Բեռնար Կազոնիի մամուլի ասուլիսը
Ֆինների եւ չեխերի հետ առաջիկա ընտրական մրցախաղերից առաջ երեկ «Հրազդան» հյուրանոցում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հանդիպեց լրագրողներին: Նա տեղեկացրեց, որ առաջիկա խաղերում հնարավոր է կազմի որոշ փոփոխություն կատարի, քանի որ հրավիրել են նոր ֆուտբոլիստներ: Կազոնին արդեն հասցրել է ծանոթանալ նորեկների խաղային որակներին, սակայն առայժմ չի կողմնորոշվել նրանց մեկնարկային կազմում ընդգրկելու հարցում: Նույնը վերաբերում է նաեւ վնասվածք ստացած Արտավազդ Քարամյանին եւ որակազրկված Ալբերտ Սարգսյանին կոնկրետ ֆուտբոլիստներով փոխարինելու հարցին:
Կազոնին որպես առաջնահերթ խնդիր է համարում հավաքականի կոլեկտիվ խաղի ձեւավորումը: Նա գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե ֆուտբոլիստներից ով որ երկրում ու թիմում է խաղում, հավաքական հրավիրելիս պետք է ամբողջովին իրենց ուժերը նվիրեն կոլեկտիվին:
Կազոնին կրկին դժգոհեց ժամանակի սղությունից, որ ֆուտբոլիստներն ընդամենը մի քանի օր են իր տրամադրության տակ լինում: Սա զարմանք է առաջացնում: Մի՞թե գլխավոր մարզիչը տեղյակ չէ, որ ընտրական մրցախաղերին նախապատրաստվելու համար ակումբներն իրենց ֆուտբոլիստներին ընդամենը մի քանի օրով են տրամադրում հավաքականներին: Սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Իսկ ահա տեղի ֆուտբոլիստների խաղն ուսումնասիրելու, նրանց մասին կարծիք կազմելու, լավագույններին հավաքական հրավիրելու ընձեռված հնարավորությունից, չգիտես ինչու, Կազոնին համառորեն հրաժարվում է: Որպես կանոն նա Փարիզից Երեւան է ժամանում միայն ուսումնամարզական հավաքների ժամանակ, ուստի հնարավորություն չի ունենում հետեւելու Հայաստանի առաջնության հանդիպումներին: Զրկված լինելով լեգեոներների խաղը դիտելու հնարավորությունից, նա չի օգտագործում գոնե տեղի ֆուտբոլիստների մասին պատկերացում կազմելու հիանալի հնարավորությունը: Նման գործելակերպը լավ արդյունքի չի կարող հանգեցնել: Հավաքականի կրած երկու պարտություններն ասվածի վառ վկայությունն են:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ