«Շատ լուրջ մի ընդունեք ամեն ինչ», խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանը լրագրողներին
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցության հնարավորությունը դիտարկում է խիստ ուտիլիտար տեսանկյունից: «Թուրքիան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել եվրոպական արժեքների համակարգում, բայց մեզ համար շատ լավ կլինի, որ նա անդամակցի Եվրոմիությանը», ասաց նա Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա դա բացատրում է նոր, Հայաստանի համար դրական գործառույթների զարգացման հնարավորությամբ: Օրինակ, Թուրքիան Հայաստանին պետք է նաեւ իբրեւ այլընտրանքային ճանապարհի տարբերակ, թեեւ Գալուստ Սահակյանն այնքան էլ սարսափած չէ ռուս-վրացական սահմանի արգելափակման փաստից: Դա լոկ ժամանակավոր դրվագ է, որը չի կարող վճռորոշ հետեւանքներ ունենալ:
Ճիշտ նույնպիսի լավատեսությամբ Գալուստ Սահակյանը վերլուծում է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: ՕԵ-ի եւ Ժողպատգամավորի 2 ներկայացուցիչների` քաղաքական դաշտը ապականած առճակատումը նա նույնիսկ անվանեց 2 անձերի անցողիկ միջադեպ, որ չի կարող ազդել այժմ առկա քաղաքական գործառույթների վրա: «Խորհրդարանում ոչինչ չի տեղաշարժվելու, Արթուր Բաղդասարյանը մնալու է նախագահ, իսկ ՕԵ-ն ու Ժողպատգամավորը պահպանելու են հրաշալի փոխհարաբերություններ»:
Կրքերն էլ ավելի չբորբոքելու համար հանրապետականը դեմ է նույնիսկ, որ ԱԺ նախագահը Հակոբ Հակոբյանի պահանջած հաշվետվությունը ներկայացնի, «առավել եւս, որ Արթուր Բաղդասարյանը դժվար թե թաքցնելու բան ունենա»:
Նույնկերպ նա բավական ներողամտությամբ գնահատեց Արմեն Ռուստամյանի մեղադրանքները հանրապետությունում պլուտոկրատիայի`«քսակիշխանության» տիրապետության մասին: Հանրապետականը դա իր վրա չի վերցնում, չնայած իշխանության վերին էշելոնում է:
Անտեղի է համարում նաեւ կոալիցիայի մահվան մասին շրջանառվող խոսակցությունները: «Շատ լուրջ մի ընդունեք ամեն ինչ», խորհուրդ տվեց նա լրագրողներին:
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին անդրադառնալով, հանրապետական խմբակցության ղեկավարը բավական կոշտ գնահատական տվեց օրենսգրքի քննարկումներին անմիջապես նախորդած 44-րդ ընտրատարածքի ընտրությունների արդյունքներին. «Եղվարդի ընտրությունները մինչ այժմ եղածների մեջ պետք է բացառիկ համարել բացասական իմաստով: Այնտեղ քաղաքական գործոն չկար, կատարվածը տեղական մակարդակի ընդվզումներ էին, դրան գումարվեց նաեւ ժողովրդի սոցիալական վիճակը եւ ամեն ինչ խճողվեց»:
Նման ընտրությունների փորձն ունենալով, որքանո՞վ հավանական կլինի գալիք նոր ընտրությունների արդար անցկացումը: Գալուստ Սահակյանը պատրանքներ չունի, թե նույնիսկ անթերի օրենսգիրքը կարող է գոնե տանելի ընտրություններ ապահովել, եթե չկա քաղաքական կամքը:
Քաղաքական կամք ասվածը սովորաբար գործող իշխող ուժի ձեռքում է լինում: Իշխող ուժը կոալիցիան է, որի գոնե 2 թեւերը անընդհատ խոսում են ազատ ընտրությունների մասին: Արմեն Ռուստամյանն էլ ոչ շատ առաջ, այս ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ կրկին շեշտադրեց, թե իրենք ամեն ինչ կապում են արդար ընտրությունների հետ:
Հանրապետական կուսակցության ողջ կորիզը գործադիր ասպարեզում է, ազատ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում է նաեւ նույն վիճակին հավակնող «Օրինաց երկիրը»: Ստացվում է, որ ամեն մեկը մյուսին ակնարկելով, իրեն բացառություն է անում, եւ ընտրությունների ճակատագիրը դարձյալ մնում է անորոշ, անշոշափելի քաղաքական կամքի քմահաճույքին: Բայց թե ում ձեռքում է այն, ոչ ոք չի էլ փորձում ակնարկել: Ուր էլ լինի, իրական իշխանությունն այնտեղ է: Այդ կամքի փոփոխման մասին պիտի խոսել, ոչ թե օրենքի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ