«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2004-10-12 | #180, 2004-10-13 | #181, 2004-10-14


ՄԱՀԱԿԻ ԴԵՄ` ՄԱՀԱԿՈՎ

Ծեծել են «Սյունյաց մարզ» թերթի խմբագրին

Երեկ «Ազգի» խմբագրությունը հաղորդագրություն ստացավ «Սյունյաց երկիր» մարզային թերթի խմբագրության աշխատակազմից, որի համաձայն նույն, ժամը 11-ի սահմաններում հարձակում է կատարվել շաբաթաթերթի խմբագրի վրա: Ըստ հաղորդագրության` հարձակվողները «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը եւ եւս երկու երիտասարդ էին, երեքն էլ մահակներով զինված: Շաբաթաթերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ կազմակերպությունը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւն է: Ըստ խմբագրի` հարձակման պատճառ է դարձել վերջերս «Սյունյաց երկրում» տեղ գտած մի քանի հրապարակում` Գորիսում եւ Կապանում երկու հանրակրթական դպրոցների փակման եւ երկու քաղաքների ինստիտուտներում ընդունելության քննությունների ապօրինությունների մասին: Թերթի խմբագրի գնահատականովՙ դրանք նորմալ հրապարակումներ են եղել: «Ասում էին` ինչո՞ւ է թերթը հանրապետության վարչապետի եւ Սյունիքի մարզպետի մասին քննադատական նյութեր հրապարակել, ես էլ ասում էի, որ դա իրենց չի վերաբերում: Այդ ժամանակ նրանցից մեկը կոստյումի տակից հանեց փայտե մահակը եւ սկսեց հարվածել ինձ` սպառնալով, որ եթե շարունակենք նման նյութեր հրապարակել, կհրկիզեն խմբագրությունն ու իմ մեքենան», պատմեց պրն Ալեքսանյանը:

Փաստի մասին գլխավոր խմբագիրը տեղյակ է պահել Կապանի ոստիկանությանը, հարուցվել է քրեական գործ: «Ազգի» այն հարցին, թե արդյոք դատական բժիշկը հետազոտե՞լ է տուժածին, եւ եթե այո, ապա ի՞նչ եզրակացություն է տվել, տուժածը պատասխանեց. «Այո, իրենք իրենց գործը նորմալ են կատարել: Սակայն ես հետազոտության արդյունքներով չեմ հետաքրքրվում»:

Սամվել Ալեքսանյանը նաեւ նամակ է հղել հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին: «Եթե իրավապահ մարմինները գրոհայիններին չպատժեն, ինքներս մեզ կպաշտպանենք ընտրելով նույն` մահակների տարբերակը, ասաց խմբագիրը: Թերթը աշխատելու է նույն ձեւով եւ մտադիր չէ փոխել իր ուղին»:

Այժմ տպագրության են պատրաստվում թերթի հերթական երկու համարները, որոնք գովազդային են: Դրանց տպագրությունից հետո խմբագիրը մտադիր է առանց խափանման հրատարակել շաբաթաթերթի հաջորդ համարները:

Ի դեպ, «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը հաստատեց, որ կազմակերպությունը ՀՀԿ երիտասարդական թեւն է, կազմակերպության նախագահը Խաչիկ Ասրյանն է, սակայն «Ազգի» այն հարցին, թե ինչ կասի հաղորդագրության մասին, պատասխանեց. «Մենք հասարակական կազմակերպություն ենք եւ խուլիգանությամբ չենք զբաղվում: Չգիտեմ` ով է նման հայտարարություն արել»:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4