Նախ ընդամենը մեկ ամսից հունական արտադրության դեղերը կթանկանան: Այդ մասին մեր ներկրողներին արդեն զգուշացրել են հույն դեղարտադրողները: Բանն այն է, որ Եվրոմիության բոլոր երկրները որոշել են դոլարով առուվաճառքից կտրուկ անցում կատարել դեպի եվրոն: Դա նշանակում է, որ եվրոյի եւ դոլարի միջեւ փոխարժեքային տարբերության հաշվին (500 եւ 625 դրամ), շղթայական ռեակցիայի օրենքով, Հայաստանում դեղերը մոտ 20 տոկոսով կթանկանան:
Դեղագործական շուկայի մասնավորեցումից հետո դեղորայքի 60-70 տոկոսը ներկրվում է դրսից, հիմնականում եվրոպական երկրներից: Հունվարից արդեն եվրոպական բոլոր երկրներում տնտեսական գործառույթները, այդ թվում նաեւ ներկրողների հետ հարաբերությունները կարգավորվելու են եվրոյով: Այս մասին մեր ներկրողներն, իհարկե, արդեն գիտեն:
Դեղորայքի շուկայում նման ցնցումները կարող են ծնել նաեւ անթույլատրելի իրողություններ: 30-40 տոկոս ստվերային շրջանառության պայմաններում անհավանական չէ, որ ներկրողները հավելյալ շահույթից չզրկվելու համար թաքցնեն դեղերը եւ շուկա հանեն արդեն բարձր գներով: Դա նշանակում է, որ ժամկետանց կամ սպառման ժամկետին մոտեցած դեղերի քանակը հունվարից հետո կավելանա սպառման շուկայում:
Կ. Դ.