«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


«Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԲԱԿՈՒՄ Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ԱՆՄԵՂ ԶԲՈՍԱՆՔԸ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է ԹՎՈՒՄ»

«Մհեր Շահգելդյանին թիրախ են դարձրել», կասկածում է Հմայակ Հովհաննիսյանը

Խորհրդարանական զարգացումներ թեմայով երեկ «Փակագիծ» ակումբում պետք է խոսեր ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Խոսեց, բայց ընտրված թեմայից դուրս: Ասելիքը «Օրինաց երկիր»-Հակոբ Հակոբյան հակամարտության մասին էր, որի ֆոնին բանախոսը թեթեւակի ուրվագծեց խորհրդարանական աշխատանքի ներկայիս ընթացքն ու հետեւանքները: Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ խորհրդարանը հասարակության հայելին է եւ խիստ բնական է, որ գտնվում է ճգնաժամում ու ընդդիմության բացակայությամբ օրեցօր խորացող քաղաքական բեւեռացման մեջ: Հասարակությունում իրավիճակը համարժեք էՙ ճգնաժամ հավատի եւ բեւեռացում սոցիալական ոլորտներում: Հայաստանն, ըստ Հովհաննիսյանի, դարձել է կեղտոտ փողերի լվացքատուն, ուր ահաբեկչությամբ են զբաղվում քաղաքական ուժերըՙ վախի մթնոլորտը խորացնելու նպատակով: Ապացույցը ժողպատգամավոր Հակոբ Հակոբյանի տան վրա զինված հարձակումն ու փոխհրաձգությունն է, այլ ձեւակերպմամբՙ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի դեմ քաղաքական ուժի իրագործած ահաբեկչություն: Նշված երեւույթը, Հովհաննիսյանի գնահատմամբ, նպատակ ունի քննադատության համար անձեռնմխելի անձինք ու ոլորտներ ստեղծելու: Իսկ երեւույթն իրականացնող անձանց ամեն կերպ արդարացնելու առայժմ հաջողվող փորձերը հեղինակվում են վերին հովանավորությամբ, հավատացած է քաղաքագետը, քանի որ ինքն էլ ահաբեկման օբյեկտ է դարձել սեպտեմբերի 11-ին:

Հերացու փողոցում «Նիվա» մակնիշի սպիտակ մեքենան վրաերթի է ենթարկել Հմայակ Հովհաննիսյանի մոսկովյան ընկերոջից նվեր ստացած մեքենան: Ու թեեւ պատկան մարմիններ ներկայացված են «Նիվայի» համարանիշները (ասուլիսի ընթացքում չհրապարակվեցին), իսկ տուժած պատգամավորն անձամբ զրուցել է ընդդիմության հանրահավաքների ժամանակ աննախադեպ օպերատիվություն դրսեւորած Հովհաննես Վարյանի հետ, «Նիվան» եւ նրա վարորդը չեն հայտնաբերվել, բայց պնդումներ կան, թե «Նիվան» գոյություն չի ունեցել: Հմայակ Հովհաննիսյանի մեքենան գտնվում է պետավտոտեսչությունում: Պատգամավորը վստահ է, որ ֆրանսիական քաղաքական մշակույթը կրողներն ամբիոններից օրինաց երկիր կառուցելու մասին բարձրագոչ ելույթներ ունեցողներն են կազմակերպում, հրահանգում նմանատիպ ահաբեկչություններն իրենց իսկ գործընկերների հանդեպ: Որպես ասվածի ապացույց Հմայակ Հովհաննիսյանը վերհիշեց ժամանակ առաջ «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցածը եւ օրինացերկրական քաղաքաշինության նախարարի հրաժարականը, ինչը մեղքի անուղղակի ընդունում է:

Հակոբ Հակոբյանի հանդեպ իրականացվածին բանախոսը հավատացած է, որ պետք է հաջորդի Ազգային ժողովի արձակումը, ինչի բազում այլ հիմնավորումներ կան, որոնք երեկ չմատնանշվեցին: Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը երեկ մի մեծ զարմանք հայտնեց Հակոբ Հակոբյանի դեմ իրագործվածի առնչությամբՙ ասելով, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ուղղակի չէր կարող տեղյակ չլինել Հակոբ Հակոբյանի կրքոտ, նույնիսկ մարտական խառնվածքին եւ հաշվի չառնել դրանից բխող հետեւանքները: Եվ այս համատեքստում կարելի է կարծել, որ կամ Մհեր Շահգելդյանի վարկը բարձրացել է պետքից ավելին, կամ էլ Արթուր Բաղդասարյանը իր կուսակցի հանդեպ քաղաքական խանդ է դրսեւորում: Այլապես լիովին անհասկանալի է, թե ինչու Արթուր Բաղդասարյանը կուսակցության գծով իր տեղակալ Մհեր Շահգելդյանին դարձրեց թիրախՙ սեւ գործի իրականացումը նրան հանձնարարելով, գտնում է Հմայակ Հովհաննիսյանը եւ ավելացնում, որ քաղաքական դաշտում խելամիտ կլիներ նման աշխատանքը համեստ դերակատարություն ունեցողի հանձնարարել:

Այդ հարցում քաղաքական գրագիտություն է ցուցաբերել Հանրապետական կուսակցությունը իրենՙ Հմայակ Հովհաննիսյանին վարկաբեկելու գործը Վազգեն Խաչիկյանին հանձնարարելով, երբ Հովհաննիսյանն անընդմեջ բարձրացնում էր կրթական համակարգի օպտիմալացման, հացի գների բարձրացման եւ կոյուղու ջրերը խմելու ջրի հետ խառնվելու հետեւանքով հասարակության առողջությանը վնասած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերը: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, տնտեսական շահեր, անձնական բիզնես ունեցող անձանցից կազմված խորհրդարանը փորձում է վնասազերծել բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձգտում են լրացնել խորհրդարանում առկա քննադատության պակասը, այն էՙ ընդդիմության պակասը: Դա արվում է նաեւ հայտարարությունների եւ հարցուպատասխանի ժամանակն ընդդիմության օգտագործելու փաստը վարկաբեկելով: Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի տան վրա զինված հարձակմանը Մհեր Շահգելդյանի մասնակից, թե այդ տարածքում ուղղակի զբոսնող լինելուն, ապա Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ «մեր սքանչելի քաղաքում զբոսնելու ավելի հարմար ու հաճելի տեղեր կան» եւ բացի այդ, Հակոբ Հակոբյանի հայտարարությունից հետո նրա բակում Մհեր Շահգելդյանի անմեղ զբոսանքն էլ կարող է կասկածելի թվալ: Զգուշանալու խնդիր ունի Մհեր Շահգելդյանը, գտնում է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4