթանքների եւ շնորհավորանքների իրենց խոսքերում սոցապ եւ առողջապահության փոխնախարարներ պարոնայք Պետրոսյանը եւ Հակոբյանն արձանագրեցին, որ կազմակերպության հիմքում ընկած է իրական բարեսիրության գաղափարը եւ որ ներդրումները ծախսվում են նպատակային եւ ի պետս, որի վկայությունն այս տարիների արդյունքներն են:
Շենքի նորամուտի օրհնության արարողությանը հետեւեց հյուրերի ծանոթությունը կառույցին, որի առաջին հարկը զբաղեցնում է կլինիկական բաժինըՙ ակնաբուժական միջամտության, ճառագայթապատկերային երեւակման սենյակներով, ակնաբուժական մի քանի կաբինետներով, որտեղ երեխաները կհետազոտվեն եւ կստանան պրոցեդուրային եւ դեղորայքային միջամտության, նաեւ նկարչության եւ ձեռագործի խմբակը:
Վարչական մասը, որ կոորդինացնելու է «Հովարդ Կարագյոզյան» հաստատության ողջ գործունեությունը Հայաստանում եւ Արցախում, տեղակայված է երկրորդ հարկում: Այստեղ կահավորված էր երկու հյուրանոցային սենյակՙ աշխատանքային ծրագրով ժամանած հյուրերի համար, բժիշկների համար նախատեսված են խոհանոց եւ հանդերձարան, կան նաեւ ընդարձակ դահլիճ, «Կարագյոզյան» հաստատության թանգարան, որտեղ կամփոփվեն հիմնադրամի գործունեության մասին պատմող արխիվային նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր եւ այլ թանգարանային նմուշներ:
Արդիական ոճով կառուցված, հարմարավետ եւ նորագույն սարքավորումներով հագեցած «Հովարդ Կարագյոզյան» կազմակերպության նոր շենքըՙ ատամնաբուժական եւ ակնաբուժական ծառայություններով կշարունակի իր գործունեությունն ի նպաստ մեր երկրիՙ հայ մանուկների առողջության կարեւոր խնդրի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ