«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2004-10-09 | #179, 2004-10-12 | #180, 2004-10-13


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌԱԿ-Ը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՔԵՐԻ-ԷԴՎԱՐԴՍ ԶՈՒՅԳԻՆ

Յուրաքանչյուր էթնիկական կամ շահագրգիռ խմբավորում քաղաքական դիրքորոշում որդեգրելիս պարտավոր է իր ենթադրությունները հիմնել ամերիկյան ավանդական արժեքների եւ շահերի վրա, բայց ոչ ի հաշիվ դրանց, ասված է ՌԱԿ-ի Մ. Նահանգների արեւելյան եւ արեւմտյան շրջանակների համատեղ հայտարարության մեջ, որն օրերս հրապարակվել է ի պաշտպանություն Ամերիկայի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջոն Քերիի:

Նշելով, որ հայկական ծագումով ամերիկացի քաղաքացիները վերջին տարիներին բազում քաղաքական, հասարակական եւ տնտեսական խնդիրների են առնչվել, որոնց ուշադիր քննարկումը կարող է առաջնորդել նրանց կատարելու առողջ եւ խոհեմ դատողություններ եւ, որ Բուշ-Չեյնի վարչակարգի չորս տարիները առաջացրել են մի շարք մտահոգություններ, որոնց արժե անդրադառնալ ներկայումս, երբ սպասվում են նոր նախագահական ընտրություններ, համատեղ հայտարարությունը առանձնացնում է.

ա) Մ. Նահանգների տնտեսությունը խորասուզվել է անորոշության գիրկը: Անցյալ վարչակարգի ձեռք բերած բյուջեի ավելցուկը վաղուց անհետացել է, եւ պարտքի հսկայական մի բեռ է կուտակվել հաջորդ սերունդների ուսերին: Պակասորդն աճում է տագնապալի արագությամբ եւ Իրաքում մղված անարդար պատերազմի համար հատկացված 200 միլիարդ դոլարը կարծես թե բավարար չի լինելու: Վերջին չորս տարիներին ավելի շատ աշխատատեղեր են փակվել, քան բացվել: Քառասուն միլիոն ամերիկացիներ չեն վայելում առողջապահական պետական հոգատարություն եւ դատապարտված են անորոշության: Գիտական ուսումնասիրությունները պատանդ են դարձել մի խումբ կարճատես պահպանողականների ձեռքերում: Կարճ ասած, մեր ժողովրդավարության բաղկացուցիչ մասը կազմող տեսլական արժեքներն ամբողջովին քայքայվել են:

բ) Մ. Նահանգների արտաքին քաղաքականությունը վտանգավոր ուղի է որդեգրել: Ահաբեկչության դեմ պայքարող աշխարհում ահավոր չափերի է հասել նույն ինքըՙ ահաբեկչությունը եւ ճակատագրի հեգնանքով այսօր հենց ահաբեկչության վախն է դարձել այն գրավականը, որից կառչում է ներկա վարչակարգը: Անցյալում ամերիկացիները սովոր էին իրենց առաջնորդներին ընտրել ոչ թե վախի, այլ վստահության, արժանապատվության եւ հպարտության մթնոլորտում:

Իրաքում պատերազմը մղվեց կեղծ պատճառաբանություններով: Նույնիսկ վարչակարգի ամենաազնիվ եւ անաչառ անձնավորությունըՙ պետքարտուղար Քոլին Փաուելը անհարմար դրության մատնվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ներկայացված բանաձեւի բոլոր դրույթները սխալ էին: Բայց նախագահը երդվել է «շարունակել միեւնույն կուրսը» այն անհեթեթ արդարացումով, թե «աշխարհն առավել անվտանգ է դարձել առանց Սադդամի»: Նա մոռանում է սպանդը, որ դեռ շարունակվում է Իրաքում եւ խլում բազում ամերիկացիների կյանքը: Փաստորեն, Իրաք ներխուժումն այդ երկիրը դարձրեց ահաբեկիչների որջ:

գ) Անցած չորս տարիների ընթացքում մեծապես տուժել է Հայ դատի հետապնդումն այս երկրումՙ Բուշի վարած միտումնավոր քաղաքականության հետեւանքով: Չհարգելով 2000 թ. փետրվարին գրավոր տված իր խոստումը, նա ամեն ապրիլի 24-ի ոչ միայն վերանորոգված ինքնանպատակ հայտարարություններով վիրավորում է մեր անմեղ զոհերին, այլեւ վերջերս Թուրքիայում հանդգնեց անպատվել նրանցՙ որակելով 150 տարվա Օսմանյան կայսրությունը եւ քեմալական իշխանությունը «ժողովրդավարության եւ հանդուրժողականության ժամանակաշրջան»:

Այնուհետեւ, անդրադառնալով Հայաստանին տրված ամերիկյան օժանդակության վերջին չորս տարիների նվազման միտումներին, ԱՄՆ-ի պետական եւ պաշտպանության քարտուղարներիՙ Հայաստանը շրջանցելով դեպի Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցելություններին եւ Ադրբեջանի կոռումպացված եւ բռնատիրական կառավարությանը տրված ռազմական օժանդակությանը, որը նրան դարձրել է առավել ռազմատենչ, հաղորդագրությունը գտնում է, որ ներկայումս Մ. Նահանգների ռազմական ուժերը հարգանքից ավելի վախ են առաջացնում աշխարհում: Դրա հետեւանքով Ամերիկան ավելի շատ թշնամիներ եւ ահաբեկիչներ է ձեռք բերում, քան բարեկամներ ու դաշնակիցներ:

«Մենք կարծում ենք, որ մեր բարոյական կեցվածքն աշխարհում պետք է վերականգնվի: Սենատոր Քերիի նախընտրական արշավախումբը վերջերս Բոստոնում հավաքվածներին հավաստիացրեց, որ հետամուտ է լինելու հայերի ցեղասպանության ճանաչմանը: Քերիի վաստակը Սենատում եւ այդ ասպարեզում նրա 20-ամյա աներկբա կեցվածքն առավել վստահություն են ներշնչում մեզ, որ մեր ձայնը տանք նրանՙ հանուն առավել հարգարժան Ամերիկայի, հանուն տնտեսության բարգավաճման եւ հանուն Սպիտակ տան ավելի հայամետ վարչակարգի», եզրակացնում է հաղորդագրությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4