«Հայերը բավական անտարբեր են իրենց հոգեկան առողջության խնդիրների հանդեպ», ասում է բելգիացի Լյուկ Վան Բալենը
2 օրից ողջ աշխարհում կնշվի հոգեկան առողջության համաշխարհային օրը:
Երկրաշարժ ու սոցիալական աղետներ տեսած Հայաստանում հոգեբանական ծառայությունների գոյությունը կենսական անհրաժեշտություն է: Սակայն այդ ծառայություններից օգտվելու ոչ ցանկություն, ոչ էլ առավել եւս մշակույթ գոյություն չունի Հայաստանում: Երկրաշարժից անմիջապես հետո մի քանի հոգեբանական ծառայություններ ստեղծվեցին, որոնք, կարճ ժամանակ անց, այցելուներ չլինելու պատճառով փակվեցին:
Առողջության համաշխարհային կազմակերպության եւ միջազգային առողջապահական միությունների նախաձեռնությամբ Հայաստանում եւս այս մշակույթը ձեւավորելու փորձեր են արվում: Արդեն 2 տարի Սեւանում հիմնվել է Հոգեկան առողջության պրոբլեմներ ունեցող հիվանդների զբաղվածության ցերեկային կենտրոն: Այստեղ այցելում են Սեւանի հոգեբուժարանից դուրս գրված եւ ամբուլատոր բուժում ստացող հիվանդները: Կենտրոնում ձեռագործի, գոբելենագործության, նկարչական, համակարգչային խաղերի սրահներ կան: ԱՄՆ-ի «Խաղաղության կորպուսի» կամավորները ցանկացողներին նաեւ անգլերեն ու համակարգիչ են սովորեցնում: Զբաղեցնելով իրենց միտքը, հիվանդները հեռու են մնում սեւեռուն գաղափարներից, ընկերներ ու ծանոթներ ձեռք բերում եւ իրենց հասարակության լիարժեք անդամ զգում, ինչը կենտրոնի գլխավոր նպատակն է: Ցերեկային կենտրոնը արդեն 50-ից ավելի մշտական այցելու ունի:
Սեւանի հոգեկան առողջության կենտրոնում գործում են հոգեբույժի, հոգեբանի, մանկական հոգեբույժի ծառայություններ: Դեղորայքն ու սպասարկումն այստեղ ամբողջությամբ անվճար են: Կենտրոնի սոցիալական աշխատողի վկայությամբ, սեւանցիներն այս 2 տարվա ընթացքում սովորել են ավելի հաճախ օգտվել հատկապես կենտրոնի հոգեբանների ծառայությունից: Որպես կանոն, նրանք դիմում են սոցիալական վիճակից առաջացած հոգեկան ճգնաժամերի դեպքում:
Շատ են նաեւ առողջության կենտրոնի մանկական հոգեբույժի այցելուները: Բազմաթիվ օրինակներ կան, որ առանց դեղորայքային միջամտության հաջողվել է երեխաներին ձերբազատել վախի ու սարսափի, ընկճվածության, մեկուսացման զգացողություններից, բուժել նույնիսկ գիշերամիզությունը: Արտաքուստ անմեղ թվացող այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են անքնությունն ու ախորժակի կորուստը, հետո կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Հոգին նույնկերպ բուժման կարիք ունի, ինչպես մարմինը:
Երեւանում օրերս ընթացող Հոգեբույժների միջազգային գիտաժողովին մասնակցում են նաեւ Բելգիայի «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության մասնագետները: Լյուկ Վան Բալենը Գեղարքունիքի մարզում իրականացվող հոգեկան առողջության ծրագրի կոորդինատորն է: Նրա գնահատմամբ, հոգեկան առողջության պրոբլեմներն ամբողջության մեջ նույնն են աշխարհի բոլոր երկրներում, դրանց խթանման պատճառները ամեն տեղ` յուրատեսակ: Հայաստանում հոգեկան հիվանդությունների տարածման դրդապատճառներ դարձան երկրաշարժը, Արցախի պատերազմը, սոցիալական անլուծելի խնդիրները:
Մոտավոր հաշվարկներով այսօր Հայաստանում հաշվվում է 30 հզ. հոգեկան հիվանդ, բայց հարյուրավորները կան, որ չեն էլ հաշվառվել կամ դիմել բժշկի: Նրանցից շատերին այսօր էլ կարելի է հանդիպել փողոցներում, անպաշտպան, ակնհայտորեն ստացիոնար բուժման կարիք զգացող: Պետությունը, սակայն, ի վիճակի է միայն այս հիվանդների նվազ քանակի համար ապահովել պետպատվերային բուժում: Լյուկ Վան Բալենը խոստովանում է, որ իրենց առաքելությունը դեռեւս չունի Հայաստանում այս հիվանդության տարածվածության ու պրոբլեմների լիարժեք պատկերը, սակայն մտադիր են մի քանի տարվա ընթացքում գոնե մասնակի հաղթահարել բոլոր խնդիրները: Առայժմ նա կարծում է, որ «Հայաստանի համար հատկանշականը եվրոպացիների համեմատ բավական անտարբեր վերաբերմունքն է հոգեկան առողջության նկատմամբ: «Եթե մեզ մոտ, Բելգիայում, առաջնային խնդիրը հիվանդներին բուժական հաստատություններից դուրս բերելն ու նրանց հասարակությանը ինտեգրելն է, Հայաստանում նախ եւ առաջ մարդկանց պետք է համոզել, որ դիմեն հոգեբուժական ծառայությունների»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ