Ռուսաստանը չի ցանկանում բացել սահմանը եւ մեղքը գցում է Վրաստանի վրա
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վերին Լարս, ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
70-ամյա վարորդ Արշակ Սարիբեկյանը 39 օր շարունակ գիշերում է Դարյալի կիրճում: Օր-օրի Թերեք գետից փչող սառը քամին ավելի է ծակում վարորդ Արշակի ոսկորները: «Մի օր սոված ենք, մի օր կուշտ: Արդեն էլ չեմ դիմանում: Մեքենաների վառելիքը վերջացել է: Գիշերները ցրտում է, ուժեղ քամուն չեմ դիմանում», ասում է նա:
Մեկ ամսից ավելի է, որ Ռուսաստանը փակել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը: Վարորդ Արշակը տասնյակ այլ հայ վարորդների հետ սահմանը փակվելու առաջին օրվանից պատանդի վիճակում է Դարյալի կիրճում: Նրանք բեռնատարներով Ռուսաստան են տեղափոխում հայկական արտադրության տարբեր բեռներ` Իջեւանի գործարանի գորգեր, հյութեր, հանքային ջուր, քար, կաուչուկ:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ռուս-վրացական պայմանավորվածության արդյունքում սահմանը իբր պետք է բացվեր երեք ժամով: Վրաց սահմանապահները պնդում են, որ պատրաստ էին սահմանի իրենց հատվածը բացելուն, սակայն ռուսների կողմից ոչ մի մեքենա երեք ժամվա ընթացքում սահմանը չի հատել: Վերին Լարսում ռուս սահմանապահները ասացին, որ իրենք սահմանը ռուսական կողմից բացելու կարգադրություն չունեն: Անգամ եթե նման կարգադրություն լիներ, միեւնույն է, երեք ժամում հնարավոր կլիներ բաց թողնել միայն մի քանի ավտոմեքենա:
Վերին Լարսի վրացական կողմում կուտակված ավտոմեքենաների թիվը հասնում է 100-ի, հիմնականում բեռնատարներ: Սահմանի ռուսական կողմում ավտոմեքենաների թիվը հասնում է 1500-ի: Մեր ունեցած տեղեկություններով, սահմանի ռուսական հատվածում կուտակված ավտոմեքենաների մեջ մի քանի 100-ը պատկանում է «Արմենիա Լադա» ընկերությանը:
Սահմանի ռուսական հատվածում այս ընկերության ավտոմեքենաները Հայաստան տեղափոխող վարորդները ուղղակի պատրաստ են պատառոտելու բոլոր նրանց, ում պատճառով չեն կարողանում հատել սահմանը եւ տուն հասնել: Տոլյատիից մինչեւ Երեւան ավտոմեքենան տեղափոխելու համար յուրաքանչյուր վարորդի վճարում են ընդամենը 40 հզ. դրամ: Այստեղ նշենք, որ սահմանը փակվելուց հետո այնուամենայնիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել «Վոլգա» մակնիշի 20 ավտոմեքենա: Կարծիքներ կան, թե այդ ավտոմեքենաները ինչ-որ բարձրաստիճան հայ պաշտոնյայի պատվերով են ներկրվում Հայաստան:
Ռուսական կողմում հայերին հավաստիացնում են, թե իբր վրացական կողմը չի բացում սահմանը, այդ պատճառով էլ նրանք չեն կարողանում հասնել տուն:
Երեկ Վերին Լարս էին մեկնել Վրաստանում Հայաստանի հյուպատոսն ու դեսպանատան աշխատակիցներից մեկը` տեղում ծանոթանալու իրավիճակին, փորձելու գտնել մարդկանց օգնելու հնարավորություններ:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան հայկական որոշ հեռուստաընկերություններ հաղորդել են, թե իբր սահմանը բաց է: «Ազգ»-ը սահմանում պարզեց եւ ականատես եղավ, որ սահմանը փակ է եւ հստակ չէ, թե երբ կբացվի: Ռուսական կողմի` սահմանը բացելու հայտարարությունները կարող են նոր թյուրիմացությունների տեղիք տալ, ավելի կոնկրետ` նոր «պատանդներ» կավելանան Դարյալի կիրճում սպասողներին:
Իրականում սահմանի բացումը մեծապես կախված է ռուսական կողմից, որը թեեւ նախօրեին խոստացել էր բացել 3 ժամով, սակայն երբ վրացական կողմը պատրաստակամություն հայտնեց իր կողմից բացելու սահմանը, պարզվեց, որ ռուս սահմանապահները վերեւից կարգադրություն չունեն: Այդ «վերեւը» Վլադիմիր Պուտինն է: Ռուսական իշխանությունները հավանաբար կարծում են, որ Դարյալի կիրճով են նաեւ անցուդարձ անում ահաբեկիչները: Մինչդեռ այնտեղ ամեն ինչ խաղաղ էր եւ միայն վարորդ Արշակն էր գիշերները մրսում:
Վրացական կողմում գտնվող վարորդների մի մասը պատրաստ է վերադառնալու Հայաստան, եթե հնարավորություն լինի: Իրականում հնարավորություն կա, խնդիրն այն է, որ բեռնատարների վարորդները արդեն մուծել են վրացական տարանցման բոլոր տուրքերը: Հիմա հետդարձի համար նրանք ստիպված կլինեն նորից տուրքեր մուծել` այդպես էլ չհատելով ռուսական սահմանը: Մինչդեռ հայ վարորդների գրպանում, նրանց ասելով, չկա ոչ միայն հարկերի, այլեւ հացի գումար:
Վարորդ Արկադի Սահակյանն ասում է, որ օրվա ընթացքում 2 անգամ թույլ են տալիս հասնել (հայ վարորդները գտնվում են սահմանի չեզոք գոտում) վրացական մոտակա կրպակներ: Վարորդները բողոքում էին, որ կրպակատերերը եռապատիկ բարձրացրել են գները: Ընդհանուր առմամբ, ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում կարող է վերածվել հումանիտար ճգնաժամի:
Վարորդները հիվանդանում են, արդեն մեկ ամսից ավելի չեն լողանում, չկա ջուր, չկա զուգարան: Ընդհանուր առմամբ, այստեղ տիրում է սարսափելի անորոշություն: Մարդիկ ամառային հագուստներով են, մինչդեռ ձմեռը արդեն Դարյալի կիրճում իր իրավունքների մեջ է մտնում:
Բելառուսի քաղաքացի Լեոնիդ Դուբինան իր բեռնատարով հայկական հյութ է տեղափոխում Մոսկվա: «Մենք հետդարձի ճանապարհ, ի տարբերություն հայ վարորդների, չունենք: Մեզանով ոչ ոք չի հետաքրքրվում», ասում է նա եւ հավելում, որ հայ վարորդները հացը կիսում են իրենց հետ:
Ուկրաինայի քաղաքացիներ Սերգեյ Կիսլիցան եւ Սերգեյ Կորոլյովը «Նաիրիտ»-ից կաուչուկ են տեղափոխում Դոնեցկ: «Մենք այստեղ պատանդներ ենք: Ուտելու բան չկա: Մենք որոշել ենք հացադուլ հայտարարել, իսկ ռուս սահմանապահները ծաղրում են, թե դիմեք Պուտինին», միաբերան ասում են ուկրաինացիները:
Սահմանի վրացական հատվածում, չհասած չեզոք գոտի, արդեն 38 օր կանգնած է Երեւանից Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաք մեկնող ավտոբուսը: Երեկ ավտոբուսի մեջ միայն 8 ուղեւոր էին մնացել: Մյուսները մեկ ամսից ավելի սպասելով սահմանում` վերադարձել են Հայաստան: Ավտոբուսում մնացած 8 հայերը Ռուսաստանի բնակիչներ են:
Օտար լեզվի ուսուցչուհի Էլյա Բաբայանը ապրում է Արմավիրում: Նա Հայաստանում վաճառել է իր ամբողջ ունեցվածքը եւ գաղթել ռուսական տափաստաններ: Ընտանիքը հիմա սպասում է նրան, մինչդեռ որեւէ հույս չկա, որ մոտակա օրերին Էլյան կհասնի իր նոր հայրենիքը: «Հետ գնալու ճանապարհ չունեմ: Մեր փողերն ամբողջությամբ ծախսել ենք: Բոլորս քնում ենք ավտոբուսի մեջ», ասում է Էլյան:
68-ամյա Ելիզավետա Բադալյանը բժշկուհի է, բնակվում է Վլադիկավազ քաղաքում: «Ես օգնել եմ բոլոր նրանց, ովքեր հիվանդացել են այստեղ: Խնդրում եմ մեզ օգնեք: Հիմա այստեղ արդեն ցուրտ է: Եվ ի վերջո, ես ուզում եմ գնալ տուն»:
Հ.Գ. Այս թղթակցության իրականացմանը օժանդակել են Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները: