Մայիսի 17-ին Երեւանի իր բնակարանի բակում սպանված ամերիկացի արվամոլ, 33 տարեկան Ջոշուա Հեգլանդի ընտանիքը որոշել է Հայաստան այցելելՙ տեղում պարզելու սպանության հանգամանքները, տեղեկացնում է այդ առթիվ էլփոստով ստացված հաղորդագրությունը:
«Հայ պաշտոնյաները մեզ հավաստիացրել էին, որ Ջոշուայի գործն առաջնային նշանակություն ունի, բայց մինչեւ օրս էական տեղեկատվություն չենք ստացել: Ոչ էլ ոստիկանական զեկուցագիր: Դրանք որոշ չափով կմեղմեին մեր ցավը», ասում է Ջոշուայի եղբայրըՙ Ջեյմսը, որն իր մոր եւ երկու երեխաների հետ հինգշաբթի օրը ժամանելու է Հայաստան: Ընտանիքը մտադիր է տասն օր անցկացնել Երեւանում եւ հանդիպել ինչպես դատական պաշտոնյաների, այնպես էլ Ջոշուայի գործընկերների հետ: Նրանց կարծիքով, Ջոշուայի սեռական կողմնորոշումը կարող է կապ ունենալ նրա սպանության հետ: Ջոշուան տիրապետում էր ճապոներենին, իսպաներենին, հինդուերենին եւ անգլերեն էր դասավանդում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Մ. Նահանգների պետքարտուղարության մասնագետների փոխանակման ծրագրի շրջանակներում:
Ըստ պետքարտուղարության խոսնակ Քելի Շանոնի, նրանք շաբաթական զեկույցներ են ներկայացրել ընտանիքին, վճարել են սպանվածի դիակի եւ անձնական իրերի փոխադրման համար եւ այժմ հոգալու են ընտանիքի Հայաստան այցելության ծախսերը: «Ինչպես Մ. Նահանգներում, որոշ ոճրագործություններ մնում են չբացահայտված, քանի որ ոստիկանությունը որոշակի սահմանից այն կողմ չի կարող անցնել», ասել է Շանոնը: