«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2004-10-07 | #177, 2004-10-08 | #178, 2004-10-09


ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑ Է, ՓԱՍՏԱՑԻՙ ՓԱԿ

Հայ-վրացական տնտեսական կապերի վերականգնման միտումով

Նորաստեղծ Հայ-վրացական գործարար ասոցիացիան նպատակ ունի հետխորհրդային տարիներին կորցրած տնտեսական, մշակութային կապերը վերականգնել եւ խորացնել: Բացի տնտեսական շահերից, այս կառույցը կարող է հող ստեղծել քաղաքական դաշտում ձեռքբերումներ արձանագրելու համար, քանի որ ինտեգրումը կարող է մեծապես նպաստել Անդրկովկասի տնտեսական զորացմանը, ինչը կստիպի շատերին հաշվի նստել տարածաշրջանի երկրների հետ: Երեկ Արմենպրեսի մամուլի սրահում այս վստահեցումները ներկայացրեց Հայ-վրացական գործարար ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Նա տեղեկացրեց, որ ասոցիացիայի թբիլիսյան հիմնադիր ժողովին մասնակցած վարչապետ Զուրաբ Ժվանիան, վկայակոչելով Ադրբեջանի տնտեսական զարգացումը, կարեւորել է դրան հակակշիռ տնտեսական հզորություն ստեղծելու անհրաժեշտությունը: Ըստ Բադալյանի, երկուստեք անհրաժեշտ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունն առկա են: Առաջիկայում ասոցիացիան կլուծի հայկական եւ վրացական ազգային արժույթներիՙ դրամի եւ լարիի փոխանակման խնդիրը, հետագայում Երեւան-Թբիլիսի-Բաթում մարդաշատ գնացք կգործի նաեւ տուրիզմի զարգացման նպատակով: Վրաստանը մրցութային կարգով վաճառքի է դրել Բաթումի եւ Փոթիի նավահանգիստները, որոնց դերը մեր երկրի համար փոքր չէ, եւ ասոցիացիան, նախագահի հավաստմամբ, փորձելու է միավորելով գործարարների ուժերըՙ գոնե մոտակա նավամատույց ձեռք բերել, քանի որ ավելին ուղղակի անմատչելի է: Վլադիմիր Բադալյանը գտնում է, որ առաջնային խնդիրն արագ ինտեգրումն էՙ ամեն ինչից զատ նաեւ Վրաստանին, որպես տնտեսական գործընկեր չկորցնելու համար: Վլադիմիր Բադալյանը վստահեցրեց, որ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների պայմանավորվածության հիման վրա սահմանը պաշտոնապես բաց է: Ազատ փոխադրումներ ապահովելու համար մնացել է լուծել տեխնիկական խնդիրները:

Սա ասվեց նաեւ ականատեսի իրավունքով ու փաստվեց, որ երկու օր առաջ երեկոյան սահմանն անցել է 3 ուղեւորատար մեքենա, եւ Հայաստան են ուղեւորվել ՀԱԷԿ-ի համար կարեւորություն ունեցող բեռներ տեղափոխող մեքենաներ: Նշված տեխնիկական խնդիրների լուծման համար, Բադալյանի հավաստմամբ, դեռ պետք է պատկան մարմինների ներկայացուցիչները հավաքվեն, քննարկեն եւ հետո միայն իրականացնեն: Մինչդեռ արդեն 40 օր «պատանդի» վիճակում հայտնված մարդիկ սննդի, հագուստի, դեղորայքի կարիք ունեն, ինչի մասին, ըստ Վլադիմիր Բադալյանի, պետք է մտածեն այն կազմակերպությունները, որոնց շահերն անմիջականորեն շոշափվում են ստեղծված իրավիճակում: «Արմենիա լադա» կազմակերպությանը պատկանող շուրջ 100 մեքենաների վարորդների սննդի հարցը եթե կազմակերպությունը կորոշի լուծել, ապա մենք կաջակցենք փոխադրման հարցում: Իսկ Լարսում հայտնված մնացյալ ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման հարցերը, Վլադիմիր Բադալյանի հավաստմամբ, դեռ պետք է քննարկվեն: Ստացվում է, որ սահմանը պաշտոնապես բաց, սակայն փաստացի դեռեւս փակ է:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4