«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2004-10-13 | #181, 2004-10-14 | #182, 2004-10-15


ԼԵՎԻՏԻՆԻ ՌՈՒՍԵՐԵՆԸ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԷՐ...

Ռուսաստանի «հակաահաբեկչական» գործողությունների պատճառով տասնյակ հայեր տառապում են Հարավային Օսիայում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը փակ կմնա եւս 30-40 օր: Նրա ասելով, այդ տարածքում իրականացվում են միջոցառումներՙ ուղղված ահաբեկչության դեմ պայքարի խստացմանը:

Նախօրեին Լեւիտինը նշել էր, որ հայ-ռուսական առեւտրատնտեսական պոտենցիալը լիարժեք չի օգտագործվում Վրաստանի կառավարության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Քանի դեռ Վերին Լարսը փակ է, որպես այլընտրանքային ուղի Հայաստանի պաշտպանության նախարարի հետ երեկվա համատեղ ասուլիսում Լեւիտինը նշեց Հայաստանը Ռուսաստանին կապող նոր ճանապարհՙ Աստրախանից Կասպից ծովով մինչեւ իրանական Էնզելի նավահանգիստ, ապա ցամաքային ճանապարհովՙ Ագարակ-Մեղրի-Քաջարանով դեպի Երեւան:

Լեւիտինը, որի տրամադրությունը ակնհայտորեն բարձր էր, նշեց, որ իրանական ուղին տնտեսական տեսանկյունից նախընտրելի է Վերին Լարսից: «Մեզ մնում է որոշ հարցերի շուրջ պայմանավորվել իրանական կողմի հետ», ասաց նա: Բեռնափոխադրումներ իրականացնող հայկական ընկերությունների փորձագետները կարծում են, որ իրանական ճանապարհը թանկ կարժենա 1000-2000 դոլար մեկ բեռնատարի համար: Բացի այդ, ինչպես Վերին Լարսը, այնպես էլ Մեղրի-Քաջարան հատվածը ձմռանը հաճախ դառնում է անմատչելի բեռնափոխադրումների համար:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը ընդգծեց, որ Վերին Լարսի ճանապարհը հավերժ չի փակվել, եւ եթե առաջիկա շաբաթների ընթացքում կրկին մեքենաների կուտակումներ լինեն, ապա կկիրառվեն համապատասխան միջոցառումներ: Ռուս նախարարը նկատի ուներ մի քանի օր առաջ իրականացված «միջոցառումը», երբ ընդամենը մեկ օրով բացվեց ռուս-վրացական սահմանը, որպեսզի այնտեղ կուտակված բեռնատարները եւ քաղաքացիները, մոտ 40 օր տառապելուց հետո հնարավորություն ստանան հասնելու վերջնակետ:

Լեւիտինը նաեւ նկատեց, որ հակաահաբեկչական պայքարի դեմ միջոցառումների պատճառով չպետք է տուժեն քաղաքացիական անձինք: Մինչդեռ երբ Երեւանում շարունակվում էր հայ-ռուսական միջկառավարական հերթական նիստը եւ ռուս նախարարին ընդունում էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ տեղի էին ունենում ռուս նախարարի տրամադրությունը բարձրացնելուն ուղղված «միջոցառումներ», Հայաստանի շուրջ 100 քաղաքացիներ տառապում էին Հարավային Օսիայում:

Ինչպես հայտնի է, ռուսները փակելով Վերին Լարսի անցակետըՙ Հայաստան շարժվող քաղաքացիներին խորհուրդ են տալիս օգտվել վրաց-ռուսական սահմանի Հարավային Օսիայի սահմանում գտնվող Ներքին Զամարագ անցակետից: Հուսահատ հայերը, հասնելով չճանաչված Հարավային Օսիա, նոր խոչընդոտի են հանդիպում վրաց-հարավօսական սահմանի Էրգնետի բնակավայրում: Վրացական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ չի ճանաչում այդ սահմանակետի օրինականությունը, հետեւաբար թույլ չի տա Հայաստանին օգտվել այդ ուղուց:

Ավելի վաղ հայ-վրացական բարձր մակարդակով բանակցությունների արդյունքում պաշտոնական Թբիլիսին ընդառաջել էր հայկական կողմի խնդրանքին եւ թույլ տվել, որ սահմանում կուտակված ավտոմեքենաները եւ քաղաքացիները շարունակեն ճանապարհը, մյուս կողմիցՙ Երեւանին բարեկամաբար խորհուրդ տվել դիմել քայլերի, որ Հայաստանի քաղաքացիներն այլեւս չօգտվեն այդ ճանապարհից: Սակայն արդեն մի քանի օր Էրգնետիում կրկին կուտակումներ են առաջացել: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալության թղթակիցը, Հայաստանի շուրջ 100 քաղաքացիներ արդեն մի քանի օր անորոշ կացության են մատնվել: Նրանց մեջ են առնվազն 12 երեխաներ, որոնցից 4-ը հիվանդության պատճառով տեղափոխվել են Ցխինվալի հիվանդանոց: Երեկ հայերին այցելել է չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:

Արդեն վրացական մամուլում տպագրվում են հոդվածներ, որոնցում նշվում է, որ Ռուսաստանը հայ քաղաքացիներին ցույց տալով հարավօսական սահմանով Հայաստան հասնելու ճանապարհը, փորձում է սադրել հայ-վրացական ընդհարումներ: Նկատենք, որ Էրգնետին այն վայրն է, որտեղ հաճախ են լսվում կրակոցներ ե՛ւ վրացական, ե՛ւ օսական զինված ուժերի կողմից: Այսինքնՙ հայ քաղաքացիները այնտեղ երկու կրակի արանքում են:

Հայաստանի վարչապետը «ՀԺ» օրաթերթին երեկ տված հարցազրույցում ասել էր. «Ռուսական կողմը մեզ ուղղակի ասել է, որ սահմանն առայժմ փակ է լինելու եւ առաջարկել է Հարավային Օսիայով անցնող ճանապարհը: Սակայն դրան համաձայն չէ վրացական կողմը, մենք էլ համաձայն չենք, որովհետեւ այնտեղ վիճակն այնքան անկայուն է, որ մենք պարզապես չենք կարող երաշխավորել մեր բեռների անվտանգությունը: Ուստի մենք մեր գործընկերներին ասել ենք, որ պետք է այլ ճանապարհ փնտրել, որը կարող է լինել Իլյիչեւսկը կամ Աստրախան-Իրան-Մեղրի-Քաջարան ճանապարհը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից չի գործում նաեւ Փոթի-Նովոռոսիյսկ ծովային ճանապարհը, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի բեռնափոխադրումների համար: Ռուսական կողմը պատճառաբանում է բեռնալաստանավի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախապես նշվում էր, թե անհրաժեշտ է երկու շաբաթ: Սակայն մինչ օրս ծովային ճանապարհը եւս չի գործում եւ, ըստ տեղեկությունների, լավագույն դեպքում կարող է բացվել հոկտեմբերի 18-ին:

Լեւիտինն այսօր մեկնում է Ադրբեջան, ապա Վրաստան, որտեղ, նրա ասելով, այդ երկրների ղեկավարներին մտադիր է համոզել վերաբացել շրջափակված երկաթուղային հաղորդակցությունները: Ռուս նախարարն այնքան համոզված էր խոսում աբխազական եւ Ադրբեջանից Հայաստան մտնող երկաթուղիների վերագործարկման հնարավորության մասին, կարծես տեղյակ չէր տարածաշրջանում առկա հակամարտություններին եւ թշնամանքին: Նա չմոռացավ հիշատակել հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը: Ընդհանրապես Լեւիտինի ռուսերենն անհասկանալի էր հայ լրագրողների համար, ինչի պատճառը մեր ռուսերենի վատ իմացությունը չէր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4