Արցունքախառն ու հուսալքված «Ազգ» թերթի խմբագրություն էր դիմել Երեւանի բնակչուհի Աստղիկ Լենդրուշի Հակոբյանըՙ պատմելով իր որդու մասին, որի կյանքն ընթանում է սխալ ճանապարհով, եւ ներկայացնում է մարդկային ողբերգության ու ծանր ճակատագրի մի տխուր պատմություն:
Աստղիկ Հակոբյանը 1989 թ. ամուսնացել է Երեւան քաղաքի բնակիչ Օնիկ Գեւորգյանի հետ եւ ունեցել 2 երեխա (տղա եւ աղջիկ): 1993 թ.ՙ ամուսնուց բաժանվելուց հետո, դատարանի վճռով երեխաների խնամքի ու դաստիարակության իրավունքը տրվել է մորըՙ Աստղիկ Հակոբյանին, իսկ հայրըՙ Օնիկ Գեւորգյանը, մեկնել է Օդեսաՙ արտագնա աշխատանքի: 1997թ. Օնիկ Գեւորգյանը վերադարձել է Երեւան եւ նախկին կնոջից 2 ամսով խնդրել է տղային իրեն տալ (տղանՙ Բագրատ Գեւորգյանը ծնվել է 1991 թ.), որից հետո երեխայի հետ մեկնել է Ռուսաստանՙ չնայած մոր 7 տարվա անընդմեջ պահանջներին: Ըստ Բագրատի մոր տվյալների, հայրը երեխայի խնամքով բացարձակ չի զբաղվում, երեխան մատնված է կատարյալ անտարբերության, ապրում է վատ պայմաններում, գիշերները հաճախ տուն չի գալիս, ապրում է մի կտոր ցամաք հացով, դպրոցում աչքի է ընկնում վատ վարքով: Այս ամենում համոզվում է տղայի տատիկըՙ Սեդա Աղաբաբյանը, որն անցյալ տարի նոյեմբերին պարտքով գնում է Օդեսաՙ երեխային վերադարձնելու նպատակով: Սակայն հայրը երեխային չի վերադարձնում, իսկ երեխան էլ ենթարկվում է նրան: Տկն Աղաբաբյանը փեսայի նոր կնոջ (որը մոտ 60 տարեկան է) բարեկամներից իմանում է, որ մերացուն երեխային ստիպում է տնային զանազան գործեր անել եւ անխնամ վիճակում է պահում նրան: Իսկ երեխան գոհ է եւ, տատիկի կարծիքով, չի բողոքում, որովհետեւ վախենում է հորից:
Երեխայի մայրըՙ Աստղիկ Հակոբյանը, այժմ շատ ծանր պայմաններում է, բարեկամներ չունի, ապրում է նպաստով եւ չի կարող գնալ երեխային բերելու: Դիմել է Կենտրոն համայնքի դատարան (դատավոր Ռուբեն Ներսիսյան)ՙ վերահաստատելու 1993 թ. դատարանի վճիռը եւ երեխային վերադարձնելու օգնություն խնդրել: Դատարանը, սակայն, այդ իրավացի պահանջը կատարելը դարձրել է անլուծելի եւ մեծ քաշքշուկ է ստեղծել: «Խոստացել էին օգոստոսի 23-ին լսել գործը, բայց դատարանն այդ օրն է միայն ասում, որ հարկավոր է ծանուցագիր ուղարկել երեխայի հորը: Ընդ որում, իրենք ուղարկելու փոխարեն, ինձ են տալիս նամակը, եւ ես, 3000 դրամ վճարելով, ուղարկում եմ: Ծանուցագրի պատասխանը գալիս է սեպտեմբերի 14-ին, բայց չեն ասում, թաքցնում են», պատմում է Բագրատի տատիկը: Այս քաշքշուկից հոգնածՙ նրանք որոշում են բացարկ տալ, որ իրենց գործն այլ դատավոր լսի եւ հիմա սպասում են դատարանի պատասխանին:
«Այսօր պետությունը չի օգնում իր քաղաքացուն, իր զինվորին հետ բերելու եւ գոնե ուշացմամբ փրկելու կործանումից, բայց վաղը, երբ այդ նույն տղան չներկայանա զինծառայության, անխղճաբար կդատեն», բորբոքված պատմում է Բագրատի տատիկը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ