«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


ԿԱԶՈՆԻԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՋՈՂ ԱՐՇԱՎԸ

Ֆինլանդիա-Հայաստանՙ 3-1 (2-1)

9 հոկտեմբերի, Տամպերե, «Ռատինա» մարզադաշտ:

Մրցավարՙ Հերբերտ Ֆանդել (Գերմանիա):

Ֆինլանդիա- Անտի Նիեմի, Պետրի Պասանեն, Յանե Սաարինեն (Տոնի Կալյո, 68), Սեմի Հյուուպյա, Միկա Վաուրինեն, Միկա Նուրմելա, Յունաս Կոլկա (Ջոնաթան Յոհանսոն, 83), Տոնի Կուլվաստո (Տեմու Տայնիո, 46), Ակի Ռիհիլահտի, Շեֆկի Կյուգի, Ալեքսեյ Երյոմենկո:

Հայաստան- Արմեն Համբարձումյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Ռոմիկ Խաչատրյան (Կարեն Ալեքսանյան, 36), Դավիթ Գրիգորյան (Էդգար Մանուչարյան, 61), Ռաֆայել Նազարյան, Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան, Անդրեյ Մովսիսյան (Արա Հակոբյան, 84):

Գոլերըՙ Կյուգի (9,87), Երյոմենկո (28), Շահգելդյան (32):

Զգուշացվեցին Վաուրինենը, Մովսիսյանը, Հովսեփյանը:

Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարում իր 3-րդ անընդմեջ պարտությունը կրելովՙ էլ ավելի վատթարացրեց մրցաշարային անմխիթար վիճակըՙ հերթական անգամ հիասթափեցնելով ֆուտբոլասերներին: Անկեղծ ասած, նախորդ երկու հանդիպումներում թիմի ելույթներից ելնելով, ֆինների հետ մրցախաղի բարեհաջող ելքին չէինք հավատում: Ճիշտ է, արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է փաստել, որ Տամպերեում մեր հավաքականի խաղն ավելի լավ տպավորություն թողեց, քան մեկնարկային երկու խաղերում: Եվ դա շնորհիվ հավաքականի մեկնարկային կազմում կատարված որոշ փոփոխությունների: Առաջին հերթին դա պայմանավորված էր լրագրողների ճնշման տակ կրկին հավաքականում ընդգրկված Համլետ Մխիթարյանի եւ Արմեն Շահգելդյանի բավական գրագետ գործողություններով: Երկուսն էլ խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք կատարեցինՙ ձգտելով կազմակերպել խաղընկերների խաղը, նրանց գրոհի նետել: Այս երկյակը լավ էր համագործակցում միմյանց հետ եւ իրենց ցուցադրած խաղով Շահգելդյանն ու Մխիթարյանն ապացուցեցին, որ իրոք արժանի են ազգային թիմում խաղալու:

Հաշվետու խաղում կրկին անփույթ գործեցին մեր պաշտպաններն ու դարպասապահը, ինչն ի վերջո հերթական պարտության պատճառ դարձավ: Հավաքականում օրակարգային է դարձել հուսալի դարպասապահի հարցը: Ռոման Բերեզովսկու բացակայությամբ Արմեն Համբարձումյանը չի արդարացնում իրեն: Խփված գոլերից 2-ը մեր դարպասապահի «խղճին» են ծանրացած: Ընդհանրապես նա իրեն վստահ չէր զգում, գնդակն էլ խաղի մեջ մտցնելիս անընդհատ սխալվում էր, որի հետեւանքով ֆինները հնարավորություն էին ունենում առաջինը տիրել գնդակին եւ գրոհներ կազմակերպել: Ցավալին այն էր, որ դաշտի տերերն առանձնապես աչքի չընկնելով խելացի ու մտածված կոմբինացիաներով, իրենց պարզունակ խաղով համոզիչ հաղթանակ տոնեցին: Իսկ ահա մեր հավաքականը, որ ավելի շատ էր տիրում գնդակին, գրոհներ կազմակերպում, կրկին խաղադաշտը թողեց պարտված: Լուրջ խնդիր է դառնում առջեւի գծի խաղի կազմակերպումը: Այս անգամ էլ առջեւում միայնակ էր գործում Անդրեյ Մովսիսյանը, որի խաղը տպավորություն չթողեց: Նա 82-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, չկարողացավ օգտագործել գոլային հիանալի պահը: Ինչ խոսք, մեր թիմում զգացվում էր հավաքականի առաջատար Արթուր Պետրոսյանի բացակայությունը: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էր նա հայտնվել պահեստայինների նստարանին եւ նույնիսկ փոխարինման դուրս չեկավ: Ընդհանրապես Բեռնար Կազոնին այս անգամ էլ դրսեւորեց խաղի ընթացքը փոխելու իր անկարողությունը: Խաղի ընթացքում կատարված փոփոխությունները ոչնչով չազդեցին թիմի գործողությունների վրա: Մասնավորապես, որքանո՞վ էր նպատակահարմար Էդգար Մանուչարյանի խաղադաշտ դուրս գալը, որը ծանր մրցախաղերի էր մասնակցել Մակեդոնիայում եւ, բնականաբար, հոգնած էր: Կես ժամվա ընթացքում Էդգարի ոտքին նույնիսկ գնդակ չդիպավ:

Հարկ չկա մանրամասն անդրադառնալու հանդիպմանը, քանի որ բոլորն էլ այն դիտել են եւ յուրաքանչյուրը համապատասխան եզրահանգման է հասել: Նշենք միայն, որ իրեն հարգող յուրաքանչյուր մասնագետ նման ձախողումից հետո հրաժարական կտար: Թե՞ արդեն Բեռնար Կազոնին էլ վարակվել է հայկական մտածելակերպով եւ, ինչպես նշել էր մամուլի ասուլիսում, Հայաստանում իրեն հայ է համարում: Իսկ մենքՙ հայերս, նման իրավիճակներում դժկամությամբ ենք ինքնակամ հրաժարվում զբաղեցրած պաշտոնից: Դեռեւս քանի՞ անընդմեջ պարտություն պետք է կրի մեր հավաքականը, որպեսզի պարզ դառնա, որ մարզչական չնչին փորձ ունեցող Բեռնար Կազոնին, որը միայն ընտրական մրցախաղերի շեմին կարճ ժամանակով է Հայաստան ժամանում, բնավ էլ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, որ ազգային հավաքականը փորձադաշտ չէ: Ազգային հավաքականի պատմության մեջ դեռ երբեք ընտրական մրցաշարերում մեր ֆուտբոլիստներն այսպես վատ հանդես չէին եկելՙ մեկնարկում կրելով երեք անընդմեջ պարտություն: Իսկ առջեւում Չեխիայի հզոր հավաքականի հետ մրցախաղն է...

Մրցաշարային աղյուսակ

1-ին խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Ռումինիա43019-49
2. Ֆինլանդիա43019-39
3. Մակեդոնիա31116-44
4. Հոլանդիա21104-24
5. Չեխիա21011-23
6. Անդորրա20021-80
7. Հայաստան30031-80

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4