«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ԹՈՒՐՔԻԱՆ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ

Խնդիրը նրա անդամակցությունը չէ, այլ նրան եվրոպական երկրների ուղեծրում պահելը

Ինչպես «Ազգը» տեղեկացրել է, հոկտեմբերի 6-ին Եվրոհանձնաժողովը համապատասխան զեկուցագրով Եվրոմիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին առաջարկեց անդամակցության բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: Խորհրդատվական բնույթի այս առաջարկին կողմ են քվեարկել հանձնաժողովի 30 անդամներից 28-ը, իսկ երկուսըՙ հոլանդացի Ֆրից Բոլկեշտեյնն ու ֆրանսիացի Պասկալ Լամինՙ դեմ: Ընդհանուր առմամբ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սկզբնավորումը բավարարում է Անկարային: Հակառակ դրան, նա իր դժգոհությունն է արտահայտում զեկուցագրի առանձին դրույթների եւ հատկապես զեկուցագրին կից հանձնարարականների փաստաթղթի առնչությամբ, որոնք ներկայացնում են ԵՄ-ի ղեկավարներին:

Թեեւ զեկուցագրում նշվում է, որ Թուրքիան բավարար չափով կատարում է Կոպենհագենի քաղաքական չափորոշիչները, գոհունակություն է արտահայտվում երկրում կատարված սահմանադրական փոփոխությունների, բանակի դերի նվազեցման, մարդու իրավունքների ընդլայնման, կրոնական ազատությունների, էթնիկ խմբավորումների մայրենի լեզվով ուսուցման բնագավառներում կատարված տեղաշարժերի, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների իրավիճակի բարելավման առնչությամբ, բայց եւ այնպես ընդգծվում է, որ օրենսդրական բնույթի այդ բարեփոխումները պատշաճ մակարդակով գործնական կիրառություն չեն գտնում:

Այլ կերպ, Կոպենհագենի չափանիշների կատարումը Թուրքիայում առայժմ սահմանափակվում է ԵՄ-ի հետ ներդաշնակության օրենքների ընդունմամբ: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ անդամակցության բանակցությունների սկզբնավորումն ամենեւին չի ենթադրում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, ինչը մատնանշվում է զեկուցագրում: Ավելին, զեկուցագրով Եվրոխորհրդին իրավունք է վերապահվում առկախել կամ ընդհատել անդամակցության բանակցությունները:

Ակամա հարց է ծագումՙ ո՞ր դեպքում: Այդ հարցի պատասխանը գրված է զեկուցագրում. «Եթե Եվրոհանձնաժողովը վտանգված համարի բարեփոխումների անցկացումը Թուրքիայում»: Ո՞ր դեպքում են դրանք վտանգված համարվելու: Այս հարցին էլ «Ռադիկալի» հոկտեմբերի 7-ի համարում պատասխանում է Գյունդուզ Աքթանըՙ գրելով. «Եթե բանակի դերն աճի երկրի քաղաքական կյանքում, եւ Թուրքիան անցանկալի քայլեր ձեռնարկի արտաքին հարաբերություններում»: Աքթանն այդ քայլերի թվում նշում է հարեւան երկրների նկատմամբ ռազմական գործողությունների ձեռնարկումը: Մենք էլ մեր կողմից նշենք, որ բանակի դերի աճ ասելով զեկուցագրում ակնարկվում է զինվորական հեղաշրջումը:

Վերոհիշյալ ձեւակերպումները եւս դժգոհություն են պատճառում Անկարային: Նրան չի բավարարում նաեւ այն, որ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների ժամկետը, զեկուցագրի համաձայն, պետք է որոշեն եվրոպական այդ կառույցի ղեկավարները, դեկտեմբերի 17-ի նիստում: Տվյալ դեպքում հարցը զեկուցագրի առանձին դրույթներում եւ դրանց կից հանձնարարականների փաստաթղթում Թուրքիայի համար անբարենպաստ ձեւակերպումները չեն, այլ փաստաթղթի նոր ձեւակերպումներով համալրման հավանականությունը:

Հավանական ձեւակերպումներից Անկարային առանձնակի մտահոգում են «Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելու» Բոլկեշտեյնի, ինչպես նաեւ «Հայոց ցեղասպանության ճանաչման» Լամինի ձեւակերպումները, որոնք, թուրքական թերթերի վկայությամբ, ԵՄ-ի ընդլայնման գծով հանձնակատար Գյունտեր Ֆերհոյգենի համառությամբ տեղ չեն գտել զեկուցագրին կից հանձնարարականների փաստաթղթում: Այդ ընթացքում Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Պատրիկ Դեւեջյանը շփումների մեջ է մտել Եվրոհանձնաժողովի անդամների հետ, որպեսզի նրանք իբրեւ բանակցությունների սկզբնավորման նախապայման Թուրքիային առաջարկեն հայկական սահմանի բացումը:

Անկարայի համար անընդունելի ձեւակերպումների տեղ չգտնելը Եվրոհանձնաժողովի Թուրքիայի մասին զեկուցագրում ամենեւին չի ենթադրում, որ դրանք տեղ չեն գտնի ԵՄ-ի գագաթաժողովի դեկտեմբերի 7-ի նիստի եզրափակիչ փաստաթղթում, որտեղ որոշվելու է անդամակցության բանակցությունների ժամկետը: Հարկ է նաեւ նշել, որ Թուրքիայի պարագայում խնդիրը սոսկ այդ բանակցությունները չեն: Եթե դրանք նույնիսկ հանգեցնեն անդամակցության որոշմանը, միեւնույն է, դրա կատարման համար եվրոպական որոշ երկրների առաջարկած հանրաքվեն բանակցությունների արդյունքի հետ կասկածի տակ է դնում նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

Այլ կերպ, Եվրոհանձնաժողովի զեկուցագրով ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին արված Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու առաջարկը պարտավորեցնող չէ, քանի որ բանակցություններն էլ չեն պարտավորեցնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, ուստի ակնհայտ է դառնում, որ Եվրոհանձնաժողովը վերջինին ընդամենը փորձում է եվրոպական երկրների ուղեծրում պահել: Թերեւս դրանով էլ հաստատվում է հոկտեմբերի 6-ին «Ազգի» արտահայտած տեսակետը, թե եվրոպական երկրների նպատակը ոչ թե Թուրքիայի անդամակցությունն է, այլ նրան ԵՄ-ից չօտարելը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4