«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2004-10-05 | #175, 2004-10-06 | #176, 2004-10-07


ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ՏԵՂՆ ՈՒՆԻ «ԲՈՍՆԻԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում Եկատերինբուրգի «Մաքս Վենի» եւ Սարաեւոյի «Բոսնիայի» մրցավեճն էր: Եկատերինբուրգցիների կազմում այս անգամ չէր խաղում Ռաֆայել Վահանյանը, որին փոխարինել էր Ալեքսեյ Ալեքսանդրովը: Նա անհաջող հանդես եկավՙ զիջելով Նայջլ Շորթին: Իսկ առաջին խաղատախտակի վրա մեծ հետաքրքրություն էր առաջացրել Գարի Կասպարովի եւ Ալեքսեյ Շիրովի պարտիան: Կասպարովը, որ նախորդ տուրում պարտվել էր, այս անգամ վերելքով հանդես եկավ եւ 40-րդ քայլում մրցակցին ստիպեց հանձնվել: Հետաքրքրական է, որ դա Շիրովի հետ Կասպարովի անցկացրած 15-րդ հանդիպումն էր եւ բոլոր մրցախաղերում էլ աշխարհի 13-րդ չեմպիոնը առավելության է հասել: «Բոսնիայի» կազմում իր 3-րդ հանդիպումն անցկացրեց Սերգեյ Մովսիսյանըՙ ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Սերգեյը 3 հնարավորից 2,5 միավոր է պարգեւել իր թիմին: Բացի Կասպարովից, «Մաքս Վենին» հաղթական միավոր պարգեւեց միայն Կոնստանտին Սակաեւըՙ հաղթելով Իվան Սոկոլովին, իսկ ահա Ալեքսանդր Բելյավսկին պարտվեց Վիկտոր Բոլոգանից: Ռուստեմովն ու Կոժուլը խաղաղ դաշն կնքեցին: Այսպիսով, մրցախաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 3-3: Երկու թիմերն էլ մեկական միավոր կորցրին:

Նոր հաղթանակներ տոնեցին NAO Chess Club-ը եւ «Պոլոնիան»ՙ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ 5,5-0,5 հաշվով: Առանց միավորի կորստի են հանդես գալիս նաեւ «Տոմսկ-400»-ի եւ «Բեեր Շեւայի» շախմատիստները, որոնք վերը նշված երկու թիմերի հետ 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Տոմսկ-400»-ը 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց «Մոնակոյին»: Այս թիմերի առաջատարներ Ալեքսանդր Խալիֆմանի եւ Իոսիֆ Դորֆմանի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: «Բեեր Շեւայի» շախմատիստները 4-2 հաշվով հաղթեցին Մինսկի «Վեսնիանկային»: Չորրորդ տուրում առաջատարները մրցելու են միմյանց հետ: NAO Chess Club-ի մրցակիցն է լինելու «Տոմսկ-400»-ը, իսկ «Պոլոնիան» մրցելու է «Բեեր Շեւայի» հետ:

Կանանց մրցաշարում միանձնյա առաջատարի դերը ստանձնեցին Թբիլիսիի NTN թիմի շախմատիստուհիները, որոնք 3-1 հաշվով կարեւոր հաղթանակ տոնեցին «Ինտերնետ Պոդգորիցայի» նկատմամբ: Հաղթանակն ապահովեցին Լեյլա Յավակիշվիլին եւ Սոպիո Գվեթաձեն, որոնք պարտության մատնեցին Իրինա Չելյուսկինային եւ Աննա Բենդերասին: Թբիլիսցիներից մեկ միավոր պակաս են վաստակել Կազանի «Լադյայի» շախմատիստուհիները: Նրանք 3-1 հաշվով հաղթեցին «Հերցիլիային»: 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի NTN-«Լադյա» մրցախաղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4