«Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի նախագահ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ եւ «Վան Արյան» հրատարակչության հովանավորությամբ թատերարվեստի երկրպագուներին եւ մասնագետների դատին է հանձնվել Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող թատերագետ, քննադատ, էսսեիստ, շեքսպիրագետ եւ ժամանակակից թատրոնի լեհ գիտակ Անջեյ Ժուրովսկու «Թատրոնը ճամփաբաժանի վրա» արժեքավոր գրքի հայերեն տարբերակը: Գիրքն արտացոլում է եվրոպական ժամանակակից թատրոնի վիճակը, անցած ուղին, որը մի կողմից փորձում է չկտրվել ավանդականից եւ հանդիսատեսի հետ շփվելու նոր լեզու գտնելու եւ նրան թատերարվեստին կապելու ելքեր է փնտրում: Հեղինակի երկար տարիների ուսումնասիրություններն օգնել են, որպեսզի նա ճիշտ կողմնորոշվի ու կարողանա ներկայացնել եվրոպական թատրոնի գնահատականը, բայց եւ այնպեսՙ խուսափելով կամայական ընտրությունից: Լեհական թատրոնը եվրոպական թատրոնի ընտանիքի շեմին է, եւ հենց այս համապատկերում է, որ Ժուրովսկին փորձել է ներկայացնել եվրոպական թատրոնի անցած եւ նոր դարի զարգացման խաչմերուկները:
Գիրքը հրաշալի ուսումնական ձեռնարկ է թատերարվեստով զբաղվողների համար:
Մ. Մ.