Հոգեբանության ու բարոյականության այս վայրիվերումների, բրազիլական անբացատրելի սքանչացումների եւ եվրոպացվելու մոլուցքի այս խառնիխուռն ժամանակներում հայոց մեջ մնացին ու կան բացառիկ մեծություններ, ովքեր իրենց չփորձեցին երբեք պարտադրել, եւ հենց դրանում է նաեւ իրենց մեծությունը: Այս ընտրյալների մեջ է անշուշտ Գրիգոր Գուրզադյանը: Տիեզերական հետազոտությունների, այդ թվումՙ ՆԱՍԱ-ի ամենախոշոր դեմքերը մեր Գուրզադյանին ժամանակի լավագույն մասնագետներից մեկն են համարում, իհարկե, շատ ու շատ բաների թվում հաշվի առնելով նաեւ նրա ստեղծած «Օրիոն» համակարգը: Գեղանկարչության գիտակները բարձր են գնահատում նրա կտավներն ու գծանկարները, թեեւ ինքը հազվադեպ է ցուցադրում դրանք: Գրականագետները եւ գրականության մարդիկ հափշտակությամբ կարդում են նրա էսսեները... Դժվար է ասել, թե որտեղ է սկսվում եւ որտեղ վերջանում մեր ժամանակների այս մեծ մարդը: Շքեղություն է իր ողջ էությամբ: Իր թերությունը չէ, որ դեպի իրեն հազվադեպ ենք շուռ գալիս, գոնե ամեն տարի հոկտեմբերի 15-ինՙ իր ծննդյան օրը: Մեր մեղքն է ու մեր անգիտությունը:
... Բոլոր ժամանակների մեծերից մեկիՙ Լեոնարդո դա Վինչիի մասին խոսելիս Գրիգոր Գուրզադյանը նշում է, որ նա սկսում էր ամեն ինչ եւ չէր վերջացնում, կիսատ էր թողնում: Իր պարագայում պիտի հաստատապես ասենք, որ սկսած ամեն ինչ թեեւ չի ավարտում, բայց հասցնում է կատարելության: Եվ բնական է այս անավարտության պարագան: Պարզապես անհեթեթ պիտի լիներ, եթե որեւէ մահկանացու, անգամ Գրիգոր Գուրզադյանը, կարողանար տիեզերքի ողջ անեզրությունը տեսնել, խոսքի վերածեր Կաքավաբերդի ձորապռնկին թառած ծաղիկների գույները կամ Գրիգոր Նարեկացու շունչն ամբողջությամբ: Ինքը ավելի լավ է հասկանում, որ ավարտ լինել չի կարող բնավ: Բայց, ահա, ձգտումըՙ ավարտին, կատարելությանը հասնելու, միշտ պետք է լինի: Իսկ դա հնարավոր է ոչ միայն աստվածատուր շնորհների, այլեւ մեծագույն, շատ հաճախՙ դաժան աշխատասիրության շնորհիվ:
Նույն Լեոնարդո դա Վինչիի մասին ինքը գրում է. «Հետաքրքրությունների անչափելի լայն ոլորտով, իր հանդեպ ունեցած ծայրահեղ պահանջկոտությամբ, կյանքի ու արվեստի հարցերում իր կրքոտ խանդոտությամբ, չափ ու սահման չունեցող կամակորությամբ, նրբանկատության վեհության իր թախծոտ էությամբ, վերջապես իր հախուռն ու ըմբոստ ներաշխարհով նա եղել է վեր, խիստ վեր իր շրջապատից, ու վեր իր էպոխայիցՙ նա դուրս էր եկել իր ժամանակից...»: Մեծն Լեոնարդո՞յի մասին է խոսում, թե՞ իր: Զգիտեմ:
Տիեզերական հետազոտության ամեն մի ծրագիր պատիվ կունենար, որ իրեն դիպչի Գրիգոր Գուրզադյանի միտքը: Եվ բնական է միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների ցանկությունը Գուրզադյանի կարծիքն իմանալու: Սա շատ լավ գիտեն մասնագետները: Կաքավաբերդը, Կոլիզեումը, Դոժերի պալատը Վենետիկում, եգիպտական բուրգերն ու սֆինքսները, Գառնո ձորում աստվածային ազատության բերկրանքը վայելող փոքրիկ մի ծաղիկը անմահության եւս մեկ գրավական ունեն, որովհետեւ իրենց պատկերը ստեղծել է Գրիգոր Գուրզադյանը: Հապա նկարիչների ու նկարների մասին գրած նրա խոսքերը: Որպիսի վեհություն, խորամիտ վերլուծություն եւ հիացմունք, միշտ հիացմունք... Ինչի մասին գրել է, գրել է մեծ հիացմունքով: Եվ մենք մարդկանց, տարածքները, իրերը, երեւույթները տեսել ենք յուրովի: Մեր իմացած պարզունակ, տափակ աշխարհում մեզ համար հրաշքներ է գտել, մեր կարդացած գիրքը ստիպել է կարդալ հազարմեկերորդ անգամ եւ հուշել է հայտնագործություն անել:
Մի անգամ ինձ խորհուրդ տվեց կարդալ Արմինե Կալենցի «Ներիր ինձ, Հարություն» գիրքը: Կարդացել էի, նույնիսկ զրուցել տիկին Արմինեի եւ որդուՙ Սարոյի հետ... Ու երբ եւս մեկ անգամ կարդացի գիրքը, զգացի, որ խորհուրդը տեղին էր.
«... Կուրացուցիչ մի հրավառություն, երբ աչքը չի հասցնում որսալ, իսկ միտքըՙ հասկանալ, թե ինչ է կատարվում կտավի վրա... - գրում է Գուրզադյանը Հարություն Կալենցի մասին: - Գեղեցիկի զգացողությունը սովորելիք բան չէ, դա պիտի լինի էն գլխից... Լույսը եւ ստվերը գույներ են: Նա գույն դարձրեց ոչ միայն լույսը, նա գույն, զորեղ գույն դարձրեց նաեւ ստվերը: Կալենցյան ստվերները իրենց են գամում դիտողի աչքը, ու այլեւս անհնար է լինում պոկվել... Արվեստի պատմությունը չգիտի ստվերի նման հյութեղ պատկերում...
... Ես սիրում եմ մեր նկարիչներին, հայ նկարիչներին, նրանք շատ են, իրարից տարբեր են ու բոլորն էլ լավն են- հայ նկարիչներ են... Բայց այսօր աշխարհի դատին երեւի թե միայն երեք անուն, երեք հանճարեղ անուն կարող ենք դնել անվարանՙ Մարտիրոս Սարյան, Հարություն Կալենց, Մինաս... Մեկը մեր ժողովրդի էպիկական շունչն է, մյուսըՙ երազուն, ռոմանտիկ ներաշխարհը, երրորդըՙ ողբերգական եղելությունը: Երեքն էլ աստվածներ գույների... Եվ եթե նրանցից մեկական նկար ուղարկվեր հեռու, հեռու մի մոլորակ, ապա այնտեղ, այդ անհայտ մոլորակում կմտածեին անշուշտ, որ այս ժողովուրդը պիտի որ լինի անչափ արեւապաշտ, անչափ ռոմանտիկ, բայց եւ անչափ տառապած...»
... Չէ, էս չեղավ: Շատ եմ ոգեւորվում Գրիգոր Գուրզադյանի գրով եւ կարող է գայթակղություն ունենամ մեջբերել նրա... «Կաքավաբերդի առեղծվածը» գիրքն ամբողջությամբ, գիրք, որում ասել է այն, ինչ մեզանից ամեն մեկը կցանկանար ասել: Բայց, դե, մենքՙ թլվատ, ինքը Գրիգոր Գուրզադյանն է, մենք միայն Գրիգոր Գուրզադյանի ժամանակակիցներն ենք:
... Տարիներ առաջ, երբ թվաց, թե արդեն ավարտել եմ Մինասին նվիրված իմ գիրքը, երբ թվաց, թե խոսեցրել եմ նրա նկարներին, հարազատներին, ծանոթներին, ինձ, հանկարծ կարդացի Գրիգոր Գուրզադյանի «Մինաս...» էսսեն: Ապշեցուցիչ էր... Ու հիմա իմ սեղանին է Մինասի մասին իմ գրքի ձեռագիրը: Այն ավարտվում է Գրիգոր Գուրզադյանի էսսեով, որը շատ բան է ասում Մինասի մասին: Ընդամենը երկու-երեք էջ ու... այսքան խորությո՜ւն, այսքան ամբողջակա՜ն, այսքան հանճարե՜ղ...
Գրիգոր Գուրզադյանի մասին գրելիս այս անգամ էլ այսպես վերջացնեմ. մենք պիտի մեզ անչափ երջանիկ համարենք, որ ապրեցինք Գրիգոր Գուրզադյանի ժամանակներում:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ