«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2004-10-05 | #175, 2004-10-06 | #176, 2004-10-07


ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վաղուց արդեն ժամանակն էր, որ գիրք ստեղծվեր մեր լավագույն բեմադրիչներից մեկիՙ Ալբերտ Մկրտչյանի մասին: Եվ, ահա, այդ գիրքը կաՙ Մարտին Հուրիխանյանի «Մի թողեք ճայերը ծիծաղեն» (Երեւան, «Գասպրինտ» հրատարակչատուն): Հետաքրքրական մի գիրք է ստացվել, որն իր ձեւով ու մատուցման եղանակով նորություն է մեր կինոգիտական, ինչու չէՙ արվեստագիտական ոլորտում: Այն կենսագրական տեղեկատու չէ, ոչ էլ կինոռեժիսորի գործերի ուսումնասիրություն, նրա ֆիլմերի վերլուծություն: Ավելի շուտՙ Ալբերտ Մկրտչյանի արվեստով հիացած մարդու կողմից ստեղծված հոգեվերլուծություն, որում բառերի տակ եղած բառերը շատ ավելի բան են ասում:

Ալբերտ Մկրտչյանը, ինչպես ամեն մի ճշմարիտ արվեստագետ, եկել է իր մանկությունիցՙ այն միշտ պահելով իր մեջ: «Ծննդավայրը հնամաշ հագուստ չէ, որ դարն անցնելուն պես վերցնես ու փոխես, գրում է Մարտին Հուրիխանյանը: Այն մարդուն տրվում է ճակատագրով, աշխարհ գալու առաջին ճիչ-ավետման հետ ու շարունակվում է մինչեւ երկնային ճամփա բռնելը»:

Ճշմարիտ է գրքի հեղինակը, որովհետեւ, մեկ առ մեկ վերհիշելով Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը, գալիս ես այն եզրակացության, որ նրա մոտ միշտ հնչելու է հին օրերի երգը, իր մանկության տանգոյի երաժշտությունը, իր մանկության ցավն ու տառապանքը, լույսն ու հավատը հավերժ հոգեւոր հուշարձան է մնալու: Եվ անգամ եթե իր քաղաքըՙ Գյումրին (Լենինականը) պիտի ավերվեր 1988-ին, միեւնույն է, այդ ավերված քաղաքի փողոցներով պետք է անպայման ուրախ ավտոբուս անցներՙ չմեռնող, կատակող լենինականցիներով: Հատկապես «Ուրախ ավտոբուս» նկարելու համար չգիտեմ ինչ ուժ պետք է ունենաս քո մեջ: Քաղաքդ ավերվել է, հարազատներիցդ ոմանք մնացել են փլատակների տակ, մյուսները անտուն-թափառական են դարձել... Ալբերտ Մկրտչյանը վերածնել է Լենինական-Գյումրին, վերածնել-ապրեցրել է քաղաքի ոգին...

Այս մասին է Մարտին Հուրիխանյանի գիրքը: Եվ բնավ պատահական չէ, որ որպես գրքի բնաբան Հենրիկ Մալյանի խոսքն է. «...Նրա բոլոր հույզերն իրենն են, միայն ու միայն իրենը եւ թարմ են, անսովոր ու եզակի, եւ եսՙ նրա ավագ ընկերն ու բարեկամը, գիտեմ հաստատ, որ այդ կուտակումները խորն ու անսպառ են, որ ամեն մի շերտի հետեւում կա մի այլ շերտ, ավելի գրավիչ, ավելի հուզիչ, ավելի լուսավոր... Ես սիրում եմ Ալբերտի փխրուն հոգու առնական արվեստը, ճիշտ ու ճշմարիտ, շիտակ ու անկրկնելի... Մեր կինոյի ոլորուն ուղու ներկա հատվածում, երբ մի լռելյայն ու անզիջում պայքար է գնում, պայքար հայկական կինոյի վաղվա համար, Ալբերտ Մկրտչյանի կինոյի տեսակը ես ընդունում եմ անվերապահորեն, ներքին մի հրճվանքով ու հավերժական խանդավառությամբ»:

Անչափ կարեւոր մի գիրք է դրվել մեր սեղանին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4