Ծանրաբեռն ակադեմիական գրասեղանը նրան երբեք չի անջրպետել, այսպես ձեւակերպեմՙ ոչ գիտական, պարզ, մարդկային շփումներից: Ժամանակից միշտ է դժգոհՙ աշխատություններս պետք եղածին չափ չեղան, բայց գիտականՙ մեր չափումներով ստվարացող արտադրանքի կողքին նա հասցնում է համայնքային աշխատանք տանել, նոր ներկայացումներից ու ցուցահանդեսներից, գեղարվեստական արժեքավոր հրատարակություններից իրեն չի զրկում: Սրան հավելենքՙ կնամեծար է, սիրելիների, բարեկամների հանդեպ առատաձեռն, իսկ արեւմտահայի իրեն հատուկ հումորը միշտ հարթում է օրվա կնճիռները: Միշտ է ասումՙ տարեդարձիս բաժակաճառերու, այդ տեսակ ուշադրության երբեք կարեւորություն չեմ տված, ու թերեւս այսօր «Ազգի» հավատարիմ ընթերցողին, օրվա հոբելյարին, Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտոր Միհրան Դաբաղի 60-ամյակը ստիպի իր մասին գովասանաճառի փոխարեն, բարեմաղթանքների կողքին անկեղծ խոսք լսել բարեկամներից, որոնց աշխարհագրությունն, իհարկե, սեղմել ենք Գերմանիայի սահմաններում:
Նրա դեմ մարտնչողներիՙ ասում են, թե փոքրիկ զինվորների մի մեծ բանակ միշտ էլ եղել է, բայց էլի ասում են, ինքնին հասկանալի էՙ «ինքը շաղակրատություններու ժամանակ չունի, շատերու գործին չի գար, բայց ան մարդոց թերությունները անոնց երեսին կըսե», Գերմանիո առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանի այս բացատրությունը երկարամյա ճանաչողությունից է բխում: 1952-69-ին սովորել են Պոլսի Ս. Խաչ դպրեվանքում, հետո կրթությունը շարունակելու նպատակով Գերմանիա եկել: «Շատ պատրաստված տղա մըն է, հայրենասեր, երիտասարդ սերնդի կրթությամբ մտահոգ, Գերմանիո մեջ մատի վրա կհաշվես Միհրանի նման մտավորականները: Դպրեվանքում ինքը մեր գրադարանապետն էր: Ձեռքերնիս շատ դրամ չունեինք, բայց Միհրանը տղոց կքաջալերեր, դրամ կուտար, որ հայերեն գիրք կարդային»:
«Շատ կրքոտ հայ մըն է, փայլուն մտքի տեր, հպարտ ենք, որ իր նման անձ մը ունինք Գերմանիո մեջ», կարծիք է հայտնում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Րաֆֆի Պետիկյանը: «Միհրան Դաբաղը ցեղասպանության հարցերով զբաղվող լուրջ գիտնական է, ուրախ եմ, որ նման մտավորական կա հայ սփյուռքում», հաղորդում է Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը:
Գրող, լրագրող, թարգմանիչ դոկտոր Րաֆֆի Քանդյանն առավել ամբողջական բնութագրում է տալիսՙ «Քիչ հայերեն մեկն է, որ ակադեմիական մթնոլորտի մեջ լուրջ եւ գնահատելի աշխատանք կտանի: Ինք հաջողած է թե՛ գիտական, թե՛ հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Գերմանիո հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ», «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթերում ավանդաբար լույս տեսնող Դաբաղիՙ ցեղասպանության նյութով հոդվածները հասարակությանը լսելի են դարձնում նրա ձայնը: Գերմանահայերուս համար ասիկա նվաճում մըն է»: Ակադեմիական շրջանակներու մեջ հայ գիտնականներՙ բանասերներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ ունինք, շարունակում է Րաֆֆի Քանդյանը, «բայց Միհրանը միակն է, որ եվրոպական չափանիշներով ինստիտուտ մը հիմնած է, որ կզբաղվի Սփյուռքի ու ցեղասպանության, ի մասնավորի Հայոց ցեղասպանության հարցերով: Ժամանակը դեռ կճշտե անոր տեղը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա