«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2004-10-12 | #180, 2004-10-13 | #181, 2004-10-14


ԱԺ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՈՒՏ ՍՊԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԷ

Գնահատում է ՀՀ վարչապետը

Խորհրդարանական ընթացիկ եռօրյայի օրակարգը այլակարծության լիակատար բացակայությամբ սպառվեց ժամանակից շուտՙ 13:30-ին: Վերջերս կրկնվող այս փաստը թույլ է տալիս եզրակացնել, որ խորհրդարանը մոտենում է սեփական ուժերին համապատասխան ծանրաձողին ու բարձրացնումՙ օրակարգային ավելցուկ չթողնելով, քվեարկություններն էլ եռօրյայից եռօրյա տեղափոխելով: Վարչապետի կարծիքով, նշվածը բնական է, քանի որ ԱԺ-ն պետք է աշխատի եղած խնդիրների շուրջ եւ բոլորովին պարտադրված չէ ողջ աշխատանքային օրը լրացնել օրակարգային հարցերի քննարկմամբ, ու դա չպետք է դիտարկել որպես քաղաքական ճգնաժամ: Բացի այդ, ի վերջո կառավարության եւ խորհրդարանի խնդիրը իրավական, քաղաքական դաշտը կայուն պահելն է ու բոլորովին էլ նպատակահարմար չէ նույն օրենքում հաճախակի փոփոխություններով խաղի կանոնները փոխել, գտնում է Անդրանիկ Մարգարյանը:

Իսկ այս եռօրյայում անհարգելի բացակայած պատգամավորներիՙ խորհրդարանական ընդդիմադիրների հարցը չքննարկելու պատճառը չի փոխվել: Այս անգամ էլ պատգամավորներին ԱԺ նախագահը չի զգուշացրել 7 օր առաջ: Նշված հարցի քննարկումը հնարավորինս հետաձգվում է: Խորհրդարանական հանրապետականների ղեկավար Գալուստ Սահակյանն, օրինակ, այդ հարցը չի կարեւորում, քանի որ ներկայումս խորհրդարանի աշխատանքներին ընդդիմության մասնակցության խնդիրը քաղաքական տեսակետից այնքան սուր չէ, որքան, ասենք, սեպտեմբերին:

Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանից պարզվածը

ԱԺ պատգամավորները կառավարությանն ուղղված հարցերով երեկ պարզեցին, որ կառավարության որոշմամբ վերականգնվել են 26 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (նախկինՙ ՊՏՈՒ), այժմ էլ ուսումնասիրություններ են կատարվումՙ պարզելու, թե ինչ մասնագետների պակաս կա Հայաստանում: Ուսումնական ծրագրի վերաբաշխմամբ էլ փորձում են թուլացնել տարրական դասարանների ծանրաբեռնվածությունը, որ ժառանգվել է խորհրդայինից ժամանակակից դպրոցի անցման այս փուլում:

Տավուշի մարզի սողանքից տուժած 270 մետր ճանապարհը կնորոգվի 2005 թ.: Գետերի գարնանային վարարման պատճառների վերացման նպատակով էլ Գավառի տարածքում կանխարգելիչ միջոցների առաջին նախագծային աշխատանքը 105 մլն դրամ արժողությամբ արդեն կատարված է, երկրորդը դեռ ընթացքում է: Ծրագիրն իրականացվելու է ճապոնական կառավարությունից ստացած դրամաշնորհով (286 մլն դրամ): Սակայն, գյուղատնտեսության նախարարի հավաստմամբ, մեծ դժվարություն կա, քանի որ գետի ափամերձ տարածքներն արդեն զավթված են եւ չափազանց դժվար կլինի սեփականատերերի հետ լեզու գտնելը:

Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանը, որ պատկանում է քաղաքապետարանին, «Յունիբանկից» առաջարկ է ստացել տարածքը լքելուՙ քաղաքի մեկ այլ հատվածում նոր շենքի կառուցման պայմանով: Սակայն թե՛ գրադարանի 31 հազար բաժանորդները, թե՛ տնօրինությունը մերժել են առաջարկը: Վարչապետի հավաստմամբ, քաղաքապետը դեռեւս գրադարանի շենքը բանկին տրամադրելու որոշում չի կայացրել եւ չի էլ կայացնի, եթե գրադարանի տնօրինությունը չենթարկվի վարչական ճնշումների եւ փոխի իր որոշումը: Այդ դեպքում վարչապետը կկարողանա սատարել ընթերցողներին եւ տնօրինությանը: Չնայած ժամանակակից պայմաններով նոր շենք գրադարանին տրամադրելը վարչապետը շահեկան է համարում:

ՀՀ տնտեսությունը կախվա՞ծ է ՌԴ անվտանգությունից

Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանին հետեւած լրագրողների հետ զրույցում վարչապետը հավաստիացրեց, որ սահմանի փակմամբ ՌԴ-ն ամենեւին նպատակ չունի ՀՀ-ին քաղաքացիական դաս տալու, տնտեսությանը վնասելու: Այստեղ անվտանգության եւ Վրաստանի հետ Ռուսաստանի ունեցած հարցերի լուծման խնդիրն է: Արդյունքում տուժում է մեր երկիրը: Վարչապետի կարծիքով, անընդունելի է Հարավային Օսիայով առաջարկվող ճանապարհը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան: Իրանի ճանապարհն այսօր, Անդրանիկ Մարգարյանի համոզմամբ, միակ այլընտրանքային ճանապարհն է, որի ամբողջական գործարկումը, սակայն, երկար ժամանակ է պահանջելու:

Իրաք հումանիտար օգնություն ցուցաբերելու հայ 50 մասնագետների (վարորդներ, բժիշկներ, սակրավորներ) ստորաբաժանումն ուղարկելու հարցը վերջնական պատասխան ստանալու է սահմանադրական դատարանի եւ խորհրդարանի կողմից, սակայն վարչապետը երեկ հայտնեց, որ այդ հարցում տրված նախնական համաձայնությանը նպաստած հանգամանքները փոփոխվում են նաեւ Միացյալ Նահանգների դաշնակից երկրների փոփոխման կտրվածքով: Վարչապետը հայտնեց, որ իշխանական շրջանակներում էլ եւ անձամբ իր կողմից մտահոգություն կա, որ ստորաբաժանումն ուղարկելը կարող է ՀՀ-ն վերածել ահաբեկչության թիրախի:

Ներքաղաքական կտրվածքում վարչապետը ճգնաժամ չի տեսնում, եւ վերջերս խորհրդարանում տեղի ունեցած հայհոյախառն պարզաբանումներն ու պատգամավորի տան վրա զինված հարձակումը բոլորովին էլ կոալիցիոն ուժերի բախում չեն նշանակում եւ անձնական բնույթի են:

«Եհովայի վկաների» գրանցման մասին

ՀՀ-ում գրանցված մի քանի տասնյակ աղանդների շարքում օրերս նաեւ եհովականների հայտնվելն Անդրանիկ Մարգարյանը համարում է այդ աղանդը ՀՀ օրենսդրական դաշտ բերելու եւ պատասխանատվության կանչելու հնարավորություն: Մատնանշելով բոլոր աղանդների վտանգավորությունը մեր հասարակության համար եւ ընդգծելով, որ «Եհովայի վկաների» գրանցման հարցում աշխատել են հոգեւորական բարձրաստիճան դասի հետ: Վարչապետը պատգամավորներին հուշեց, որ այդ եւ մյուս բոլոր աղանդների դեմ հիմնավոր պայքարելու համար հարկավոր է հավաքել նրանց թույլ տված ՀՀ օրենքներին դեմ գործողությունների փաստեր, խստացնել համապատասխան օրենսդրությունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4