Փիտեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը» գրքում
Երբ 2004 թվականի ապրիլին Դենվերում հարցազրույց էին անցկացնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Մարաշլյանի հետ, հարցրեցի նաեւ իր կարծիքըՙ Փիտեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը» (՚՚The Burning Tigris՚՚, 2003) գրքի մասին, որն, իմ ունեցած տվյալների համաձայն, այդպես էլ քննադատության չարժանացավ, իհարկե, չհաշված թուրքական հերթական «մեկնաբանությունները» եւ որոշ հայկական շրջանակների բամբասանքները, թե «Այրվող Տիգրիսն», իբր, գրվել է աջակցելու բուշյան վարչակարգի հակաիրաքյան ագրեսիային (նման կարծիք ունեցողները հավանաբար չափից ավելի են խորացել «Այրվող Տիգրիսի» շապիկի պատկերի մեջ, ուր «Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը» արտահայտության ճիշտ մեջտեղում, քարտեզի վրա նշված է Բաղդադ տեղանունը): Մինչդեռ «Նյու Յորք Թայմսի» կողմից տարվա «ամենաշատ վաճառվող» գրքերից մեկի տիտղոսին արժանացած եւ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից բառիս բուն իմաստով պաշտված գրքում կարելի է հայտնաբերել, որ Տիգրան Մեծն իր բնական մահով չի մահացել, այլ սպանվել է, այն էլ մ.թ.ա. 63 թվականին, եւ, ընդ որում, Մարկոս Ավրելիոսի կողմից:
Պարոն Մարաշլյանը պատասխանեց.
- «Այրվող Տիգրիսը» չեմ կարդացել...Ամեն գրքում էլ սխալներ կ՛ըլլան...
Պարոն Մարաշլյանը չէր ցանկանում շարունակել խոսակցությունը այդ գրքի մասին, քանզի չէր կարդացել: Սակայն ես այդ ժամանակ կարդացել էի «Այրվող Տիգրիսի» առաջին 100 էջերը, եւ սիրտս այրվում էր այդ գրքի սխալներից...
Պրոֆեսորը խոստացավ, որ Կալիֆոռնիա վերադառնալուն պես կստուգի Տիգրան Մեծի հետ կապված վրիպակը: Ու կարծես «Այրվող Տիգրիսի» մասին խոսակցությունը պատրաստվում էր ավարտվել, երբ հանկարծ «Կոլորադոյի հայեր» ընկերակցության պատրաստած ցուցադրական սեղանի վրա տեսա «Այրվող Տիգրիսը»: Անմիջապես վերցրեցի, գտա 29-րդ էջը եւ տվեցի պրոֆեսորին:
«Իր հզորության գագաթնակետի ժամանակՙ մ.թ.ա 65-55 թվականների միջեւ, Հայաստանը ընդարձակեց իր սահմանները Անատոլիայից ռուսական Կովկաս, Սեւ ծովիցՙ Կասպից եւ զբաղեցրեց ներկայիս ամենահյուսիսային Իրանը: Այն ( Հայաստանը-Ս. Մ.) բավականին մեծ էր եւ ուժեղ, որպեսզի Կեսարն ուղարկի իր գեներալներ Պոմպեոսին եւ Լուկուլլոսին գրավելու այն (Հայաստանը-Ս. Մ.) մ.թ.ա. 63 թվականին: Հայոց թագավոր Տիգրան Մեծին սպանելուց հետո, Մարկոս Ավրելիոսի զինվորները փախցրին նրա տաղանդավոր որդունՙ Արտավազդ II-ին, ով հունարենով գրել է պիեսներ եւ հիմնադրել հունական թատրոն, եւ նրան (Արտավազդին-Ս.Մ.) ու իր ընտանիքին մահապատժի ենթարկեցին»,- գրել է Պիտեր Բալաքյանն իր գրքի 29-րդ էջում:
Մարաշլյանն ապշել էր: Ինչպե՞ս չապշել մի պարբերությունից, որի յուրաքանչյուր տող պարունակում է առնվազն երեք պատմական սխալ տեղեկատվություն, եւ որի նախադասությունները տրամաբանորեն հակասում են միմյանց:
Ինչու՞ գրախոսական չես գրում, - հարցրեց պրոֆեսորը:
Այնուհետեւ պատմաբանին պատմեցի, որ սխալներ կան գրքի այլ էջերում եւս. օրինակ 37-րդ էջում ռուս-թուրքական պատերազմի տարիները պետք է լինեն 1877-1878, եւ ոչ 1876-1877, իսկ գրքի նախաբանին նախորդած «Հայաստանը մ.թ.ա. 500 - այսօր» քարտեզը (որը տպագրվել է նաեւ Բալաքյանի նախորդՙ «Ճակատագրի սեւ շունը» գրքում այն տարբերությամբ, որ Արցախը նշված է ՀՀ-ի կազմում) մի խայտառակություն է, հետեւյալ պատճառներով. 1. Քարտեզում պատմական Հայաստանի կամ Հայկական լեռնաշխարհի սահմաններ չկան, 2. Քարտեզում գրված չէ «Հայաստան» բառը, բացառություն է կազմում Սուրմալուի եւ Նախիջեւանի տարածքներում նշված «Ռուսական Հայաստան» արտահայտությունը, 3. Ըստ այդ քարտեզի, մ.թ.ա. 500 թվականից մինչեւ այսօր պատմական Հայաստանում գոյություն են ունեցել հետեւյալ սահմանները. Կիլիկյան Հայաստան (1080-1375), Օսմանյան թուրքական կայսրության հայկական գավառներ, Հայաստանի Հանրապետություն (անցյալումՙ Սովետական Հայաստան, 1920-1991) եւ Լեռնային Ղարաբաղ:
Արդյոք պե՞տք են մեկնաբանություններ...
Մնում է հիշեցնել, որ Ռոբերտ Հյուսեյնն իր 2001 թվականին լույս ընծայած «Հայաստան. պատմական ատլասում» մ.թ.ա. 500 - ականներից մինչեւ այսօրվա Հայաստանի սահմանների մասին պատկերացում տալու համար ներկայացնում է ավելի քան 250 քարտեզ:
Զրույցի վերջում, միայն, պարոն Մարաշլյանը խոստովանեց «Այրվող Տիգրիսից» հիասթափվելու պատճառը: Բանն այն է, որ Պիտեր Բալաքյանն իր գիրքն ավարտել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին իր գրքերից մեկն ավարտել էր Լեւոն Մարաշլյանը: Խոսքը թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթի «Երեկոյան զբոսանք» բանաստեղծության մի հատվածի մեջբերման մասին էր: Բալաքյանը հղում չէր կատարել:
Պրոֆեսոր Մարաշլյանը պետք է գնար օդանավակայան:
Զանգահարիրՙ կխոսենք, - վերջում ասաց նա:
Երբ տպագրության էի պատրաստում Լեւոն Մարաշլյանի հետ զրույցը, հիշեցի իր խորհուրդըՙ գրախոսական գրելու մասին: Իհարկե, գրախոսական չգրեցի, սակայն հուլիս ամսին անգլերենով գրեցի մի էլեկտրոնային նամակ Պիտեր Բալաքյանինՙ տեղեկացնելով իր գրքում տեղ գտած անթույլատրելի սխալների մասին եւ հույս հայտնեցի, որ կուղղի սխալները, քանզի «Այրվող Տիգրիսը» շատ են կարդում, ու կարդալուց էլ շատՙ գովազդում Մ. Նահանգերում:
Բալաքյանն երկու օրից անգլերենով պատասխանեց:
«Սիրելի Սիմոն Մաղաքյան: Շնորհակալություն ուշադիր ընթերցելու համար: Տիգրան Մեծի սպանված լինելը փոխել եմ վաղուց (2004 թվականի ապրիլ ամսին «Զորյան» ինստիտուտի տնօրեն Ջորջ Շիրինյանը խոսք էր տվել Բալաքյանին փոխանցել նկատառումներս- Ս.Մ.)...Հայաստանի հզորության գագաթնակետի վերջնատարին օգտագործում են մ.թ.ա. 55 թվականը, բայց իմ թվականները, հնարավոր է, որ շփոթեցնում են, ուստի պատրաստվում եմ փոխել «հզորության գագաթնակետը» 70-ականների մեջտեղներին...
Քարտեզը երկար պատմություն է...հնարավոր է որոշ թվականների փոփոխություններ կատարեմ խորագրում:
Դուք ուսանող եք Հայաստանի՞ց:
Լավագույն մաղթանքներով ՙ Պիտեր Բալաքյան»:
Ուրախալի է Բալաքյանի արձագանքը եւ պատրաստակամությունը շտկել իր սխալները: Այնուամենայնիվ, նա հաստատակամ է, որ «Բանկ Օտոմանի» գրավումը պետք է որակել «միջադեպ», քանզի դա «պետական հարձակում չէր»:
Ակնհայտ է, որ նամակս ինչ-որ դեր խաղացել էր: Մասնավորապես Բալաքյանին մանրամասն պատմել էի Տիգրան Մեծի եւ իր որդու պատմությունը ՙ ավելացնելով, որ դա ոչ թե իմ կարծիքն է, այլ մի դաս, որը գիտեն Հայաստանի նույնիսկ կրտսեր տարիքի դպրոցականները: Իսկ քարտեզի առնչությամբ, իրոք, շատ էի զայրացել.
«Պարոն Բալաքյան, դուք ժխտում եք Արտաշեսյանների, Երվանդունիների, Արշակունիների եւ Բագրատունիների հարստությունները...»:
Իսկ ինչո՞ւ որոշ հեղինակների «դավաճան» պիտակավորելուց առաջ չտեղեկացնենք իրենց գրքերում տեղ գտած սխալների մասին: Ինչո՞ւ հաշվի չենք առնում, որ հնարավոր էՙ նրանք համապատասխան գրքեր չեն կարդացել ու տեղեկատվության կարիք ունեն:
Արդյոք Տիգրան Մեծին սպանելով Բալաքյանը գիտակցաբար ծառայություն էր մատուցում որեւէ մեկին: Համոզված եմ, որ ոչ:
Կարծում եմՙ գրողների միությունը սխալված չէր լինի, եթե 2004 թվականի օգոստոս ամսին Պիտեր Բալաքյանինՙ Հայաստանի գրողների միության «Պատվո անդամի» տիտղոս շնորհելուց առաջ, պարոն Բալաքյանին «տեղեկացներ» վերջինիս գրքում տեղ գտած անընդունելի սխալների մասին, ինչքան էլ որ դրանք չիմացության արդյունք են:
ՍԻՄՈՆ ՄԱՂԱՔՅԱՆ, ԱՄՆ