«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2004-10-12 | #180, 2004-10-13 | #181, 2004-10-14


«ՄԵԿ ԱԶԳ»-Ի ԷՎՐԻԿԱՆ

Ազգը փրկելու համար կուսակցությունը որոշել է պատասխանատվության ենթարկել Հայոց համազգային շարժմանը

Կուսակցությունը մշակել է «Քաղաքական պատասխանատվության կանչելու մասին» օրինագիծը, որ «սպառնում» է քաղաքական բոլոր ուժերին, ում ապաշնորհ գործողությունները բնակչության վիճակի էլ ավելի վատացման պատճառ են դառնում: Ըստ օրինագծի, այդ ուժերը պետք է հեռանան ասպարեզից, իսկ նրանց լիդերները որեւէ արտոնությունից չպետք է օգտվեն: Ակնարկը ամենից առաջ վերաբերում է Հայոց համազգային շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն այսօր խաղաղ հանգիստ է վայելում:

«Մեկ ազգ» կուսակցությունը «Հայ ազգայնական դաշինքի» հիմնադիր անդամ է, իր շարքերում շուրջ 1600 անդամ ունի եւ մտադիր է, որ օրինագիծն Ազգային ժողովում չխրախուսվի, քարոզչության միջոցով հասարակությանը կոչել դրա իրականացմանը: Այս անսովոր նախաձեռնության դրդապատճառը կուսակցության գաղափարախոսության ակունքներում է` կողմնակից են ազգային սոցիալական պետության գաղափարին եւ ոչ այսօրվա «վայրի կապիտալիզմին»: Իրենց համոզմամբ, տնտեսության բոլոր ոլորտներում պետք է գերակայի պետական հատվածը, ռազմավարական նշանակության ձեռնարկությունները պետք է պետության մենաշնորհային դաշտում լինեն` «որպեսզի սահմանափակվի օլիգարխների անկուշտ տնտեսական ազատությունը»:

Իրենց գաղափարին կյանք տալը մեկազգականները սկսելու են սոցիոլոգիական հարցումներից: Եթե հասարակությունը մատնացույց անի, թե այս կամ այն քաղաքական ուժը սպառել է իրեն կամ նրա գործողությունների պատճառով «նվազագույն զամբյուղի» պարունակությունը պակասել է, հենց նրա համար էլ հնչելու է վերջին ժամը:

«Եթե օրինագիծը կյանքի կոչվի, ապա առաջին հերթին ՀՀՇ կուսակցությունը պետք է լուծարվի, իսկ նրա լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը զրկվի այսօրվա պետական արտոնություններից», երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեկ ազգ» կուսակցության նախագահ Գոռ Թամազյանը: Բայց եթե քաղաքական ու պետական գործիչները, հանձին ՀՀՇ-ի, տնտեսվարման արատավոր կուրս սկսել ու շարունակում են 90-ական թվականներից, ինչու հենց հիմա է հնչում «Մեկ ազգ-ի» էվրիկան: Գոռ Թամազյանը դա բացատրում է բարոյահոգեբանական ճգնաժամի խորացման ու հասարակության` անխտիր բոլոր քաղաքական ուժերի հանդեպ խոր հիասթափության հանգամանքով: Իրենք պարզապես ուզում են սկսել ՀՀՇ-ին պատժելուց:

Արդյոք սա վերեւներից իջած քաղաքական պատվեր չէ՞, քանի որ իշխանությունները ժամանակ առ ժամանակ հիշում են ՀՀՇ-ի մասին` կենդանացնելով նրա ուրվականը:

«Եթե ՀՀՇ-ն լիներ վառ հայրենասիրական կենսագրությամբ առողջ ուժ, այո, կարելի էր դիտել պատվեր, բայց եթե նա բոլորի աչքի առջեւ ապազգային քաղաքականություն է վարել, սա ընդամենը հասարակական պահանջարկ վայելող նախաձեռնություն է», հարցին այսպես պատասխանեց Գոռ Թամազյանը: Իսկ մենք արձանագրենք, որ քաղաքական ռոմանտիզմի այս հանկարծահաս արտահայտությունը հուզիչ է իր պարզամտությամբ: Մեր հասարակությունը ամենից քիչ ունի նման նախաձեռնությունների կարիք: Ազգայնական բարձր գաղափարների ու նախաձեռնությունների առատությունից, որոնք այդպես էլ լոկ գաղափարներ են մնում, առայժմ ոչ մեկի զամբյուղի պարունակությունը չի ավելացել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4