«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՅՍՏԵՂ ԵՆ

Ադրբեջանցի երիտասարդները Հայաստանում իրենց ապահով են զգում

Ադրբեջանցի երկու երիտասարդ` Ռոման Տեմնիկովը եւ Համլետ Իսմաիլովը, որ արդեն մի քանի օր Հայաստանում են, համոզված են, որ հայկական հասարակական, երիտասարդական կառույցների ներկայացուցիչները, մտավորականները կարող են գնալ Բաքու առանց որեւէ խնդիր ունենալու այնպես, ինչպես իրենք են եկել Երեւան, իսկ զինվորականների այցի վերաբերյալ որոշումներ ընդունելը պետական բարձր պաշտոնյաների գործն է: «Սա մեր երկրորդ այցն է, առաջին անգամ սեպտեմբերին էինք եկել` Ծաղկաձորում մի սեմինարի մասնակցելու, ասաց «Խաղաղություն, ժողովրդավարություն, մշակույթ» կազմակերպության երիտասարդական բաժնի ղեկավար Ռոման Տեմնիկովը: Այսօր Սեւանում ենք, տեսնենք, գուցե հետագայում կրկին գանք»: Համլետ Իսմաիլովն էլ այն կարծիքին է, որ «փոխադարձ այցելություններն անհրաժեշտ են, բայց թե ինչպես դրանք կընթանան, չենք կարող ասել»:

Ադրբեջանցիները Հայաստան են եկել «Հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» միջազգային ուսուցողական ծրագրի շրջանակներում, որը կազմակերպել է Երիտասարդական ակումբների դաշնությունը` Եվրոխորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին մասնակցում են երիտասարդներ Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Մալթայից, Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Իսպանիայից, Հայաստանից: Ծրագրի հայտարարությունը տարածվել է ողջ Եվրոպայով: Վաթսուն դիմորդներից ընտրվել են այն քսանը, որոնք հատկապես որոշակի փորձ ունեն բնապահպանության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման ոլորտում:

«Եվրոպան անընդհատ խոսում է Կովկասում երիտասարդական համակարգված քաղաքականություն վարելու մասին, ցանկանում է Կովկասը տեսնել որպես մեկ տարածաշրջան` մեկ կենտրոնով, որպեսզի ավելի հեշտ լինի համակարգել այստեղի երիտասարդական քաղաքականությունը, ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Ադրբեջանից մասնակիցներ ունենալը մեզ համար այնքանով է կարեւոր, որ մենք կարողանում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է դառնալ երիտասարդական քաղաքականության առաջնահերթություն Եվրոպայի համար: Դա ենթադրում է երիտասարդական բազմաթիվ միջոցառումների, համաժողովների, ուսուցողական ծրագրերի իրականացում Հայաստանում»: Թուրքիայից երկու մասնակից է ընտրվել, սակայն վերջիններս ուսուցողական ծրագիրը սկսելուց երկու օր առաջ կազմակերպիչներին տեղյակ են պահել, որ Ստամբուլ-Երեւան ինքնաթիռի տոմս չեն կարողացել ձեռք բերել:

Աշխատանքային հինգ օրերին երիտասարդները բնապահպանության, հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ կմշակեն համատեղ ծրագրեր եւ միջոցառումներ, որոնք երիտասարդական ներուժի միջոցով պետք է փորձեն լուծել հակամարտությունները եւ կանխեն շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցությունը, կծանոթանան Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին:

«Կարծում եմ` այսօր ղարաբաղյան հակամարտության հետ կապված մեր հիմնական խնդիրը շրջակա միջավայրի պահպանությունն է», ասաց ադրբեջանական «Դիվանագիտության եւ հանդուրժողականության» հասարակական կենտրոնի ներկայացուցիչ Համլետ Իսմաիլովը: Ադրբեջանցի նրա գործընկեր Ռոման Տեմնիկովն էլ ավելացրեց. «Բնականաբար հակամարտությունը շրջակա միջավայրին վնասել է, այդ թվում հսկայական կորուստ է կրել գյուղատնտեսությունը, քանի որ հսկայական տարածքներ ինչպես բուն հակամարտության գոտում, այնպես էլ դրա մոտակայքում այսօր պարզապես անօգտագործելի են. այնտեղ միլիոնավոր հակահետեւակային եւ հակատանկային ականներ կան: Մինչեւ այսօր էլ ինչպես մեզ մոտ, այնպես էլ, կարծում եմ, Հայաստանում, մարդիկ չեն կարողանում այդ հողերը մշակել, մշակելու դեպքում էլ ականները պայթում են, մինչդեռ դա հոյակապ հող է»:

Ատոմ Մխիթարյանն ասաց, որ սա մեկանգամյա ուսուցողական ծրագիր է, սակայն մինչ ծրագիրը կազմելն իրենք մտածել են դրա շարունակականության մասին, մասնավորապես` միջոցառման վերջին օրը մասնակիցները նոր ծրագրեր են մշակելու` հիմք դնելով «դուստր» ծրագրերի:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4