«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2004-10-13 | #181, 2004-10-14 | #182, 2004-10-15


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԵՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ

Հայաստանի երկու խոշոր ձեռնարկությունների շուրջ բանակցությունները շարունակվում են

Տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման հայեցակարգը երեկ ներկայացրեց առեւտի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ կառավարության կողմից նոր հայեցակարգի մշակումը եւ հաստատումը կապված է նոր տնտեսաձեւին անցնելու հետ: Փաստորեն, տնտեսական նոր հարաբերություններ են ձեւավորվել, բայց տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը մնացել է խորհրդային տարիներինը: Դա խնդիրներ է ստեղծում ինչպես պետության, այնպես էլ տնտեսվարողների համար: Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը պետք է լինի միասնական եւ ունենա մեկ կարգավորող մարմին: Ներկայիս լեռտեխպետհսկողության գործառույթները վերափոխվելու են: Նրա տեսչական գործառույթները վերացվելու են, դառնալու է նորմատիվներ մշակող կառույց: Պետական մարմինը պետք է եզրակացություն տա տնտեսվարողի ներկայացրած փորձաքննության վերաբերյալ եւ եթե տեխնիկական անվտանգությունը նորմատիվներին չհամապատասխանի, ապա տնտեսվարող սուբյեկտը կարող է նաեւ լուծարվել:

Այնուհետեւ, պատասխանելով լրագրողների հարցերին, Կարեն Ճշմարիտյանը նախ անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման գործընթացին: Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում գերմանական «Քրոնիմետ» եւ ամերիկյան «Կոմսատ» ընկերությունների հետ: Հայկական կողմի առաջարկով այս ընկերությունները համատեղ ձեռնարկություն պետք է ստեղծեն Զանգեզուրի ՊՄԿ-ի ձեռքբերման նպատակով: Նրանցից յուրաքանչյուրը վճարել է 12,5 մլն դոլար բացառիկ բանակցություններ վարելու իրավունքի համար:

«Նաիրիտի» եւ Վանաձորի քիմհամալիրի շուրջ ընթացող բանակցությունների առնչությամբ «Ազգի» հարցերին պատասխանելով, նախարարն ասաց, որ ռուսական ընկերությունը «Նաիրիտը» վերագործարկելու նախապատրաստական աշխատանքներ է տանում: Այսինքն կենտրոնական բանկի հետ ստորագրած պայմանագրի դրույթները «Նաիրիտի» սեփականատեր ընկերությունը կատարում է: Ինչ վերաբերում է սլովակյան ընկերության կողմից Վանաձորի քիմհամալիրի ձեռքբերման գործընթացին, ապա, Կարեն Ճշմարիտյանի հավաստմամբ, սլովակյան կողմն իր առաջարկներն է փոխանցել համալիրի ներկայիս սեփականատեր «Պրոմեթեւս» ընկերությանը, բանակցություններ են ընթանում: Նախարարությունն այստեղ, նախարարի հավաստմամբ, միայն միջնորդի դեր է տանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4