«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2004-10-12 | #180, 2004-10-13 | #181, 2004-10-14


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼ»

Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարարությունում «Եհովայի վկաներ» աղանդի գրանցումը համարում է խայտառակություն, հակաազգային քայլ: «Իմ կարծիքով, արվում են քայլեր, որոնք մեզ զրկում են մեր ինքնությունից: Դրանք (եհովականները) չար ուժեր են, նրանց նպատակը հայության ինքնությունը, ազգայինը վերացնելն է, Հայ առաքելական եկեղեցու հիմքերը քանդելը», մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սարգսյանը:

Գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը եհովականներին համարում է ամենավտանգավոր աղանդներից մեկը: «Այն մարդիկ, ովքեր դառնում են աղանդավորներ, դեմ են գնում ազգային ավանդույթներին եւ, իմ պատկերացմամբ, ազգային դավաճաններ են: Ե՞րբ պետք է մեր մեջից դուրս գա Եվրոպային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին հաճոյանալու մարմաջը: Եթե Ֆրանսիան կարող է ջնջել այդ աղանդի գրանցումը, ապա ինչո՞ւ մենք չենք կարող», ասաց Զեյթունցյանը:

Հայաստանում «Եհովայի վկաների» առաջնորդ Հրաչ Քեշիշյանը «վկա» է 1984 թ. ի վեր: Նրա ասելով, Հայաստանում մկրտված եհովականների թիվն անցնում է 8 հազարից, իսկ համակիրների հետՙ ավելի քան 20 հազարից: Մեզ հետ հեռախոսազրույցում Քեշիշյանն իր կազմակերպությունը գրանցելու առումով մեկ առանձնահատկություն կարեւորեց: «Մինչեւ այսօր մենք տարբեր ճանապարհներով մի կերպ էինք գրականություն ձեռք բերում մեր հավատացյալների համար: Կարծում եմ, գրանցումը թույլ կտա հեշտացնել դա, որպեսզի յուրաքանչյուրն ունենա իր գիրքը», ասաց Քեշիշյանը:

Ֆելիքս Քորլեյը Նորվեգիայում գործող «Ֆորում-18» քրիստոնեական լրատվական ծառայության խմբագիրն է: Այս կազմակերպությունը լուսաբանում է կրոնական ազատությունների հարցեր: Էլեկտրոնային փոստով «Ազգի» հետ ունեցած հարցազրույցում նա ասաց, որ բոլոր կրոնների հավատացյալներն ունեն իրավունք ազատորեն դավանելու իրենց հավատքը: «Եթե «Եհովայի վկաները» կամ որեւէ այլ համայնք ցանկանում է գործել Հայաստանում, ապա դրա իրավունքն ունի: Եթե ցանկանում է հրապարակել կրոնական գրականություն, տարածել հավատացյալների շրջանում եւ ունենալ հավատքի վայրեր, ապա դրա իրավունքն ունի», ասաց Քորլեյը:

Կարծիքներ կան, որ «Եհովայի վկաների» գրանցումից հետո հնարավոր կլինի իրավական ճանապարհով ստիպել նրան գործելու Հայաստանի օրենքների շրջանակներում: Սոս Սարգսյանը չի կարծում, թե «վկաների» գործունեության օրինականացումը նաեւ դրական է: «Ճիշտ է, արգելելը դառնում է արգելված պտուղ, այդ աղանդին դարձնում գրավիչ, բայց սա սազում է մեծ երկրներին: Հայաստանը փոքր է, դարերի ընթացքում ապրել ենք մեր ինքնությամբ: Այս ալիքները պղտորում են մեր զուլալ ջրերը», ասաց նա:

Պերճ Զեյթունցյանը կարծում է, որ աղանդները տարածվում են շատ բարեկեցիկ երկրներում, որտեղ մարդիկ նոր բան են փնտրում, եւ աղքատ երկրներում, որտեղ մարդիկ փրփուրներից են բռնում: «Հայաստանում բոլոր հիմքերը կան, որ մարդիկ աղանդավոր դառնանՙ աղքատություն, հուսալքություն, բայց մարդիկ պետք է գիտակցեն, որ խելքը գլխին մարդն աղանդներին չի դիմի, աղանդավորները խավարամիտ մարդիկ են, ազգի դավաճաններ: Մենք ուզում ենք դուր գալ մեծ պետություններին: Սակայն ժամանակն է, որ սկսենք մենք մեզ էլ դուր գալ: Օրինակՙ Իրաք խումբ չուղարկելով, կամ Ավ. Իսահակյանի գրադարանը հանուն բիզնեսի չխլելով:

Աղանդների մի մասը դժգոհ է հայ եկեղեցականներից, բայց դա չի նշանակում, որ դժգոհ պետք է լինել Հայ եկեղեցուց, ինչպես Հայաստանի պետությունից դժգոհ լինելը չի նշանակում դժգոհ լինել Հայոց պետականությունից: Թող մեծ երկրներն իրենց շռայլություն թույլ տան եւ աղանդավորներին գրանցեն: Փոքր Հայաստանում քիչ մարդ է մնացել, իսկ եհովականների 30 հազարը վտանգավոր թիվ է», ասաց Զեյթունցյանը:

Հրաչ Քեշիշյանն ասում է, որ թեեւ ինքը չունի վիճակագրություն, սակայն գիտի, որ իր կազմակերպությանն անդամակցում են գիտաշխատողներ, բարձրագույն կրթություն ստացածներ, հասարակության տարբեր շերտեր, բայց «չեմ հանդիպել գործող բարձրաստիճան պաշտոնյայի, որը «Եհովայի վկա» է: Հայաստանում «Եհովայի վկաներին» երբեք չեն ճնշել, բռնություններ կիրառել, հալածանքներ չեն եղել, կարողացել ենք մեր ժողովներն անցկացնել, ասաց նա: Վկաներն, ըստ մեր կանոնադրության, կարող են ունենալ հավատքի տաճարՙ Թագավորության սրահ: Հայաստանում դեռեւս չկան Թագավորության սրահներ: Հող գնելը դժվար կլինի, տեղի առումով կարող է անհարմար լինել այցելուների համար»: Քեշիշյանը չի կարծում, որ գրանցումից հետո «վկաների» թիվը կավելանա, «գրանցումը դրա հետ բացարձակապես կապ չունի»:

ԱՊՀ երկրներում, ըստ Քորեյի, եհովականները գրանցում չեն ստացել միայն Թուրքմենստանում: «Չնայած Վրաստանը չունի կրոնական համայնքներին գրանցելու համակարգ, «Եհովայի վկաներն» ստացել են օրինական կարգավիճակ եւ ունեն իրենց երկու կազմակերպությունները: Բելառուսում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում, միջինասիական հանրապետություններում կան «Եհովայի վկաների» համայնքներ, որոնք գրանցված են», ասաց նա:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4