Աշխարհը գենդերային քաղաքականությամբ է հավասարակշռում երկու սեռերի մասնակցությունը հասարակության կյանքին
«Կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը» սույն թվականի ապրիլի 8-ին հաստատեց ՀՀ կառավարությունը, մայիսի 17-ին վավերացրեց ՀՀ նախագահը: 1998 թ. երկամյա իրականացման նույնատիպ ծրագիր էր ընդունվել: Այն հաջողությամբ չպսակվեց: Կա՞ն արդյոք երկրորդ փորձիՙ ներկայիս ազգային ծրագրի իրականացման երաշխիքներ: Հաշվի առնվե՞լ են նախորդում թույլ տրված թերացումները, ձախողման պատճառները:
Պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:
- 1998 թ. ճիշտ մեխանիզմներ էին պետք: Այն ժամանակ չմշակվեցին: Մի բան է որոշում ընդունելը, այլ բանՙ կոնկրետ քայլեր նշելը, դրանք իրականացնելն ու ֆինանսավորելը: Որոշումն ընդունվել էր, իսկ իրականացման տեխնոլոգիաները չէին մշակվել: Այդ պատճառով էլ իրականացնող օղակները չաշխատեցին: Ցավոք, հիմա էլ մոտեցումները չեն փոխվել եւ արդեն անցել է խնդիրն ուղղակի բարձրացնելու ժամանակը: 10 տարի առաջ Հայաստանը միացավ Պեկինյան համաժողովին, եւ առայժմ ազգային ծրագրի լիակատար մշակման ու մեխանիզմների ստեղծման խնդիր ունենք:
- Երկու տարի առաջ վարչապետին կից ստեղծվեց կանանց հարցերով զբաղվող հանձնաժողով: Մշակվել է 8 բաժիններից բաղկացած կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիր: Սրանք չե՞ն խոսում առաջընթացի մասին:
- Առաջընթաց կա, իհարկե, սակայն տրամադրություններում, ցանկություններում է հիմնականում արտահայտվում: Հայաստանում ծրագիրն իրականացնելու ցանկության պակաս չկա, բայց խնդրի վերաբերյալ հստակ պատկերացումն առայժմ բացակայում է: Շատերը շփոթում են ազգային մեխանիզմներն ու հանձնաժողովի առկայությունը: Հարկավոր է շատ ավելի լուրջ կառույց, որը կգործի պետական կառույցների բոլոր մակարդակներում: Ի դեպ, ֆինանսական եւ մարդկային լրացուցիչ ռեսուրսներ էլ չեն պահանջվում դրա համար: Կարելի է 3-4-ական աշխատակիցներից կազմել խմբեր ՀՀ նախագահին, վարչապետին կից եւ մարզպետարաններում, քաղաքապետարաններում, ովքեր կմասնագիտանան գենդերային քաղաքականության մշակման եւ իրականացման հարցում: Սա նաեւ կհստակեցնի պատասխանատվության եւ աշխատանքի բաշխման հարցերը: Կարծում եմ, ծրագիրն, այնուամենայնիվ, ունի իր բացերըՙ իրավասությունների հստակ հասցեագրում չկա, հստակեցված չեն ժամանակագրությունն ու ֆինանսավորման խնդիրները:
- Վեց տարի առաջ նաեւ ֆինանսական խնդիրներ ծագեցին, հիմա դրանցից զերծ մնալու ուղիներ տեսնո՞ւմ եք:
- Այդ խնդիրներն էլ ծագում են նաեւ այն պատճառով, որ իրականացման օղակներն անջատ են եւ միասնական շղթա չեն կազմում: Այս ծրագրի իրականացման համար շվեդական կառավարությունը 1 մլն եվրոյի ֆինանսավորում է ապահովել, սակայն ծրագրի մեկ ուղղությանՙ քաղաքական կյանքին կանանց մասնակցության հավասարակշռման համար: Որքան էլ կանանց խնդիրները լուծելով նպաստում ենք հասարակության զարգացմանը, այնուամենայնիվ, ունենք մի իրավիճակ, որում խոսել միայն կանանց խնդիրների մասին ուղղակի սխալ է: Այսօր յուրաքանչյուր երրորդ ընտանիքում տղամարդը չի աշխատում: Մյուս կողմից, վերջին տարիներին տղամարդկանց միջին աշխատավարձի համեմատությամբ կտրուկ նվազել է կանանց միջին աշխատավարձը: Որովհետեւ բարձր վճարվող աշխատավարձը բաժին է հասնում տղամարդկանց եւ ոչ թե կին մասնագետների բացակայության պատճառով: Այս դեպքում կառավարությունը պետք է ընդուներ եւ իրականացներ գենդերային քաղաքականության ծրագիր, ինչը հնարավորություն կտար զարգացումներն ու փոփոխություններն ուսումնասիրելու եւ տղամարդկանց ու կանանց մասնակցությունը հասարակական կյանքին հավասարակշռելու:
- Սխա՞լ ծրագիր ենք ընդունել, թե՞ խնդիրը տերմինալոգիայի մեջ է:
- Վաղուց արդեն հասարակության բարեկեցության եւ հասարակական կյանքին երկու սեռերի մասնակցության հավասարակշռման համար կարեւորվում է հենց գենդերային քաղաքականությունը եւ ոչ կանանց վիճակի բարելավման ծրագիրը, քանի որ առաջինն ավելի համապարփակ եւ արդարացի մոտեցումներ է ներառում ու հնարավորություն տալիս զարգացումների կանխատեսման ու ճիշտ ուղղորդման:
- Կարելի՞ է արդեն իսկ դատապարտված եւ ուշացած համարել «Կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը»:
- Չնայած լավատեսության համար նախադրյալները քիչ են, սակայն փորձում եմ լավատես լինել եւ հուսալ, որ ունեցած կարճ ժամանակը կօգտագործվի բացթողումների եւ կազմակերպչական թերացումների շտկման համար:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ