Հիշո՞ւմ եք բաց թողնված ցուլերի հետապնդումից Մադրիդի փողոցներում խուճապահար փախչող մարդկանց ցուցադրող հեռուստատեսային կադրերըՙ իբրեւ կորրիդայի մաս: Այնտեղ ոմանք խոյահարվում էին ցուլերից, ոմանք ընկնում վերջիններիս ոտքերի տակ: Բայց սա ընդամենը սիրված ազգային խաղ է, եթե կուզեքՙ խրախճանք, ինչը ցանկության դեպքում կարող են դադարեցնել: Շատ ավելի վտանգավոր է մեր կորրիդան, որը քաղաքական է, սկսվել է վաղուց եւ «ցուլերին» վանդակելն էլ անհնարին է: Ու ժողովուրդը փախչում է ընդհուպ արտերկիրՙ անցնելով անգամ հայ-թուրքական սահմանը...
Մի իրողություն եւս. հասարակությունը հեռանում կամ հիասթափված է երկրից նաեւ ընդդիմության պատճառով, ում համարում է թույլ եւ գաղափարազուրկ:
Ընդդիմությունը կարծես վերադառնում է նախկին ֆորմատին: Այլապես ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ քաղաքական աշունը դիմավորեց երկու տարանջատ միջոցառումով: Կուսակտիվի հանդիպումներ եղան դաշինքից դուրս Գեղամյանի եւ առանց նրաՙ դաշինքի կողմից: Երկու հանդիպումներն էլ ցուցադրական էինՙ «ահա մենք, եկել ենք, սկսում ենք» ենթատեքստով: Բայց ինչը, ինչպեսը, նպատակը չասվեցին: Թերեւս Գեղամյանի միակ անակնկալը այն էր, թե Քոչարյանի հրաժարականի խնդիր չկա, անհրաժեշտ է ձեւավորել նոր խորհրդարան:
Առհասարակ ներկա իշխանության եւ ընդդիմության բանավեճը ում հաղթանակով էլ լինի, հասարակությունը կարծում է, թե ինքը մնալու է նույն վիճակում, քանզի դա սովորական հերթափոխի խնդիր է ընդամենը: Այնպես որ առանց տնտեսական ու քաղաքական ռենեսանսի կհայտնվենք այնտեղ, ուր հայտնվեց մեր օլիմպիական թիմը Աթենքում: Իսկ իշխանությունը կգործի այնքան ժամանակ, որքան ընդդիմությունը կմնա ինչպիսին կա: Ընդդիմությունն էլ տեղապտույտ կտա, քանի դեռ իշխանափոխությունը կընկալվի իբրեւ մերկանտիլ եւ ամբիցիոզ նպատակ: Որեւէ հեղաշրջում դատապարտված է, եթե հանուն ժողովրդի չէ: Սա է բուն պատճառը, որ այսօր հասարակության մի զգալի մասը գնալով դառնում է հեղափոխական գաղափարներին անհաղորդ: Ուզածդ ընտրություններում մեզանում յուրաքանչյուր երեքից երկուսը խաբվել է:
Նախկին պարտքերը չմարած, հիմա հանրությունից իշխանության կամ ընդդիմության հանդեպ վստահության նոր քվե պահանջելը բարոյական չէ:
Ընդդիմության այս լիդերային կազմն իր ենթակազմերով հանդերձ ժողովրդին չի հուսադրում, մանավանդ, վերհիշելով նրանց գարնանամուտը: Այդ ո՞ր իշխանությունը կհանձնվի, ցավով եմ ասում, նման ընդդիմությանը, երբ վերջինս զորացրվեց իշխանության առաջին իսկ «զորաշարժով»: Ո՞ւր են այն շարասյուները, որոնց մասին ժամանակին այնքան շատ էր խոսվում: Դաշինքը չկարողացավ սահմանադրությունն այն ուժը դարձնել, որով կարելի կլիներ ռեժիմը ընկճել: Քաղաքական շրջադարձ հարկավոր է երկուստեքՙ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Ով առաջինը ցուցաբերի քաղաքական կամքի նման դրսեւորում, հանրությունը կմիանա նրան ու կաջակցի: «Միշտ պատրաստ իշխանության վարած քաղաքական գործին», արդեն որքան ժամանակ ասում է նոր համակարգի քաղաքական պիոներիան եւ ոչ մի կերպ չի փոխվում: Մինչեւ հիմա քաղաքականությամբ զբաղվողներ կան, որոնք չկարողացան հասկանալ նույնիսկ ի՞նչ է ներքաղաքական դաշտը, ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ի՞նչ է, մանավանդ, աշխարհաքաղաքականությունը, որը քաղաքականության ադամանդն է: Ամբողջ իմաստը հենց այստեղ է, եւ ես չէ, որ պիտի բացատրեմ, թե ինչու:
Արդի համազգային վայրիվերումները սկսվեցին այնժամ, երբ քաղաքականությամբ զբաղվեց երեկվա նեղմիտ պլեբսը, ով ամբողջ կյանքում կշտացել էր ընդամենը թանապուրի արժեք գաղափարներով: Այսօր այդպիսիք են նետվել առաջ, իսկ ճշմարիտ հայ քաղաքական միտքը ստիպված քաշվել է մի կողմ: Քանդել միջնաբերդը եւ մտնել ներս դժվար է, քանզի այն վերահսկում է ցերբերը: Իշխող կուսակցությունները կհայտնվեն այն գաղափարակիրների դեմ, ովքեր կհանդգնեն սրբագործել աղավաղված երկիրը: Սա հայկական կորրիդան է: Բայց մտահոգիչը նաեւ այն է, թե ի վերջո հեռացող այդ վարչախմբին ովքեր են փոխարինելու. կգան նորերըՙ կկրկնվի հինը, կարծում է ժողովուրդը եւ թերեւս իրավացի է: Այդպես է, քանզի չհասկացանք պետության իմպերատիվ բնույթը, համազգային շահը, ընդհանուր բարեկեցության կարեւորությունը: Նաեւ սա չէ՞ պատճառը, որ միջազգային հանրությունը մեզ նայում է իբրեւ քաղաքականությունից, ժողովրդավարությունից մերժվածների:
Ստեղծված իրավիճակն անբնական էՙ երկփեղկված հասարակություն, նիհիլիզմ, անվստահության մթնոլորտ, անորոշ վիճակ: Այսօր ընդդիմությունը հիշեցնում է փողոցում կանգնած այն պչրուհուն, որն իր մարմնի գայթակղիչ մասերը ցուցադրելով ուզում է ժողովուրդ հավաքել: Պատկերավոր խոսք ու տեսարանների ժամանակն անցել է: Որ իշխանությունը վատն է, բոլորս գիտենք: Բայց մկների ժողովից այն կողմ չենք անցնումՙ ասես ջոջը քաշեց պոչը տարբերակը թյուրիմացություն է: Զանգը պետք է կախեն առաջնորդները, ժողովուրդըՙ նրանց աջակից: Մյուս կողմից, եթե այսօր հայտնվի էլ մեկը, որն ունենա գործողությունների հստակ ծրագիր, հանդես գա նոր գաղափարներով, համոզված եմ, կքարկոծվի ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից: Քաղաքական խանդն ահավոր բան է: Եթե սիրո խանդից կտուժի մեկը կամ մի քանիսը, քաղաքական խանդի զոհը կարող է դառնալ մի ամբողջ ժողովուրդ:
Հաճախ բարեփոխումներից ենք խոսում: Նման ցանկություն, սուտ է, չի եղել, եթե լիներ, վաղուց լավ կապրեինք: Պարզապես քաղաքական ամեն մի ռեժիսոր իր բեմադրությունն է ներկայացնում իր անտաղանդ դերակատարներով: Եթե իրոք երկրի բարգավաճման ուղղորդողներ լինեին, հանրությունն անմիջապես կզգար ու կգնահատեր: Մինչդեռ ինչպե՞ս այդպես լիներ, երբ երկիրը ոչ կարգին իշխանություն ունի, ոչ կարգին ընդդիմություն: Սրանք իրար համարժեք են ու իրար արժանի: Իսկ ճշմարտություն-իրողությունը հետեւյալն է. եթե մի երկրում ժողովրդի մոտ 80 տոկոսը վատ է ապրում, եթե հանրությունն օտարված է իշխանությունից, առկա է չդադարող արտագաղթ, ակնհայտ է դատաիրավական եւ այլ համակարգերի գլխիվայր վիճակ, մարդիկ գործազուրկ են, հիվանդներն իրենց մահկանացուն են կնքում առանց բժիշկ տեսնելու, հակակրանքով են խոսում խորհրդարանի ու կառավարության մասին, հյուծվում են արվեստները, կրթությունը, գիտության բնագավառը, ինչպե՞ս կարող էր այս համապատկերում ընտրվել նման խորհրդարան կամ վերընտրվեին որեւէ նախագահ ու նշանակվեին այս մարզպետները: Այսքանից հետո սահմանադրական դատարանի կամ ԿԸՀ-ի որոշումները ժողովրդի համար ոչինչ չարժեն: Հիմա որքան կուզի քամին թող փչի: Այստեղ երկուսից մեկը տառապում է կաբոտոնիզմով (իրականության զգացողության կորուստ): Այդ մեկը իշխանությունն է: Ամբողջ միջնադարում մարդու իրական հայրենիքը եղել է երկինքը, բայց մի օր նա իջավ երկիր եւ տեսավ շոշափելին: Տեսավ ու անցավ ռենեսանսի: Հիմա որքա՞ն ժամանակ է պետք, որ հայրենի իշխանությունն ընդդիմության հետ հասկանա իրականությունը, եւ քաղաքական վերածնունդը դառնա պարտադիր: Վստահ եմ, որ այս ընդդիմությունն անկարող է ներազդել իշխանության վրա, չի կարող նաեւ իշխանությունն ազատվել ընդդիմությունից, քանզի այն եթե այսօր թույլ է, վաղը կգան նորերը, եւ ամեն ինչ այլ ընթացք կունենա:
Հայկական քաղաքականության առանձնահատկությունները
Մեր դատաիրավական համակարգը, խորհրդարանն ու կառավարությունը, մեծ ու փոքր չինովնիկները գործում են համապատասխան իշխանության թելադրանքի, ինչպես Հին Հռոմումՙ նայած միապետը բութ մատը ինչպես կպահերՙ դեպի վե՞ր, թե՞ ներքեւ: Սա է հայ քաղաքականության ելակետը, ավաղ: Մեր քաղաքականության աղը շահն է, փողը: Մեզանում իշխանությունը փող է, փողըՙ իշխանություն: Այս բոլորը բերում է քաղաքականության ստրկացման, իսկ ստրկացված քաղաքականությունը կծնի ստրուկ, նաեւ տեր: Մինչդեռ գերադասելին քաղաքականության ստրուկը լինելն էր: Արդյունքում ե՛ւ տերը, ե՛ւ ստրուկը հասարակության դեմ են: Չպետք է մոռանալ, որ այս ստրուկները նաեւ հարուստ ֆեոդալներ են, օրինակ, պատգամավորներից շատերը: Ստրուկ են, քանզի գործում են իշխանության ծածկագրերով, ֆեոդալներ են, քանզի գործում են իշխանության բարձր հովանու ներքո: Քիչ բացառությամբ, Աժ որոշումները բնավ ժողովրդաշահ չեն, կարծում է նույն ժողովուրդը, դրանք հարմարեցված են իրե՛նց շահերին: Սա ներսի պարագայում: Հասարակությունը նույնչափ դժգոհ է դրսի հետ կապված, մանավանդ աշխարհաքաղաքական հարցերի առումով: Ադրբեջանը տարիներ շարունակ աշխարհով մեկ աղաղակում էր, թե Հայաստանը զավթել է իր տարածքի 20 տոկոսը, ագրեսոր է: Մենք հեգնում էինք, թե էլի իր երգն է երգում, թե օտարները դա համարում են անլուրջ: Արդյունքում ստացանք Թերի Դեւիսի զեկույցը: Հիմա էլ զեկույցն ենք հեգնում, թե օրենքի ուժ չունի: Եվ այսպես շարունակ: Մինչդեռ մենք զլացանք հակաքարոզչության հարցում: Նույն միջազգային հանրությանը չբացատրեցինք ղարաբաղյան հարցի բուն էությունն ու մի անգամ, երբ Քոչարյանը Եվրոխորհրդում այդ մասին ակնարկեց, զարմանք ապրեցինք: Այնինչ դա եւ ավելին պետք է արվեր վաղուց, որպեսզի Բաքուն չկարողանար իր սուտը ճշտի տեղ անցկացնել: Մենք այդ ընթացքում զբաղված էինք երկիրը բաժանել-վերաբաժանելով:
Մեր քաղաքականության առանձնահատկություններից է վարկերի աներեւութացումը: Օրինակ, խոսում էին ջրային տնտեսությանը հատկացված 30 մլն դոլարի եւ այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ: Իսկ քանի՞ նման վարկեր եկան ու գնացին: Չկա ոչ մի բացատրություն: Ամեն ինչ նույն ընտրությունների տրամաբանությամբ է դրսեւորվումՙ խախտում չի եղել, ամեն ինչ եղել է ազատ, արդար, թափանցիկ: Կամ հիշո՞ւմ եք կովկասյան վագրի ցատկը: Թվում էրՙ նման աճերի պայմանում Հայաստանը շուտով կդառնա Շվեյցարիա: Կարելի է ասել, որ քաղաքական տնտեսական թիփին մեզ շատ է բնորոշ: Կամ այս միագույն, միասեռ կուսակցությունները. կարծես բարձրագույն կրթության դիպլոմի խնդիր լինի, ամեն մեկը մի կուսակցության կնիք է ուզում ունենալ: Ինչի՞ համար: Էդ ո՞ր կուսակցությամբ է մինչեւ հիմա հանրությունը հիացել կամ տեսել դրա օգուտը: Դասական, կիսադասական, շարքային, արտոնյալ բոլոր կուսակցություններից էլ բուն ժողովուրդը երես է դարձրել: Մի կուսակցապետ նետվում է ամերիկյան կոնգրեսականի գիրկըՙ իրեն համարելով ամերիկամետ (ցուցադրելով թե ինքը քաղաքականության մեջ է), մյուսը օրհնված սհաթից է խոսում, մեկ ուրիշը լեհական ռազմական խմբում հայ զինվորի Իրաք մեկնելու փաստը դիտում է փառահեղ ինտեգրացում: Իսկ շահը, ընչաքաղցությունն արդեն հայկական քաղաքականության շոգեքարշն է: Չասեմ, բոլորս գիտենք:
Մեծ քաղաքականության ծիրում մենք մեր մանկական թոթովանքներով հպարտանում եւ ուզում ենք դեր ու կշիռ ունենալ: Մենք աշխարհին շարունակ նայում ենք ռուսական պատուհանից եւ բան չենք տեսնում, չեն տեսնում նաեւ մեզ: Հարավային Կովկասի երկու հանրապետություն ՆԱՏՕ-ին անդամակցելու փուլում են, մենք մտածում ենքՙ բազմաթիվ կնճռոտ, չլուծված խնդիրներ ունենալով հանդերձ: Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, բայց ի վարձ համագործակցության, չգիտես ինչպես, Պուտինն իր ելույթում անհասկանալի մտքի թռիչքով Ղարաբաղն աղերսեց բեսլանյան իրադարձությունների հետ: Մեր արտաքին գործերի գերատեսչությունը պարզաբանում պահանջե՞ց Մոսկվայից: Կամ ինչպե՞ս է լինում, որ թուրք ելուզակներն ազատ մտնում են հայկական տարածք, քշում-տանում են անասունները: Սա հո կոմեդիա է: Չթվարկեմ, բազմաթիվ հարցեր դուրս են եկել իրենց շավղից, որոնք կարգավորել է պետք: Իսկ մեր քաղաքականության թիվ մեկ հոգսն այսօր տնտեսությունը պետք է լինի: Չեղավ դաՙ մնացածն աբսուրդ է: Չկայացած մեր պետությունում ամենակայացածներն օլիգարխներն են, կլանները, կոռուպցիան: Անշուշտ, այս բոլորն առկա է նաեւ մնացած բոլոր ոչ ժողովրդավար երկրներում: Բայց եթե այդ երկրներում կա պայքար դրանց դեմ, մեզ մոտ նման պայքարի բացակայությունն ակնհայտ է:
Իշխանությունն ու ընդդիմությունը միեւնույն կամրջի երկու ծայրերն են, որոնք պարտադիր պետք է ձգվեն իրար եւ ամբողջացնեն կամուրջը: Այդ կամուրջն է, որ, ցավոք, ոչ մի կերպ չի ամբողջանում, եւ հանրությունը չի կարողանում օգտվել կամրջից:
Այսօր փաստորեն ընդդիմության դաշտը կիսով չափ դատարկ է եւ այդ դաշտը նվաճել է պետք, բայց ոչ ինքնանպատակ: Դա պետք է լինի հասարակության պահանջով եւ հասարակության համար:
ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ