Երեկ նկարիչների միությունում տեղի ունեցավ գրաֆիկական նկարների եւ քանդակների ցուցահանդեսի բացումը «Գրաֆիկա եւ քանդակ-2004» խորագրով: Ներկայացված են Երեւանի, Գյումրու, Վանաձորի նկարիչների եւ քանդակագործների շուրջ 300 ստեղծագործություններ:
Երկար ընդմիջումից հետո գրաֆիկական նկարներն առաջին անգամ ներկայացվել են 90-ական թվականներին «Հայկական գրաֆիկական նկարներ-90» խորագրով: Երկրորդ անգամՙ 2003-ին հայկական գրաֆիկան ներկայացված է եղել շուրջ 160 հեղինակների ստեղծագործություններով:
Գրաֆիկական ե՛ւ նկարները, ե՛ւ քանդակները ներկայացվել են առանձին-առանձին: Սակայն, ինչպես նշեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ամեն անգամ գրաֆիկական նկարների ցուցահանդեսը կարծես թերի լիներ:
- Մենք որոշեցինք քանդակները ներկայացնել նկարներին զուգահեռ, ասաց նա, որովհետեւ գտնում ենք, որ դրանց համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր, որպեսզի դիտվեն յուրովի: Սա մեծ հաղթանակ է կերպարվեստի բնագավառում եւ նպատակներից մեկն էլ այն է, որ ապագայում ավանդույթ դառնա ու նպաստի գրաֆիկական արվեստի զարգացմանը: Ներկայացված ստեղծագործություններից են «Երազ, որը երբեմն իրականանում է», «Տոնակատարություն», «Զարթոնք», «Երեք մարգարե» եւ այլն:
Ցուցահանդեսը բաց է մինչեւ հոկտեմբերի 17-ը:
ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ, ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ