10 զինակոչիկներ վերադարձան Հայաստան
Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ ԳԱ ակադեմիայի պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Սերունդների երկխոսություն եւ գլոբալացում» թեմայով համաժողովը, որը երիտասարդներին հրաշալի առիթ ընձեռեց արտահայտելու ներկա պահին իրենց առավել հուզող խնդիրները: Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Էդգար Հակոբյանի ասելովՙ համաժողովին մասնակցում Էին Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպության մոտ 20 անդամներ, մոտավորապես այդքան էլ հրավիրվել էին հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Մենք փորձեցինք պահել համամասնությունը, հիմնականում ներգրավելով այն քաղաքական ուժերին, որոնք մասնաճյուղեր ունեն արտասահմանում, սփյուռքի ներկայացուցիչների պակասն այդ կերպ լրացնելու համար»: Այդուհանդերձ, ԳԱ ակադեմիայի պատմության ֆակուլտետի ոչ այնքան մեծ դահլիճը կիսադատարկ էր, ինչն անկեղծորեն զարմացրել էր ոչ միայն ռուսաստանցի հայ երիտասարդներին:
Դասախոս Սեյրան Զաքարյանը խոսեց գլոբալացման ընդերքային հարցադրումների մասին, դրանք դիտարկելով դրական ու բացասական տեսանկյուններից: «Համաշխարհային քաղաքական միտքն այսօր մի տեսակ թաքնված է գործում, հետեւաբար անհրաժեշտություն կա բացահայտելու, հետո միայն երկխոսություն սկսել: Այլապես կստացվի, որ մենք գտնվում ենք մի մեխանիզմի ներքո, որն իր գաղափարախոսությամբ զոմբիացման խնդիր է դրել եւ մենք սիրահոժար ընդունում ենք, որովհետեւ կարեւորվում է նյութականը, յուրաքանչյուր ոք մտածում է իր առօրյա կյանքի մասին: Գաղափարական եւ հոգեբանական վերլուծությունները հասկանալու եւ վերծանելու ժամանակ նրանք չունեն, թեպետ զգացողությունների մեջ նստած է: Դա պետք է դառնա արթուն միտք, որպեսզի ամեն մեկը բացահայտի գաղափարական եւ հոգեբանական ահաբեկչության բացասական որակները, որոնց ազդեցության տակ ենք այժմ»: Նրա համոզմամբ, հայի տեսակն ունի ինքնակայացման հասնելու բոլոր հատկություններն ու հնարավորությունները, եւ հարձակումներից կարող է պաշտպանվել իր ներդաշնակ աշխարհընկալմամբ, ճանաչողությամբ, մտածողությամբ ու հոգեբանությամբ:
Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպության անդամ Արտակ Դավթյանն արդեն 9 տարի ապրում է Մոսկվայում, իր անձնական փորձով եւ շփումներով համոզվել է, որ հայերը չափազանց շուտ են ուծացվում ռուսական միջավայրում: «Անգամ ռուսներն են զարմանում, որ առանց որոշակի պարտադրանքի օտարները Ռուսաստանում բավականին շուտ են մոռանում իրենց ազգային լեզուն ու ավանդույթները: Այնտեղ ապրում են մոտ 2 մլն հայեր, սակայն միայն կես միլիոնն է իրեն հայ անվանում: Հայերի ուծացման խնդիրը կարիք ունի լայն քննարկման»:
Ռուսաստանի հայերի միության մոսկովյան բաժանմունքի երիտասարդության ներկայացուցիչ, իրավաբան Գագիկ Առաքելյանը խոսեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին, կարեւորելով դրանցում երիտասարդության մասնակցությունը: Նրա կարծիքով, ամենից առաջ անհրաժեշտ է տեղեկատվական կապ հաստատել Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների միջեւ: Նա մտադիր է կապ հաստատել Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի երիտասարդ գիտնականների հետ, քանի որ Մոսկվայի միջազգային իրավունքի ինստիտուտում աշխատում է ցեղասպանության ճանաչման հարցերով զբաղվող պրոֆեսոր Յուրի Բարսեղովի հետ:
Տոլյատի քաղաքի «Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արտեմ Մինասյանը Հայաստան է եկել գտնելու իր համար չափազանց կարեւոր հարցերի պատասխանները, նրան մասնավորապես անհանգստացնում է հայ երիտասարդների անտարբեր կեցվածքը: Ռուսաստանում ավելի դյուրին է շփվել ու աշխատել ռուսների, թաթարների եւ այլոց հետ, քան հայերի, որովհետեւ, որքան էլ ցավալի է խոստովանելը, վերջիններս նրանց զիջում են իրենց կազմակերպվածությամբ ու վարվելակերպով: Նրա կարծիքով, հայ երիտասարդները գլոբալիզացիայի հարցերը քննարկելուց առաջ պետք է լուծեն այնպիսի կարեւոր հարցեր, ինչպես բարեկիրթ պահվածքն ու խոսքն են:
Արտեմ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության ջանքերով Տոլյատիից Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ Հայաստան են եկել նաեւ զինակոչային տարիքի 10 հայաստանցի երիտասարդներ: «Նրանք հրաշալի երիտասարդներ են եւ շատ են ցանկանում ծառայել հայկական բանակում: Առանց քաղաքացիության նրանք այնտեղ ոչ մի հեռանկար չունեն: Նրանցից շատերն իրենց որոշման մասին ծնողներին տեղեկացրել են մեզ դիմում գրելուց հետո:
Գուցե նրանց օրինակին հետեւեն նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրենց կյանքն աննպատակ անցկացնող մյուս երիտասարդները», ասաց նա:
Համաժողովի մասնակիցները որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ, քննարկված հարցերը ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ