Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում կենտրոնականը «Մաքս Վենի» եւ ֆրանսիական NAO Chess Club-ի մրցավեճն էր: Սակայն սպասված համառ մրցակցությունը չստացվեց: Կասպարովը չկարողացավ հաղթել Ադամսինՙ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Անհաջողության մատնվեց Ռաֆայել Վահանյանըՙ կրելով իր առաջին պարտությունն այս մրցաշարում: Նա պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին: «Մաքս Վենից» պարտություն կրեց նաեւ Բելյավսկինՙ զիջելով Լոթյեին: Մնացած պարտիաներում խաղաղ դաշն կնքվեց: Այսպիսով, ֆրանսիական ակումբը մրցաշարում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (4-2) եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:
Հաղթանակով ավարտեց իր հանդիպումը նաեւ 9 միավորով 2-րդ տեղում ընթացող «Բոսնիան», որը 4,5-1,5 հաշվով առավելության հասավ նույնպես հաջող հանդես եկող իսրայելական «Բեեր Շեւայի» նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանը կրկին թիմի կազմում էր եւ այս անգամ ոչ-ոքի խաղաց Վիտալի Գոլոդի հետ: 9 միավոր է վաստակել նաեւ Վարշավայի «Պոլոնիան», որը 3,2-2,5 հաշվով պարտության մատնեց «Մոնակոյին»:
Կանանց պայքարում իր հաղթարշավն է շարունակում Թբիլիսիի NTN-ը, որը 3-1 հաշվով հաղթեց Բելգրադի ԲԱՍ-ին: Թբիլիսցիները 9 միավորով միանձնյա առաջատարն են: 8-ական միավոր ունեն Սանկտ Պետերբուրգի «Ֆինեսն» ու Կազանի «Լադյան»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ