«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է

ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացվող կրթական ծրագրերում ընդգրկվող հայաստանցիների թիվը տարեցտարի նվազում է, որովհետեւ այդ ծրագրերը հովանավորվում են այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ երկիրը դրանց կարիքն ունի:

«Հայաստանն այսօր արդեն կրթական ծրագրերի կարիք չունի», եկող տարվա գլխավոր ծրագրերը ներկայացնելու նպատակով երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քիմբրլի Հարգնը: Տարբեր երկրներում դրանք իրականացնելիս ամերիկյան կառավարությունը ձգտում է տարածել ու քարոզել իր երկրում արդյունավետորեն գործող կրթական մեթոդներն ու գաղափարներըՙ հետագայում այդ երկրների հետ հարաբերությունները դյուրին դարձնելու հեռահար նպատակով:

Հայաստանում դրանց իրականացման համար 1992 թվականից ամերիկյան կառավարությունը ծախսել է մոտ 5-7 մլն դոլար, եւ առայժմ հայտնի չէ, թե երբ կավարտվի նրա աջակցությունը:

Հաջորդ ուսումնական տարում Մ. Նահանգների կրթական հաստատություններում սովորելու հնարավորություն կտան Ազատության աջակցության օրենսդրության «Մասքի», ուսանողական եւ ապագա ղեկավարների փոխանակման, ինչպես նաեւ երիտասարդ դասախոսների զարգացման, Հյուբերտ Համֆրի եւ Ֆուլբրայթ գլխավոր կրթական ծրագրերը: Բոլոր ծրագրերում թեկնածուներն ընտրվում են բաց մրցութային կարգով:

IREX կազմակերպության միջոցով իրականացվող «Մասքին» ապահովում է մագիստրոսի աստիճանի ուսում, ուսանողական ծրագիրն առաջարկում է մեկ տարվա կրթաթոշակՙ ամերիկյան որեւէ համալսարանում կամ քոլեջում ուսանելու համար:

Ապագա ղեկավարների փոխանակման ծրագիրը նախատեսված է միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որոնք ընտրվելու դեպքում մեկ տարի ապրում են ամերիկյան ընտանիքում: Փորձը ցույց է տվել, որ ոչ բոլոր հայաստանցի աշակերտներն են հարմարվում ամերիկյան ապրելակերպին: Թեպետ նրանց ընտրելու ժամանակ «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը հարցազրույց է անցկացնում յուրաքանչյուրի հետ եւ հնարավորինս ծանոթանում նրանց նախասիրություններին, սակայն պատահում են դեպքեր, երբ հայ աշակերտները ոչ մի կերպ չեն հարմարվում իրենց հյուրընկալած ամերիկյան ընտանիքում: Հենց վերջերս Հայաստանից Ինդիանա նահանգ մեկնած աշակերտը դժվարություններ է ունեցել իրեն ընդունած ամերիկյան ընտանիքում, եւ կազմակերպությունը հարկադրված է եղել նրան տեղափոխել մեկ այլ ընտանիք:

Երիտասարդ դասախոսների զարգացման 11-ամյա ծրագրով մեր բուհերի դասախոսները կարող են ընդլայնել իրենց գիտելիքները, տիրապետելով դասավանդման նորագույն մեթոդների եւ նոր ծրագրերի: Հյուբերտ Համֆրի մեկամյա կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է հասարակական ոլորտի միջին տարիքի առաջատար մասնագետների համար, իսկ Ֆուլբրայթ ամերիկագիտության ինստիտուտները ներառում են վեց շաբաթյա գիտական սեմինարներ դասախոսների, ուսուցիչների եւ գիտնականների համար:

Ֆուլբրայթ գիտական ծրագիրը դրամաշնորհ է առաջարկում գիտնականներին եւ մասնագետներին դասախոսելու կամ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու իրենց հյուրընկալող համալսարանում: Առ այսօր այս դրամաշնորհին են արժանացել 43 հայ գիտնականներ:

IREX կազմակերպության ներկայացուցչի ասելով Մ. Նահանգներ ուսանելու մեկնած հայաստանցիների ընդամենը 1 տոկոսը չի վերադառնում, ինչին դժվար է հավատալ, որովհետեւ ոմանց պնդմամբ, այդ տոկոսը հասնում է 30-ի:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4