«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2004-10-14 | #182, 2004-10-15 | #183, 2004-10-16


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ-ՈՒՄ ՏԱՐԱԿԱՐԾԻՔ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ֆրանսիայի Ազգային ժողովում հոկտեմբերի 14-ին քննարկվել է Թուրքիայի անդամակցության շուրջը այդ երկրի հետ Եվրոմիության բանակցություններ սկսելու հարցը: Այս կապակցությամբ «Ֆիգարո» թերթը գրում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը մտահոգության առիթ է խորհրդարանի թե աջակողմյան եւ թե ձախակողմյան պատգամավորների համար:

ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումը չի հարթել պատգամավորների տարաձայնությունները: Հարցի առթիվ քվեարկություն չի անցկացվել: «Ֆիգարոն» նշում է, որ քննարկման օրը ԱԺ-ում եղել են սակավաթիվ պատգամավորներ: Թե աջերը եւ թե ձախերը վերապահումներ են արտահայտել Թուրքիայի անդամակցության բանակցությունների կապակցությամբ:

Վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը ընդգծել է, որ «անդամակցությանը պատրաստ չեն ոչ Թուրքիան, ոչ էլ Եվրոմիությունը»: Այդուհանդերձ նա պատգամավորներին հորդորել է չշտապել եւ առանց քննարկման, հախուռն կերպով «ոչ» չասել անդամակցությանը:

Հիշեցնելով, որ ֆրանսիացիների մեծ մասը դեմ է Թուրքիայի անդամակցությանը, Ռաֆարենն ասել է, որ ազգի կամքը չի անտեսվի եւ որ Ֆրանսիայի ժողովուրդը «հանրաքվեի միջոցով կասի վերջին խոսքը»: Վարչապետի խոսքերով, անդամակցության գործընթացը կլինի երկար եւ կարող է ընդհատվել «ամեն պահի»:

ԱԺ-ում սոցիալիստների խմբի ղեկավար Ժան-Մարկ Այրոն արտահայտել է մոտավորապես նույն տեսակետը, մանրամասնելով, որ մինչեւ բանակցությունների ավարտը «հնարավոր է երկու տարբերակՙ անդամակցություն կամ արտոնյալ գործընկերություն»:

Սոցիալիստների խմբում անդամակցության հակառակորդ, նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը մասնավոր զրույցի ժամանակ ասել է, որ «լավագույն լուծումը գործընկերությունն է»:

Ֆրանսիայի ժողովրդավարության միության հայտնի գործիչ Ֆրանսուա Բայրուն հայտարարել է. «Թուրքիայի անդամակցությունը ոչ թե կմիավորի Եվրոպան, այլ կմասնատի»: Այդուհանդերձ նա կողմ է արտահայտվել բանակցության ծավալմանը:

ԵՄ սահմանադրության մոլի հակառակորդ, կոմունիստների խմբի ղեկավար Ալեն Բոսկեն առաջարկել է, որ Եվրոպայի խորհուրդը հետաձգի Թուրքիայի անդամակցության բանակցությունները, որպեսզի նախքան այդ «Եվրոպայի ժողովուրդներն իրենց կարծիքներն արտահայտեն ԵՄ սահմանադրության առնչությամբ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4