«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2004-10-07 | #177, 2004-10-08 | #178, 2004-10-09


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱԿ ՓԱԿ ԿՈՐՏԸ

Շուրջ երեք տարի Երեւանում ընթանում է «Սպիտակ» գիտաարտադրական, մարզաառողջարանային համալիրի շինարարությունը, որի հիմնադիրն է ծնունդով սպիտակցի, ներկայում Մոսկվայում բնակվող գործարար Նորայր Մուրադյանը: Նրա հրավերով երեկ լրագրողները շրջեցին կառուցվող համալիրում, ծանոթացան օբյեկտներին: Առաջինը շահագործման է հանձնվել «Taraflex» տիպի հատուկ ծածկույթով թենիսի փակ կորտը, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ Անդրկովկասում: Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նման կորտեր են կառուցվել միայն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիեւում եւ Տաշքենդում: Հենց կորտում էլ հանդիպեցինք հայկական թենիսի նվիրյալներից մեկինՙ Հրաչյա Իսրայելյանին, որը երկար տարիներ եղել է մարզաձեւի ֆեդերացիայի նախագահը եւ մեծ ավանդ ունի հանրապետությունում թենիսի զարգացման գործում: Նրան էլ խնդրեցի տեղյակ պահել կատարվող աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին:

- Այս տիպի թենիսի կորտ Հայաստանում առաջին անգամ է կառուցվում: Այն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Երբ 3 տարի առաջ Նորայր Մուրադյանն ինձ հրավիրեց աշխատելու, միտք հղացավ թենիսի մարզակումբ հիմնադրել, որն անվանեցինք «Սպիտակ»: Կառուցվում է թենիսի երկու կորտ, որոնցից մեկն արդեն 15 օր է շահագործման է հանձնվել: Մյուսի աշխատանքներն ավարտման փուլում են: Բացի այդ, կառուցվում է 80 մ երկարությամբ մի մարզական պատ, որի վրա իրենց տեխնիկան կարող են հղկել սկսնակ թենիսիստները: Պատի երկայնությամբ թենիսի 8 բացօթյա խաղադաշտեր են գործելու:

Առայժմ սկսնակ թենիսիստների մեկ խումբ է գործում, սակայն աշխատանքներն ամբողջովին ավարտելուց հետո պարապողների թիվն անհամեմատ կաճի: Իհարկե, խմբերը կգործեն վճարովի հիմունքներով, սակայն երեխաների համար կլինեն որոշակի զեղչեր, իսկ մեծահասակների եւ մարզիկների համարՙ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Նախատեսում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին թենիսի միջազգային հուշամրցաշար անցկացնելՙ այն դարձնելով ավանդական: Այս մարզահամալիրում հնարավոր է անցկացնել ցանկացած մրցաշարՙ սկսած Հայաստանի առաջնությունից մինչեւ միջազգային կարգի: Իսկ ձմռանը թենիսի փակ կորտերը պարզապես անփոխարինելի կլինեն մարզաձեւի սիրահարների համար, ինչը հնարավորություն կընձեռի նրանց մարզվելու ողջ տարին:

Բացի թենիսի կորտերից, կառուցվում են նաեւ 20x25 մ լողավազան, սաունաներ, մարզասարքերի մարզադահլիճ: Այնպես որ հաջորդ տարեվերջին շահագործման հանձնվելիք «Սպիտակ» գիտաարտադրական, մարզաառողջարանային կենտրոնի հաճախորդները հնարավորություն կունենան եւ զբաղվել գիտական գործունեությամբ եւ կոփել առողջությունըՙ համատեղելով օգտակարը հաճելիի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4