Այլ ոչ թե ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի սպառնալիքները
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, Արմենպրեսի վկայությամբ, «Ռոյթեր» գործակալությանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը վտանգավոր ազդեցություն է գործում Կովկասի վրա, եւ Ադրբեջանն անվերջ չի սպասելու Հայաստանի հետ խնդրի լուծմանը: Ակամա հարց է ծագում, սպասելու փոխարեն նա ի՞նչ է անելու: Հարցի պատասխանն ակնհայտ էՙ Ադրբեջանը զինվելու է, որպեսզի ռազմական եղանակով լուծի ղարաբաղյան հիմնահարցը: Ինչի՞ հաշվին: Նավթից ստացած շահույթների:
Իլհամի այս խոսքերը պայմանավորվում են Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներով, իսկ նկրտումներըՙ նավթի գործոնով: Հատկանշական է, որ եթե նա Հայաստանին է նախազգուշացնում, ապա Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն էլ «Զերկալո» թերթի միջոցով նախազգուշացնում է նրան, թե Հայաստանը, օգտվելով ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններից, կարող է ռազմական գործողությունների դիմել, ինչպես նաեւ Ադրբեջանին հրահրել այդ գործողություններին: Զուլֆուգարովը միաժամանակ հայտարարում է. «Այս փուլում մեր երկիրը պետք է կոնկրետ եւ լայնամասշտաբ քայլեր կատարի Ադրբեջանի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ»:
Մինչ Զուլֆուգարովը, լրացնելով Իլհամ Ալիեւին, արդարացնում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, ամերիկյան վերլուծական կենտրոններից PINK-ը հանգում է հետեւյալ եզրակացության. «Ղարաբաղում ներկա իրավիճակը դեռ երկար կպահպանվի, քանի որ Երեւանը չի ընդունի կարգավորման որեւէ տարբերակ»: Այս եզրակացությունը հիմք է տալիս «Ենի մուսաֆաթ» թերթին պնդելու, որ Ղարաբաղը չի հաջողվի Ադրբեջանին վերադարձնել Իլհամ Ալիեւի իշխանության տարիներին:
«Ենի մուսաֆաթի» այս պնդումն Ադրբեջանում իշխանափոխություն ենթադրո՞ւմ է, թե՞ ոչ, դժվար է ասել: Բայց որ Լեռնային Ղարաբաղի պարագայում խնդիրն Ալիեւը չէ, այլ ազատագրված այս տարածքը վերադարձնելու «Ենի մուսաֆաթի» անտրամաբանությունն ու վերադարձը ռազմական միջոցներով ապահովելու ադրբեջանական ագրեսիվ նկրտումների հակասությունն Անդրկովկասում ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու ռուս-ամերիկյան տրամադրություններին, ակնհայտ է:
Ինչ վերաբերում է ագրեսիվ նկրտումների պայմանավորմանը նավթի գործոնով, ապա դա նույնպես անտրամաբանական է: Այն առումով, որ նավթը թեեւ շահույթ կապահովի, շնորհիվ դրա հնարավոր կլինի նաեւ զինվել, սակայն դա չի ենթադրում դրսից գնած զենքի ըստ հայեցողության օգտագործումը: Ինչո՞ւ: Որովհետեւ մեծ տերությունները որեւէ պետության զենք վաճառելիս որպես կանոն նշում են, թե դա որտեղ եւ ում դեմ պիտի չօգտագործվի: Օրինակ, ԱՄՆ-ը, վաճառելով Թուրքիային արդիական ռազմական ուղղաթիռներ, թույլ չէր տվել, որ դրանք օգտագործվեն PKK-ի հետ կռիվներում:
Այլ կերպ, եթե Ադրբեջանին հաջողվի նավթի հաշվին հարստանալ եւ զենք գնել, ապա այդ զենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ օգտագործելու համար նրան անհրաժեշտ կլինի համապատասխան թույլտվություն: Նա այդ թույլտվությունը կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե հանուն ազդեցության Անդրկովկասում միմյանց հետ մրցակցող Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ռազմաքաղաքական հավասարակշռությունն այնտեղ պահպանելու փոխարեն, փորձեն խախտել դա:
Կասկածից վեր է, որ փորձելու համար նախադրյալներ են պետք: Մինչդեռ Ռուսաստանն իր ազդեցությունն Անդրկովկասում վերականգնելու համար ուժ է կուտակում, իսկ ԱՄՆ-ն Աֆղանստանում, առավել եւս Իրաքում բախվում է բազում դժվարությունների: Ավելին, երկրում շուտով նախագահական ընտրություններ են: Այս պայմաններում սպասել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կձգտեն խախտել Անդրկովկասի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, իրատեսական չէ: Ուրեմն նրանք թույլ էլ չեն տա այդ հավասարակշռության դեմ որեւէ ոտնձգություն կամ նոր պատերազմ Անդրկովկասում, որքան էլ Ադրբեջանն անընդմեջ կրկնի ղարաբաղյան հիմնահարցի չկարգավորվածության վտանգավորության եւ ռազմական գործողությունների անխուսափելիության մասին:
Ադրբեջանը դրանով չի բավարարվում, նա միաժամանակ դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունից, հիասթափվում է Վաշինգտոնի դիրքորոշումից եւ որպես հիասթափության արտահայտման միջոց Եվրոմիությանն Անդրկովկաս հրավիրելիս միաժամանակ սկսում է խուսանավել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պահպանումը չափազանց կարեւոր է Անդրկովկասում առկա հավասարակշռության առումով: Դրա պահպանման միտումների առումով էլ պետք է կարեւորել Հարավային Օսիայի քաղաքական զարգացումներն ու Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արձագանքը դրանց: Հատկանշական է, որ Աջարիայի պարագայում Վրաստանի նկատմամբ որդեգրած կոշտ դիրքորոշման համար Ռուսաստանին բուռն հակազդեցություն ցուցաբերած ԱՄՆ-ը ողջամտորեն հանդուրժում է վերջինի ավելի քան կոշտ դիրքորոշումը Հարավային Օսիայում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Անդրկովկասում հավասարակշռության պահպանման ռուս-ամերիկյան միտումները դեռեւս կզարգանան եւ զարգացման պայմաններում միանգամայն անիմաստ կդառնան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը ռազմական գործողություններով պայմանավորելու եւ Անդրկովկասում նոր պատերազմի սպառնալիքով Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին վախեցնելու Ադրբեջանի այսպես կոչված քաղաքական մոտեցումները: