«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2004-10-12 | #180, 2004-10-13 | #181, 2004-10-14


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Արա Աբրահամյանի ելույթը երեւանյան տնտեսական համաժողովում

2003 թ. հոկտեմբերին ստեղծված Համաշխարհային հայկական կոնգրեսը կազմակերպական ձեւավորման բարդ գործընթաց է անցնում:

ՀՀԿ հիմնադիր համագումարում մեր ժողովրդի համար սահմանված կարեւորագույն խնդիրների լուծման նպատակով գրեթե բոլոր աշխարհամասերում կենսագործունեության տարբեր ոլորտներում հայկական համայնքները եւ առանձին անձինք վիթխարի հաջողությունների են հասել: Սակայն, չնայած նրանց ջանքերի միավորման հսկայական դժվարություններին, մեր կազմակերպությունը քայլ առ քայլ իրագործում է իր ծրագրային նպատակները: Ընթացիկ տարվա մայիսին ՀՀԿ-ն աշխարհի բազմաթիվ երկրների առաջատար գիտնականների մասնակցությամբ կոնֆերանս կազմակերպեց ՀՀԿ-ին առընթեր Ցեղասպանության փորձագիտական հանձնաժողովի ստեղծման նպատակով, որը կոչված է միասնական համահայկական դիրքորոշում մշակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Առաջին հերթին դա վերաբերում է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակագրական շրջանակների, պատճառված վնասի փոխհատուցումների չափի եւ Թուրքիայի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների սահմանմանը:

Կոնֆերանսում հաստատվեց փորձագիտական հանձնաժողովի կազմը, որն արդեն սկսել է աշխատանքը: Այն համակարգում է Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտըՙ պրոֆեսոր Յ. Գ. Բարսեղովի գլխավորությամբ:

Սակայն, ինչպես մենք ընդգծեցինք հիմնադիր համագումարում, անհնար է լուրջ հաջողությունների հասնել Ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, հասնել Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման, եթե հայ ժողովրդին չհաջողվի ջանքերը միավորելով պայմաններ ապահովել հայոց պետության արդյունավետ սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Դա մի կողմից պահանջում է սփյուռքի եւ Հայաստանի գործարար շրջանակների ջանքերը միավորել Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայ ձեռնարկատերերի ներգրավման աստիճանը բարձրացնելու համար: Մյուս կողմիցՙ հրամայաբար անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությունը եւ ձեռնարկատերերին ներգրավել միջազգային բիզնես-կառույցներում: Հայաստանի տնտեսությունը եւ բիզնեսը պետք է իրենց տեղը գտնեն միջազգային տնտեսական ընկերակցությունում:

Առաջին հայացքից տարբեր այդ երկու նպատակներին հասնելու համար Կոնգրեսը մի շարք քայլեր է ձեռնարկել ինչպես սփյուռք-սփյուռք, սփյուռք-Հայաստան գծով հայ գործարարների հորիզոնական կապերի հաստատման, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների առաջատար ընկերությունների միջեւ անմիջական գործարար կապերի հաստատման նպատակով միջազգային ընկերակցության ստեղծման ուղղությամբ: Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ եւ առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեւ Ռուսաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) մասնակցությամբ մենք ստեղծեցինք Արտաքին տնտեսական կապերի համառուսաստանյան ընկերակցություն (ԱՏԿՀԸ): Այն դարձավ միջուկ, որի շուրջն արդեն առաջացել են Ռուսաստան-Արգենտինա, Ռուսաստան-Հարավային Կորեա ձեռնարկատերերի ընկերակցություններ: Կազմավորման փուլում են Ռուսաստան-Ֆրանսիա, Ռուսաստան-Բրազիլիա, Ռուսաստան-Իտալիա ընկերակցությունները: Ենթադրվում է համանման ընկերակցություններ ստեղծել ԱՊՀ շրջանակներում. Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Ղազախստան եւ այլն:

Այսպիսով, ՀՀԿ-ի նպատակն է ոչ միայն նպաստել սփյուռք-սփյուռք գծով հայ գործարարների ջանքերի կառուցվածքային ձեւավորմանն ու ամրապնդմանը, այլեւ փորձել հայկական բիզնեսը բարձրացնել արտաքին տնտեսական կապերի որակապես նոր մակարդակի, որն առավել շատ կհամապատասխաներ գլոբալացման ներկա փուլին: Ուստի ենթադրվում է ֆորումի շրջանակներում քննարկել Ռուսաստան-Հայաստան ձեռնարկատերերի ընկերակցության ստեղծմանն առնչվող կազմակերպական հարցեր: Ընկերակցությունը համապարփակ այն կառույցի օղակներից մեկն է, որն ընդգրկում է Արտաքին տնտեսական կապերի միջազգային ընկերակցությունում արդեն ներգրավվող միջազգային գործարար ընկերակցության գլխավոր մասնակիցներին:

Այդ ընկերակցությունը ոչ թե փոխարինում, այլ օրգանապես լրացնում է իրոք գոյություն ունեցող մեխանիզմներին եւ հաջողությամբ գործող կառույցներին, որոնք պատասխանատու են տարբեր երկրների բիզնեսմենների գործարար կապերի հաստատման համար: Ըստ էության, տվյալ մեխանիզմը թույլ է տալիս անմիջական շփումներ հաստատել երկրներից յուրաքանչյուրը ներկայացնող առավել նշանակալի 50 ընկերությունների միջեւ:

Հենց այդ պատճառով ներկայիս ֆորումի աշխատանքին մասնակցում են ինչպես Հայաստանի եւ սփյուռքի գործարարներ եւ հասարակական գործիչներ, այնպես էլ վերոհիշյալ համապարփակ բիզնես-կառույցի ստեղծմանը մասնակցող մի շարք պետությունների ձեռնարկատերերի առաջատար միավորումների ղեկավարներ եւ կառավարությունների անդամներ:

Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ տվյալ ֆորումն անցկացնելիս Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր նպատակը կոնկրետ բիզնես-նախագծերի մշակումն ու իրագործումն է, որոնք կնպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հայկական սփյուռքի քաղաքական ու տնտեսական ներուժի, միջազգային ֆինանսատնտեսական կառույցների առավել արդյունավետ օգտագործմանը, այլ կերպ ասածՙ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ռազմավարական խնդիրների լուծմանը:

Ֆորումի աշխատակարգը նախատեսում է.

- Հայաստանի կառավարությունից, տեղական եւ միջազգային կազմակերպություններից տեղեկատվություն ստանալ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների, ներդրումային մթնոլորտի եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար առավել գրավիչ տնտեսական գլխավոր հատվածների վերաբերյալ:

- Քննարկել եւ ձեւավորել միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգին Հայաստանի մասնակցության եւ արտաքին տնտեսական կապերի համապարփակ համակարգում Հայաստանի կառուցվածքային ներգրավման նոր հայեցակարգը:

- Պարզաբանել Համաշխարհային հայկական կոնգրեսի նոր կառույցներիՙ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի եւ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման ներդրումային հիմնադրամի հայեցակարգերը, հիմնական խնդիրները եւ միջնաժամկետ ծրագրերը:

- Երկարաժամկետ գործընկերներ գտնել առաջադրված խնդիրների ձեւակերպման ու կատարման եւ մի շարք նախագծերի համատեղ իրականացման համար:

Կուզեի առավել հանգամանորեն անդրադառնալ վերոհիշյալ երկու խնդիրների:

1. Հայաստանի մասնակցությունը արտաքին տնտեսական կապերի համակարգին: Հայաստանի զարգացման կարեւոր խնդիրներից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրն է եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը: Այդ բնական սահմանափակումներն անհրաժեշտ է փոխհատուցել արտաքին տնտեսական կապերի համակարգին Հայաստանի առավել ակտիվ մասնակցությամբ: Հայաստանի համար տրանսպորտային միջանցքների բացման հարցում չափազանց կարեւոր դեր կարող է խաղալ Արտաքին տնտեսական կապերի համառուսաստանյան ընկերակցությունը (ԱՏԿՀԸ), որը նույնպես տվյալ համաժողովի կազմակերպիչ է եւ, ինչպես վերը նշվեց, ստեղծվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ առեւտրաարդյունաբերական պալատի, պետական ու հասարակական այլ կազմակերպությունների աջակցությամբ: ԱՏԿՀԸ-ն կոչված է համակարգելու եւ ակտիվացնելու անմիջական շփումները տարբեր երկրների գործարարների արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգում:

Մենք ենթադրում ենք այդ ընկերակցությունում ներգրավել նաեւ Վրաստանին: Վերջերս Թբիլիսիում կայացած տնտեսական ֆորումում իմ զեկուցման մեջ բարձրացվեց Վրաստանով անցնող Երեւան-Մոսկվա երկաթգիծը բացելու հարցը, որը փակ է վրաց-աբխազական հակամարտության պատճառով: Համոզված եմ, որ այդ հարցը կարելի է լուծել, եթե անհրաժեշտ ջանքեր գործադրեն այդ երկաթգծի փակումից վնասներ կրող շահագրգիռ պետությունները, եւ միջազգային ընկերակցությունն ակտիվորեն մասնակցի դրան: Վրաստանով Ռուսաստան տանող երկաթգծի բացման հարցը պետք է դրվի 3 շահագրգիռ երկրների օրակարգում:

2. ՀՀԿ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի եւ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման ներդրումային հիմնադրամի աշխատանքը: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր խնդիրը կդառնա քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում Հայաստանի եւ սփյուռքի զարգացման կարեւոր խնդիրների սահմանումը, տվյալ հարցերի վերաբերյալ արդեն առկա հետազոտությունների մասնագիտացումը եւ այդ հարցերի լուծմանն ուղղված ծրագրերի ու նախագծերի մշակումը:

Ինչպես այդ կենտրոնի մշակելիք ծրագրերի, այնպես էլ առանձին բիզնես-նախագծերի իրականացմանը կնպաստի երկրորդ կարեւորագույն կառույցըՙ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման ներդրումային հիմնադրամը: Ֆորումին կներկայացվեն մի շարք բիզնես-նախագծեր, որոնց իրագործումը նախատեսվում է արդեն 2005 թ.: Այս ձեռնարկման ընթացքում Համաշխարհային հայկական կոնգրեսը հույս ունի գործընկերներ գտնել հայ եւ արտասահմանցի գործարարների մեջ:

Տվյալ ֆորումն անցկացնելով մենք առաջին քայլն ենք կատարում հայ գործարարների եւ միջազգային ֆինանսատնտեսական կառույցների ջանքերի միավորման ճանապարհինՙ ի շահ ինչպես մանր ու միջակ, այնպես էլ ծավալուն տնտեսական նախագծերի իրականացման, որոնք կնպաստեն մեր մայր հայրենիքիՙ Հայաստանի տնտեսական զորության ամրապնդմանը: Համոզված եմ, որ առաջին քայլին կհաջորդեն նաեւ մյուսները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4