«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ԱՐՑԱԽԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Արցախի կոմունիստները հոկտեմբերի 6-ին գումարեցին իրենց հերթականՙ 4-րդ համագումարը: Չնայած կոմունիստների մեծ քանակին, ԼՂՀ քաղաքական ներկապնակում նրանց ակտիվությունն այնքան էլ նկատելի չէ: Դա փաստվում է նախ եւ առաջ այն հանգամանքով, որ Արկոմկուսը իր ներկայացուցիչները չունի հանրապետության խորհրդարանում: Միեւնույն ժամանակ կոմունիստները իրենց թեկնածուն չեն առաջադրել ինչպես 2002 թ. ԼՂՀ նախագահական, այնպես էլ, մասնավորապես, այս տարվա օգոստոսին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

Բնականաբար, նաեւ իրենց քաղաքական ակտիվությունը բարձրացնելու խնդիր էր դրված այս համաժողովում: Ներկայացնելով վերջին 3 տարվա գործունեությունը եւ կուսակցության հերթական խնդիրները, ԼՂՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը առաջնահերթեց ԼՂՀ միջազգային ճանաչման հասնելու անհրաժեշտությունը: Այս առումով նա նշեց, որ Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, պետք է քաղաքական կամքը բոլոր քննարկումներում արտահայտի Ադրբեջանի հետ հավասար իրավունքովՙ այս տեսանկյունից ընդգծելով ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ի անմիջական մասնակցությունը: Մյուս կողմից, ըստ Արցախի կոմունիստների ղեկավարի, ԼՂՀ-ն պետք է «եղբայրական բարեկամությունն ու համագործակցությունը ամրապնդի Ռուսաստանի Դաշնության հետ իբրեւ քաղաքական անկախության եւ տնտեսական զարգացման հնարավորության ապահովում»:

Հանրապետության տնտեսության մեջ տեղի ունեցած առաջընթաց քայլերը վկայաբերելով, Հ. Մելքումյանը սակայն Արցախի տնտեսության այսօրվա վիճակը գնահատեց ճգնաժամային, իսկ բնակչության կենսամակարդակըՙ խիստ ցածր, այս առնչությամբ ներկայացնելով կոմկուսի մոտեցումները:

Համագումարի աշխատանքներին մասնակցեց եւ ելույթ ունեցավ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Իսկ ՌԴ կոմունիստների ղեկավար Գ. Զյուգանովն իր կուսակիցներին ողջույնի ուղերձ էր հղել:

Նույն օրը կայացած պլենումում Արցախի կոմկուսի ղեկավար վերընտրվեց Հրանտ Մելքումյանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4