Հոկտեմբերի 15-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ պաշտոնեության հետ հանդիպման ժամանակ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայտնեց, որ մեկնում է Մոսկվա` Ռուսաստանի հայ համայնքի հետ նշելու Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Ալեքսի Երկրորդի ծննդյան 75-ամյակը եւ կատարելու հիմնարկեքը Մոսկվայի Սուրբ խաչ առաջնորդանիստ եկեղեցու եւ թեմի առաջնորդարանի:
Նորին սրբությունը անդրադառնալով նաեւ օրերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցմանը, մտահոգություն արտահայտեց Հայաստանում եւս մեկ տոտալիտար աղանդի գրանցման առնչությամբ: Վեհափառ հայրապետը սխալ եւ անարդար համարեց մեղադրանքները Հայ առաքելական եկեղեցու եւ եկեղեցականության կողմից հոգեւոր քարոզչությունը թերի եւ անկատար իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ անընդունելի` այն հիմնավորումները, որոնցով փորձ է արվում արդարացնելու տոտալիտար աղանդի գրանցումը: «Հայ առաքելական եկեղեցին առաքելություն ունի եւ անկախ ամեն դժվարությունների, իր բոլոր հնարավորություններով պիտի իրականացնի», ասաց Վեհափառ հայրապետը:
Վեհափառ հայրապետը գնահատանք հայտնեց մտավորականներին, քաղաքական գործիչներին եւ բարեպաշտ բոլոր հավատացյալներին այս հարցում դրսեւորած նախանձախնդրության համար: