Չեչնիայում ռուսական զորքի հատուկ գործողության ընթացքում հինգշաբթի օրն սպանվել է մի օտարերկրացի: Պարզվել է, որ այդ վարձկանը Կանադայի քաղաքացի է: Նրա անունը Խալիլ Ռուդվան է: Այդ մասին երեկ ՌԻԱ գործակալության թղթակցին հայտնել է Հյուսիսային Կովկասում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շտաբի ներկայացուցիչ Իլյա Շաբալկինը:
Նրա խոսքերով, սպանված 4 գրոհայիններից մեկն Ասլան Մասխադովի թիկնապահ Ահմեդ Ավտորխանովին ենթակա ելուզակախմբի պարագլուխ Այուր Գուչագովն է:
ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ ջոկատը ելուզակախումբը շրջապատել էր Չեչնիայի Կուրչալոյի շրջանում: Օպերատիվ տվյալների համաձայն, Խալիլ Ռուդվանը պետք է փոխարիներ ձերբակալված ալժիրցի Աբու Մուսհաբին:
Կանադացին որպես զբոսաշրջիկ անցել էր Ադրբեջանով ու Դաղստանով եւ թափանցել Չեչնիա: Այստեղ նրան ուղեկցել էին Ավտորխանովի խմբավորման գրոհայինները: Ելուզակներն սպանվել էին Նիկի Խիտա գյուղի շրջանում:
Սեպտեմբերի 17-ին Հյուսիսային Կովկասում ձերբակալված Աբու Մուսհաբի իսկական անունն է Քամալ Բուռախլա: Մեծ Բրիտանիայում կեցության իրավունք ունեցող այդ ալժիրցին 2001 թվականից գործում էր Չեչնիայում: