«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2004-10-07 | #177, 2004-10-08 | #178, 2004-10-09


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ՑԱՄԱՔՈՎ ԵՎ ԾՈՎՈՎ

Կքննարկվի՞ այս հարցը Քոչարյան-Սաակաշվիլի թբիլիսյան առաջիկա հանդիպման ընթացքում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Ռուս-վրացական սահմանը Վերին Լարսում մնում է փակ: Սեպտեմբերի 1-ին փաստացի փակված սահմանը Ռուսաստանը համապատասխան հրամանագրով ամրագրել է միայն սեպտեմբերի 15-ին: Հայկական կողմին պաշտոնապես այդ մասին տեղեկացվել է միայն սեպտեմբերի 20-ին, երբ արդեն սահմանային անցակետում սպասողների թիվը անցել էր 1000-ից: Ընդ որում, սահմանի փակման մասին որեւէ զգուշացում նախօրոք չի եղել, եւ մարդիկ անտեղյակ շարունակել են մոտենալ սահմանային անցակետին:

Վրացական կողմը հայտարարում է, որ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի հատվածում Վրաստան մուտքը բաց է: «Սահմանը բաց է վրացական կողմից եւ փակՙ ռուսական կողմից: Մենք ամեն պահի պատրաստ ենք ապահովելու Հայաստան շարժվող ավտոմեքենաների` սահմանն անցնելու մաքսային եւ անձնագրային սպասարկումը: Վերջին անգամ այս հատվածով ռուսական կողմը մի քանի ավտոմեքենաների բաց է թողել սեպտեմբերի 9-ին եւ 12-ին 2-ական ժամով», «Ազգի» հետ զրույցում ասաց Վրաստանի մաքսային գերատեսչության «Հյուսիսային» մաքսակետի ղեկավար Կախա Միքելաձեն:

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը, ըստ էության, Վրաստանի եւ Հայաստանի ցամաքային շրջափակմանն ավելացրեց նաեւ ծովայինը: Ռուսական կողմը, ըստ մեր տեղեկությունների, բեռնալաստանավի նորոգման պատրվակով երկու շաբաթով դադարեցրեց Փոթի-Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները:

Երկու շաբաթն արդեն վաղուց լրացել է: Ըստ ռուսական կողմի պատճառաբանության, հնարավորություն կլինի Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհը վերագործարկել հոկտեմբերի 18-ից ոչ շուտ: Ինչպես հայկական «Ապավեն» ընկերության նախագահ Արսեն Ղազարյանն էր ավելի վաղ մեր թերթին տեղեկացրել, Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն իրականացվում են հենց Փոթի-Նովոռոսիյսկ գծով:

Վերին Լարսի ցամաքային ճանապարհին բաժին է ընկնում հայ-ռուսական բեռնափոխադրումների մոտ 20 տոկոսը: Ձմռան ամիսներին այս ճանապարհը դառնում է դժվար անցանելի: Սակայն այս պահին ամենակարեւորը Դարյալի կիրճում կուտակված մեքենաների համար մինչեւ ձյան գալը կիրճից դուրս գալն է:

Ռուսական կողմը հստակ չի նշում, թե երբ է բացելու ճանապարհը, չնայած նախապես արված հայտարարություններին, թե սահմանն արդեն բաց է: «Դեսպանատունը չի զբաղվում սահման բացել-փակելու հարցերով: Ես չեմ կարող ձեզ նման տեղեկություն տրամադրել», սահմանի բացման առնչությամբ որեւէ տեղեկություն ունենալու մասին մեր հարցին այսպես պատասխանեցին Վրաստանում Ռուսաստանի դեսպանատնից:

Ռուսական կողմը ինքը փակելով սահմանը եւ թույլ չտալով դեպի Հայաստան եւ Հայաստանից Ռուսաստան շարժվող բեռնատարներին անցնել Վրաստան, լրատվամիջոցներով տարածում է տեղեկություններ, թե իբր վրացական կողմն է խոչընդոտում: Այս ապատեղեկատվությունը հիմք է ծառայում որոշ հայ պաշտոնյաների եւ լրատվամիջոցների համար: Ընդ որում, հայկական պաշտոնական լրատվությունը նշում է, թե Քոչարյան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքում ռուսական կողմը բացել է սահմանը, իսկ ահա վրացական կողմը շարունակում է համառել:

Իրականում ռուսական կողմը չի փակել միայն ռուս-վրացական սահմանի Ռոքիի թունելի հատվածը: Այսպես, սահմանի ռուսական կողմում կուտակված հայերին թույլ են տվել մտնել Հարավային Օսիա, որտեղ նոր ծագող խնդիրները արդեն կապված են վրաց-հարավ օսական հակամարտության հետ: Վրացական կողմը բազմիցս հայտարարել է, որ գոյություն ունի օրինական գործող ռուս-վրացական սահմանային մեկ անցակետ` Վերին Լարսը:

Փաստորեն, ռուսները հայերին թույլ են տալիս, անգամ որպես միակ ելք խրախուսում են վրաց-ռուսական սահմանն անցնել Հարավային Օսիայով` հստակ գիտակցելով, որ հետագա ճանապարհը փակ է լինելու: Այսինքն` ռուսական կողմը Ռոքիի թունելով հայերին ճանապարհ տալով տարօրինակ վիճակի մեջ է դնում վրացական կողմին: Վերջինս չճանաչելով սահմանի այս անցակետը` խոչընդոտում է Հայաստան մեկնողներին ու այս կերպ նոր գլուխկոտրուկ առաջացնում հայ-վրացական հարաբերությունների համար:

Ի դեպ, այս խնդիրները կարող են մոտակա օրերին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով քննարկման առարկա դառնալ: Ըստ Վրաստանի նախագահի գրասենյակի, հոկտեմբերի 22-24-ը Թբիլիսի է ժամանելու Հայաստանի նախագահը: «Ազգին» նախագահական գրասենյակից չհստակեցրին այցի բնույթը` պաշտոնական թե աշխատանքային, եւ հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4