«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2004-10-07 | #177, 2004-10-08 | #178, 2004-10-09


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՇԻՐԱԿՈՒՄ

1994 թվականից սկսած Գյումրիում երկու տարին մեկ անցկացվողՙ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական գիտաժողովները հայագիտության «տարածքային» զարգացման կայուն խթան են դարձել: Դրանց գործուն մասնակցություն են ունենում հանրապետության ու տեղի ինչպես ակադեմիական, այնպես էլ այլ գիտական, բուհական, թանգարանային ու մյուս հաստատությունների մեծ թվով առաջատար եւ երիտասարդ գիտնական-մասնագետներ: Հերթականՙ թվով վեցերորդ եռօրյա գիտաժողովի ընթացքում, որը կանցկացվի այս տարվա հոկտեմբերի վերջին, կներկայացվեն եւ գիտական շրջանառության մեջ կդրվեն շուրջ ութ տասնյակ զեկուցումներ, հաղորդումներ ու հրապարակումներ հնագիտության, ազգագրության, բանասիրության, էթնոսոցիոլոգիայի, ժողովրդագրության, մշակույթի եւ արվեստի տարբեր բնագավառների նորագույն ուսումնասիրությունների վերաբերյալ:

Արդեն մի քանի տարի ոչ միայն այս գիտաժողովների, այլեւ մարզում ոլորտի շարունակական զարգացման կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ստեղծվածՙ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (ՇՀՀԿ): Հիմնվելով 1997 թվականին, հանրապետության մարզերում առաջին եւ առայժմ միակ հայագիտական այս կենտրոնը մինչեւ անցյալ տարի գործում էր որպես ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ, իսկ այս տարվա սկզբից կառավարության որոշմամբ դարձել է ինքնուրույն ակադեմիական հաստատություն: Ինչպես տեղեկացրեց ՇՀՀԿ տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Սերգո Հայրապետյանը, ներկայումս այստեղ պետական ֆինանսավորմամբ իրականացվում է տարբեր ուղղության հինգ գիտական թեմաների ուսումնասիրություն, որում ընդգրկված են կենտրոնի տասնվեց գիտաշխատողներ: Մի թեման Անիի նորահայտ արվարձանի պեղումներն են, որոնց մասին «Ազգը» տեղեկացրել է: Հետազոտությունների ընթացիկ արդյունքները պարբերաբար ներկայացվում եւ քննարկվում են կենտրոնում կամ երբեմն էլ ուսումնասիրվող նյութին անմիջապես մոտ (օրինակՙ պեղավայրում) կազմակերպվող գիտական սեմինարներում, տարբեր հրատարակություններում եւ այլուր:

Կենտրոնը նաեւ հրատարակչական աշխատանք է իրականացնումՙ մասնավորապես լույս ընծայելով իր «Գիտական աշխատություններ» տարեկան ժողովածուն: Արդեն լույս են տեսել վեց ժողովածուներ, որոնցում Շիրակին վերաբերող նյութը ոչ միակը, բայց առաջնայինն է: Մինչ այժմ հրատարակվում էին նաեւ հիշյալ գիտաժողովների զեկուցումների հիմնադրույթները: Այս անգամ արդեն հնարավորություն է ստեղծվում տպագրելու դրանց նյութերն ամբողջությամբ: Իհարկեՙ այստեղ եւս ոչ առանց հովանավորների աջակցության: Ասենք նաեւ, որ ՇՀՀԿ-ն պատրաստում է եւ մինչեւ տարեվերջ կունենա իր էջը ինտերնետ ցանցում:

Հայագիտական կենտրոնի աշխատանքի հետագա ծավալման ու խորացման հիմնական եւ արդեն լուրջ խոչընդոտն այսօր, ինչպես նշեց տնօրենը, շենքային պայմանների բացակայությունն է: Եղածն առայժմ ընդամենը մի սենյակ էՙ բարեկամաբար տրամադրված արվեստի բուհերից մեկի տարածքում: Սակայն այդ մի սենյակում հնարավոր չէ ֆոնդեր հավաքել, մշակել, դրանց համար տեխնիկական եւ այլ անհրաժեշտ միջոցներ ունենալ, մի խոսքովՙ լիարժեք աշխատել: Մնում է հուսալ, որ համարժեք ուշադրության դեպքում այս խնդրին եւս որեւէ հիմնական լուծում կգտնվի:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4