Առաջին անգամ Հայաստան է ժամանել երիտասարդ երգիչ Բյուզանդ Քլնջյանը: Լիբանանում ծնված Բյուզանդը 1976-ին (երբ չորս տարեկան էր) ծնողների հետ տեղափոխվում է Կանադաՙ Լիբանանում ծագած պատերազմի պատճառով: Հաստատվելով Մոնրեալում, Բյուզանդը նախնական կրթությունը ստանում է տեղի ֆրանսիական դպրոցում եւ միաժամանակ հաճախում հայկական դպրոց: Փոքրուց շարունակ լսելով հայ երգը իր քեռիներից, ի հայտ է գալիս նրա սերը հայկական ժողովրդական երգի նկատմամբ ու հենց այդ ժամանակ էլ սկսում է զբաղվել երգեցողությամբ: Այնուհետեւ Մոնրեալում, Հասմիկ Քավասյանի մոտ քառամյա մասնավոր ձայնի մշակման շրջան է անցնում ու արդեն 13 տարի բեմում է: ԱՄՆ-ում եւ Կանադայում գրեթե բոլոր միջոցառումներին «Բյուզանդը եւ ընկերները» համույթն անպակաս է ու սիրված բոլորի կողմից:
Բյուզանդի երգացանկում տեղ են գտել հայկական ժողովրդական ու ժամանակակից մշակումներ, ինչպես նաեւ 6-7 լեզուներով ժողովրդական երգեր: Երգիչը նաեւ ստեղծագործում է ու արդեն մեկ տասնյակից ավելի երգերի հեղինակ է:
Առաջին անգամ լինելով Հայաստանում, ուրախ է, որ իր պատկերացումները մայր հայրենիքի մասին հրաշալի են. «Շատ համեղ մրգեր ունենք, որը ոչ մի երկրում չկա, բա մեր ջերմուկը, գարեջուրը... ինչպես թվեմ բոլորը: Իմ ամենամեծ երազանքն էր լինել հայրենիքում ու հարգանքի տուրք մատուցել Եռաբլուրում թաղված մեր զոհերի հիշատակին, այցելել Անդրանիկ Զորավարի, Վազգեն Սպարապետի, քաջ Մոնթեի գերեզմաններին... Երջանիկ եմ, որ հայ եմ ու հպարտանում եմ մայր հայրենիքովս...»:
Խանդավառված Բյուզանդն այցելում է Երեւանի մշակույթի օջախներ, մոտիկից ծանոթանում այն ամենին, ինչը հետաքրքրություն է առաջացնում: Հենց այդ հետաքրքրության արդյունքում էլ երգչի մեջ ծնվում է Երեւանում բարեգործական համերգով հանդես գալու գաղափարը: Այդ որոշումը ոգեւորում է նաեւ «Հայկ-Անուշ» բարեգործական կազմակերպության նախագահ Հայկանուշ Գեւորգյանին եւ անմիջապես սկսվում է նախնական պայմանավորվածությունները Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի հետՙ բարեգործական համերգից գոյացած ողջ հասույթը տարեց դերասաններին տրամադրելու նպատակով:
Մի քանի տասնամյակ բեմի զարդը եղած 100-ից ավելի արտիստներ այսօր ուշադրության կարիք ունեն, եւ հենց նրանց պատվին է, որ մի քանի ամսից կիրականացվի բարեգործական համերգը: Սակայն, ինչպես ասաց Բյուզանդը, «սա իմ գործունեության սկիզբն էՙ հայրենիքիս ծառայելու իմ որոշման մեջ... դեռ ընտրելու եմ հարսնացու Հայաստանից ու էլի շատ ծրագրեր ու երազանքներ ունեմ, որ պիտի իրականացնեմ»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ