Հայաստան-Չեխիաՙ 0-3 (0-2)
13 հոկտեմբերի, «Հանրապետական» մարզադաշտ, 5 հազար հանդիսական:
Մրցավարՙ Յարեկ Գրանատ (Լեհաստան):
Հայաստան-Ապուլա Բետե, Եղիշե Մելիքյան, Կարեն Դոխոյան (Արթուր Մկրտչյան, 46), Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Արթուր Պետրոսյան, Ռաֆայել Նազարյան, Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան (Անդրեյ Մովսիսյան, 81), Էդգար Մանուչարյան, Կարեն Ալեքսանյան (Ալբերտ Սարգսյան, 64):
Չեխիա-Պետր Չեխ, Զդենեկ Գրիգերա, Թոմաշ Գալաշեկ (Ռադոսլավ Կովաչ, 57), Ռենե Բոլֆ, Մարեկ Յանկուլովսկի, Յան Կոլեր (Վրատիսլավ Լոկվենց, 83), Թոմաշ Ռոսիցկի, Շտեֆան Վահուշեկ (Իրժի Յարոշիկ, 73), Մարեկ Հայնց, Լիբոր Սիոնկո, Թոմաշ Ույֆալուշի:
Գոլերըՙ Կոլեր (3, 77), Ռոսիցկի (31):
Զգուշացվեցին Մելիքյանն ու Մկրտչյանը:
Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ տեխնիկապես գրագետ ու արագաշարժ չեխերը հարձակման գծում հիմնականում փորձելու են գնդակներ մատակարարել բարձրահասակ Կոլերին, որը ողջ հանդիպման ընթացքում բազմիցս տհաճություններ պատճառեց մեր դարպասապահին ու պաշտպաններին: Ցավոք, մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց վնասազերծել Կոլերին: Եվ եթե վերջինս մի փոքր հաշվենկատ գործեր, ապա այս խաղում կարող էր դառնալ առնվազն 5 գոլի հեղինակ:
Հյուրերի առաջին իսկ գրոհը կարող էր ավարտվել դարպասի գրավմամբ: Կոլերի հետ օդային մենամարտում Բետեն չկարողացավ տիրել գնդակին եւ չեխ հարձակվողը գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը: Սակայն վերջին պահին Մելիքյանն այն դուրս հանեց դատարկ դարպասից: Չեխերի հաջորդ գրոհն արդեն գոլային ավարտ ունեցավ. Կոլերը գլխի դիպուկ հարվածով խոցեց Բետեի պաշտպանած դարպասը: Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց մի քանի վտանգավոր գրոհներ ձեռնարկել: Առջեւի գծում գործում էին Մանուչարյանն ու Շահգելդյանը, որոնց գրոհների ժամանակ ակտիվորեն աջակցում էին Մխիթարյանը, Պետրոսյանն ու Նազարյանը: Դաշտի տերերը գոլ խփելու երկու հիանալի հնարավորություն ունեցան: Երկու դեպքում էլ հարվածային դիրքում հայտնվեց Էդգար Մանուչարյանը: Առաջին դրվագում նրա հարվածից հետո գնդակը դիպչելով հորիզոնական ձողինՙ դուրս եկավ դաշտից, իսկ երկրորդ դրվագում գնդակը թեեւ հայտնվեց դարպասում, սակայն մինչ այդ եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը:
Հյուրերը բավական ակտիվորեն շարունակում էին գրոհելՙ հիմնականում գրոհները զարգացնելով աջ թեւով: Մինչեւ առաջին խաղակեսի ավարտը նրանք չորս անգամ մոտ էին հաջողությանը: Երկու դեպքում մեր թիմին հրաշքով գոլից փրկեց Բետեն, իսկ Սիոնկոն ու Կոլերը նպաստավոր դիրքերից վրիպեցին: Այնուամենայնիվ, չեխերը երկրորդ անգամ հասան հաջողության: Անհատական վարպետությամբ փայլեց Ռոսիցկին, որը մոտ 25 մետրից հուժկու հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:
Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց: Թեեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում էին մրցակցի դարպասը գրավելու ուղիներ փնտրել, սակայն այդպես էլ չկարողացան գեթ մեկ անգամ հասնել հաջողության: Ամենավտանգավոր պահը թերեւս ստեղծվեց խաղավերջում, երբ Մանուչարյանը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց: Իսկ ահա հյուրերը բազմիցս կարող էին գրավել դաշտի տերերի դարպասը: Երկու անգամ սեփական կիսադաշտում կոպտորեն սխալվեց Վարդանյանը եւ Կոլերն ու Սիոնկոն մեն-մենակ հայտնվեցին Բետեի դիմաց: Սակայն վերջինս փրկեց դրությունը: Ընդհանրապես այս խաղում Բետեն իրեն լավագույն կողմերով դրսեւորեց եւ եթե չլիներ նրա վստահ խաղը, ապա հաշիվն անկասկած ավելի խոշոր կլիներ: Միայն Կոլերը մի քանի անգամ մեն-մենակ հայտնվեց Բետեի դիմաց, սակայն հապաղեց եւ չօգտագործեց գոլ խփելու հիանալի հնարավորությունը: Ճիշտ է, 77-րդ րոպեին նա ի վերջո երրորդ անգամ ստիպեց դաշտի տերերին խաղն սկսել կենտրոնից:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր հավաքականի խաղում կրկին բացակայում էր հստակությունը, պաշտպանական օղակը դարձյալ գործեց անփույթ ու բազում սխալներով, հարձակման գծի խաղացողներն էլ չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Մեր հավաքականն ընտրական առաջին խմբում եզրափակում է աղյուսակը: Նույնիսկ Անդորրայի հավաքականը, որին համարում էին խմբի բացահայտ հետնապահ, այս տուրում 1–0 հաշվով հաղթեց մակեդոնացիներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ