Հայաստանը եւ Սփյուռքը 1969 թ. նշում էին Կոմիտասի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ Բեյրութում լույս տեսնող նշանավոր «Սփիւռք» շաբաթաթերթը բացառիկ մի համար լույս ընծայեց, որտեղ, ի թիվս մի շարք նյութերի, լույս էր տեսել նաեւ Շահան Շահնուրի «Ազատն Կոմիտաս» հոդվածըՙ գրված եւ լույս տեսած 1935 թ.: Հոդվածն այնքան նշանավոր էր ու հանրահայտ, որ գլխավոր խմբագիր Սիմոն Սիմոնյանը հարկ չէր համարել նշել, որ դա վերահրատարակություն է, ոչ էլ հոդվածի վերջում գրության թվականը դնել: Մասնագիտական վրիպում, որը ցավալի թյուրիմացությունների առիթ տվեց Հայաստանում: Բանաստեղծ Վահագն Դավթյանը (որն այդ տարիներին Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի փոխնախագահն էր), երեսունչորս տարվա ուշացումով կարդալով այդ հոդվածը որոշեց բաց նամակ հղել Շահան Շահնուրին («Հայրենիքի ձայն», 21 հունվարի 1970թ.): Սակայն ուշացումի պարագան չէր, որ ցավալի զարմանք (եթե ոչ վրդովմունք) առաջացրեց Հայաստանում եւ Սփյուռքում, այլ նամակագրի ծանր, անարդար եւ անգութ խոսքերը հասցեագրված մեծ գրողին...
Այդ օրերին էր, որ «Գարուն» ամսագրի հասցեով (որտեղ աշխատում էի ես) մի ծրար եկավ Շահան Շահնուրից: Ծրարը բացելուց հետո, զարմանքով փաստեցինք, որ բովանդակությունը հասցեագրված է ոչ թե մեզ, այլ Վահագն Դավթյանին: Ինչո՞ւ էր մեր միջոցով դիմում բանաստեղծին, դժվար է ասել, սակայն ծրարը հասցեատիրոջը հանձնելուց առաջ, որոշեցի արտատպել այդ նամակը (այն ժամանակ քսերոքս չկար): Դժվար է ասել, թե այդ արարքով ես խախտում էի կողմնակի անձանց նամակագրության էթիկան, քանզի Շ. Շահնուրը ծրարը մեզ հասցեագրելով, իրավունք էր տվել կարդալ իր նամակը եւ գուցե պատճենել, մանավանդ որ նամակում անձնական ոչ մի գաղտնիք չկար եւ շոշափվում էր մի նյութ, որն այդ օրերին հուզում էր բոլոր հայ գրողներին: Ծրարն իր պարունակյալի հետ դրվեց մեկ այլ, ավելի մեծ, «Գարունի» մակնիշը կրող ծրարի մեջ եւ ուղարկվեց Վ. Դավթյանին: Կարծում ենք, որ հասել է, պիտի որ հասներ, Խորհրդային փոստն այդ տարիներին անթերի էր աշխատում: Սակայն Վ. Դավթյանը պահպանե՞լ է այդ նամակի ինքնագիրն իր անձնական արխիվում...
Հրապարակելով այսօր այս նամակը, ամենեւին նպատակ չունեմ շարունակել պատմության գիրկն անցած բանավեճը, որն, ըստ էության բանավեճ էլ չէր, այլ մասնագիտական տարրական նորմերի խախտման հետեւանքով ծնված մի ցավալի միջադեպ, որը Շ. Շահնուրին առիթ տվեց գրելու հրապարակախոսական իր հոյակապ հոդվածներից մեկըՙ «Վաղը»: Իսկ մինչ այդ նա ստորագրեց այս նամակը:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ, Սեն-Ռաֆայել, 8 փետր. 1970 թ.
Վահագն Դավթյանին, Երեւան
Սիրելի բանաստեղծ,
Եթե կասկած ունենայի, թե դուք կրնաք մոռցած ըլլալ իմ գոյությունս, բարեկամին մեկը պիտի աճապարեր տարհամոզել զիս: Տեղեկացա, արդարեւ, իմ մեկ հոդվածես դժգոհՙ պարտք տեսեր եք զիս հարցապնդել հրապարակավ: Ատկե բաց նամակ մը:
Ինչո՞ւ բաց նամակ, եթե կհաճիք: Զիս տեսած էիք անձնապես: Ծանոթ էիք հասցեիս: Գիտեիք թե խոր է համակրությունս հանդեպ Խորհրդային Հայաստանի, ինչպես որ իրական է այն փութկոտությունըՙ որով կպատասխանեմ ամեն մեկ նամակի:
Իմ թղթակիցս կբավականանար բաց նամակի գոյության ծանուցումով: Ան կավելցնե, թե խնդրո առարկա դարձուցած եք իմ անձս, իմ կենցաղը, իմ բնակարանը (իբր ճիշտ է, որ բնակարան ունիմ):
Սիրելի բանաստեղծ, մեզի պես մարդոց խարխուլ դուռը գեշ պաշտպանված դուռ մըն է: Հանրությունը կսիրե բռնաբարել մեր մտերմությունը: Այնՙ ինչ որ հանրությունը կընե, մենքՙ գրչի մարդիկս, պետք է խնայենք մեկզմեկու: Չե՞ք կարծեր:
Իմ գրություններուս պարագան տարբեր չէ: Անոնք սեփականությունն են հանրության: Ան, որ կուզե արտատպել, կարտատպե հավատարմորեն կամ ոչ: Կճանչնանք մեր մամուլին սեւն ու ճերմակը: Պետք չեմ զգար զանոնք պաշտպանելու: Գրություն մը պետք է ինքզինքը պաշտպանե, եթե կրնա:
Եվ եթե լավագույն կնկատեմ զբաղիլ ոչ թե անձնական խնդիրներով, այլ զբաղիլ նախընտրաբար, հանրությանը շահագրգռող հարցով, նմանապես ալՙ լավագույն կհամարեմ որոնել համաձայնության դժվարին, այլեւ անհրաժեշտ ճամփան, նախքան վայրէջքը դեպի կրկես եւ մարտահրավեր:
Կգրեմ այն միամիտ հավատքով, թե դուք պաշտպանն եք իրարհասկացողության եւ համաձայնության ոգիին:
Գալով «Ազատն Կոմիտասի», ան գրված է թվականես 32 տարի առաջ, ռամկավար «Ապագայի» համար, զոր կվարեր Հրաչ Երվանդ առանձինն: Այդ թվականին (դուք ծնա՞ծ էիք) դաշնակցական զորեղ եւ տարածված մամուլը կպատրաստեր բացառիկ թիվ մը ի պատիվ Կոմիտասի, «Ապագան» հոդված չուներ: Պատահեցավ, որ բացը գոցելու հոգը իյնա ինծի պես մեկուն վրա, որ, ի շարս բազմաթիվ բաներու, շատ բան չէր հասկնար երաժշտութենե: Այսօր եւս ան չի հասկնար:
Ձերդ անկեղծ զգացումներով ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ
Հ. Գ. - Ձեր նամակը կարդալու համար սպասեցի, որ «Աշխարհը» արտատպե: Մինչեւ օրսՙ ոչինչ: Զարմանալի է իր վերապահությունը: