Հավաստում է Արշավիր Գյոնջյանը
Երեքշաբթի օրը խմբագրություն այցելեց կանադահայ ազգային-հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչական ժողովի փոխնախագահ եւ հնագույն անդամ, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ, ՌԱԿ նախկին ատենապետ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կանադայի թեմի թեմական խորհրդի պատվավոր ատենապետ, խոշոր գիտնական դոկտ. Արշավիր Գյոնջյանը, որի հետ մեր աշխատակցի հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Պրն Գյոնջյան, ինչքան մեզ հայտնի է, Դուք լազերային գիտությունների մասնագետ եք: Այդքան լայն հասարակական գործունեություն ծավալելով, ժամանակ գտնո՞ւմ եք զբաղվելու Ձեր մասնագիտությամբ:
- Անշուշտ ազգային-հասարակական աշխատանքները չափազանց շատ ժամանակ եւ նվիրվածություն են պահանջում: Բայց արդեն 35 տարի Մոնրեալի Մքգիլ համալսարանի պրոֆեսոր եմ եւ այժմ իմ անձնական գյուտերով մաս եմ կազմում մի միջազգային ընկերության, որն առավելաբար գործում է Եվրոպայումՙ Ֆրանսիայում, եւ որի նպատակն է պայքարել ապրանքների (հիմնականում օծանելիքի եւ դեղորայքի) կեղծարարության դեմ:
- Դուք շատ վաղուց եք հաստատվել Կանադայում եւ կարելի է ասել, որ հայկական գաղութի հիմնադիրներից եք: Ի՞նչ վիճակում է համայնքը:
- Գաղութը թեեւ սկսել է կազմավորվել 20-րդ դարի սկզբներին, սակայն հոծ թվով հայեր, գալով հիմնականում Եգիպտոսից եւ Պոլսից 60-ական թվերին եւ ավելի ուշ նաեւ Հունաստանից, Լիբանանից եւ Սիրիայից, համալրել են, եւ ներկայիս համայնքը հաշվում է մոտ 70 հազար: Հայերի մեծ մասը ապրում է Մոնրեալում եւ Տորոնտոյում, մի փոքր մասըՙ Վանկուվերում: Համայնքն ապրում է չափազանց աշխույժ գործունեությամբ: Սակայն, բնական է, 60-ականներին պետք էր այդ բոլորը զրոյից ստեղծել: Եկեղեցի, դպրոց, թերթ, մշակութային կենտրոններ: Մոնրեալում հիմնադիրն ու նախագահն եմ եղել ՀԲԸՄ Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանի, որն իր հիմնադրման 35-րդ տարեդարձն է նշում: Ունի 450 երկսեռ աշակերտություն, որի տարիքը 3-14 է: Մինչ օրս տվել է 1500 շրջանավարտներ եւ որոշ իմաստով գաղութի սյունն է:
Հիմնադիրներից եմ նաեւ երեք լեզվով (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթի, որը հաջորդ տարի կբոլորի իր հրատարակության 30-ամյակը: Բացի վերոհիշյալներից, գործում են նաեւ «Սբ. Հակոբ» եւ «Նարեկ» վարժարանները, հրատարակվում է «Հորիզոն» շաբաթաթերթը: Բարեգործականի Ալեք Մանուկյան վարժարանի մակարդակը շատ բարձր է, եւ ամենաբարեկեցիկ ընտանիքներն անգամ չեն վարանում իրենց զավակներին ուղարկելու այնտեղ: Ի դեպ, վարժարանի շենքը ՀԲԸՄ-ի հանգուցյալ նախագահ Ալեք Մանուկյանի ամբողջական նվերն է:
Գաղութն առանց եկեղեցու չէր կարող գոյատեւել, ուստի այդ տարիներին ստեղծվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդությունը, որտեղ այժմ ձեռնհասորեն սպասարկում է որպես կանադահայ թեմի առաջնորդ Սբ. Էջմիածնում պատրաստված Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
- Դուք այստեղ եք գտնվում մասնակցելու ՀԲԸՄ-ի համաժողովին: Մի քանի խոսք այդ մասին:
- Ընդհանուրի համաձայնությամբ որոշվեց ՀԲԸՄ-ի 83-րդ տարեկան համաժողովն անցկացնել հայրենիքում: Շաբաթ օրվանից սկսած մեծ խանդավառության մթնոլորտում են անցնում միջոցառումները: Մասնակցում են աշխարհի չորս ծագերից եկած մոտ 350 պատվիրակներ: Քննարկվում է միության աշխարհատարած գործունեությունը նյութական եւ բարոյական ասպարեզներում: Ուսումնասիրվում են նաեւ Հայաստանում եւ Արցախում կրթական ոլորտի բարելավման եւ երիտասարդների ապագայի նոր ուղիներ: Փորձում ենք կիրառել բացի դասական, ընդունված ծրագրերից, նաեւ այլՙ նորագույն ծրագրեր, հաշվի առնելով տեղի պայմաններն ու պահանջները:
- Խոսելով կրթական ոլորտի մասին, չենք կարող չանդրադառնալ Մելգոնյանին: Այս օրերին շատ է խոսվում Բարեգործականի բյուջեի ճեղքվածքի եւ վարժարանի վաճառքից ստացած փողերը Մ. Նահանգներ տեղափոխելու մասին: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
- ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության որոշումը մեծ աղմուկ եւ վրդովմունք առաջացրեց տեղեկատվության պակասի հետեւանքով: Ուզում եմ հաստատել առանց վարանումի, որ փակումը կալվածքի նյութական արժեքներից օգտվելու մտադրության արդյունքը չէ երբեք: Ընդունելով հանդերձ, որ բարձր արժեք է ներկայացնում, որոշումը ընդունելու պատճառը դա չի եղել: ՀԲԸՄ-ի նյութական վիճակը այսօր ավելի լավ է, քան երբեւէ: Միայն վերջին տարվա ընթացքում Բարեգործականի եկամուտները ավելացած են նվազագույնը 15 մլն դոլարով: Դա շնորհիվ մեծարժեք նվիրատվությունների, որոնք բարերարների կողմից արվում են հաշվի առնելով, որ միությունը շարունակում է վայելել բացարձակ վստահություն:
Փակման բուն պատճառն, ուրեմն, այն է, որ ժամանակի ընթացքում, շրջանի քաղաքական զարգացումների եւ սփյուռքահայերի դեպի Արեւմուտք տեղափոխման հետեւանքով, Մելգոնյանը կորցրեց աշակերտների բնական հոսքը եւ բավական ժամանակ կշարունակեր իր գոյությունը պահպանել լոկ հնուց հաստատված իր ավանդույթի ուժով: Վարժարանը նաեւ չկարողացավ պահպանել իր անցյալի դիմագիծը: Որեւէ կրթական հաստատություն չի կարող գոյատեւել այս երկուսիՙ քանակի եւ որակի բացակայության պայմաններում: Հարցը տասնյակ տարիներ գոյություն ունեցել է, բայց լուծումները միշտ հետաձգվել են: Այժմ վարժարանը փոխարինվելու է Հայաստանում եւ այլ նպատակահարմար գաղութներում իրականացվելիք կրթական նոր ծրագրերով:
Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ